«Փաստարկներ կան առ այն, որ պետականության մեջ դեր ունենալը որեւէ հանցագործություն չի ներառում»

«Փաստարկներ կան առ այն, որ պետականության մեջ դեր ունենալը որեւէ հանցագործություն չի ներառում»

«Արցախի գործիչների ձերբակալությունները ապօրինի են, քանի որ ի սկզբանե շինծու են գնահատվում նրանց վերագրվող հանցավոր արարքները։ Չճանաչված պետությունում պաշտոն զբաղեցնելը կամ չճանաչված պետության պաշտպանությանը մասնակցելը թույլատրվող գործողություններ են։ Եվ մենք չունենք նախադեպ, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետականությունը ղեկավարելու համար»։ Այս մասին քիչ առաջ «Մեդիա կենտրոնում» հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

«Ավելին, մենք գործ չունենք ապօրինի չճանաչված ռեժիմների հետ, իսկ միջազգային իրավունքում այս սահմանագծերը չափազանց հստակ են։ Բոլոր այն պայմաններում, երբ ինքնորոշման իրավունքն իրացվում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, միջազգային կազմակերպությունները, տարբեր մարմիններ դրան հակազդելու իրավական գործիքներ ունեն։ Օրինակ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն հարցը գնահատելով՝ կարող է որոշել, որ ինքնորոշումը խախտել է միջազգային իրավունքը եւ կոլեկտիվ չճանաչման պահանջ-կոչ ներկայացնել միջազգային հանրությանը։ Անգամ այս պարագայում, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ չճանաչված պետությունը ձեւավորվել է միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներով, անթույլատրելի է համարվել այդ պետականության մեջ դերակատարում ունեցող անձանց հետապնդելը, այն էլ այնպիսի լրջագույն հանցագործության համար, ինչպիսին ահաբեկչությունն է։ Ահաբեկչական կազմակերպությունների կամ անձանց առումով եւս վարվում են ռեգիստրներ։ Արցախի Հանրապետությունը երբեք չի որակվել որպես ահաբեկչական կազմավորում, իսկ այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում։ Մյուս կողմից, մենք գիտենք, որ Արցախի Հանրապետությունը նաեւ օրինական կերպով ներգրավված է եղել տարաբնույթ բանակցություններում։ Եվ բանակցողներն Արցախն ընկալել են որպես լեգիտիմ կողմ եւ այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցն են քննարկել։ Սրանք շատ վառ փաստարկներ են առ այն, որ պետականության մեջ դեր ունենալը որեւէ հանցագործություն չի ներառում։ Եվ եթե վերագրվող հանցագործությունն անառարկայական եւ փաստազուրկ է, այս պարագայում է, որ մենք խոսում ենք կամայական ազատությունից զրկելու մասին»,- հավելեց նա։