Արտերկրում ընդունված ուսանողների հարցով ԿԳՄՍ-ն դիմելու է ԱԳՆ-ին

Արտերկրում ընդունված ուսանողների հարցով ԿԳՄՍ-ն դիմելու է ԱԳՆ-ին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմել էր վարչապետին, տեղեկացնելով, որ  Erasmus+ ծրագրի դիմած Բրյուսովի անվան պետական համալսարանի 3 ուսանողներ Լատվիայում սովորելու համար ընտրվել են, սակայն նրանք ուսման համար չեն կարող մեկնել փակ սահմանների պատճառով։

«Հիմա այս երիտասարդները  ի՞նչ պիտի անեն։ ․․․Բնականաբար, չեն կարողանում նաեւ ելքի վիզա ստանալ։ «Սա մեր կյանքի կարևորագույն ձեռքբերումներից է, մենք ունենք բացառիկ հնարավորություն ստանալու որակյալ կրթություն եւ պիտանի լինելու մեր հայրենիքին։ Բայց այսօր մնացել ենք «օդից կախված»»՝ ինձ գրել է Անգելինան:Աղջիկները դիմել են Վրաստանում Լատվիայի դեսպանությանը,  սակայն, նրանք հրաժարվել են վիզա տրամադրել, քանզի  Վրաստանի հետ Հայաստանի սահմանը փակ է: Դիմել են Մինսկում Լատվիայի դեսպանությանը, սակայն որեւէ պաշտոնական պատասխան չեն ստացել, պարզապես  իրենց ասվել է,  որ այդ դեսպանությունն իրենց  վիզա տրամադրելու լիազորություն չունի:Անգելինան, Տաթեւիկն ու Արեւիկը դիմել են նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը,  եւ կրկին ոչ մի արձագանք։ Դիմել են ԿԳՄՍՆ նախարարին,  էդտեղից էլ իրենց կրկին ուղղորդել են արտաքին գործերի նախարարություն։ Հարցս, պարոն վարչապետ, շատ պարզ է. վստահաբար, այս շնորհալի աղջիկները միակը չեն, որ ընդունվել են եվրոպական բուհեր եւ որպես արտակարգ դրության ռեժիմի հետեւանք՝ փակ սահմանների պատճառով չեն կարողանում գնալ սովորելու»,-գրել է Զոհրաբյանը ու ամփոփել․«Ի վերջո, մենք, որպես պետություն, ունե՞նք թե չունենք պատասխանատվություն այս երիտասարդների հանդեպ։Ինձ, չգիտես ինչու, թվում է, որ մենք մեծ պատասխանատվություն ունենք այս երիտասարդների հանդեպ»։

«Հրապարակին» Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ  Նիկոլ Փաշինյանից որևէ պատասխան չի ստացել։ 

Ինքս էլ ճանաչում եմ  առնվազն մի 5-6 երիտասարդի, որոնցից մեկն ընդունվել է Փարիզի համալսարան, մյուսը՝ Մյունխենի տեխնիկական համալսարան և նույն վիճակում են։
Ինչպես տեղեկացանք՝ Հայաստանում Եվրոպական պատվիրակության կայքում «Էրազմուս+» ծրագրին վերեբերող տեղեկույթից՝ Հայաստանյան բուհերի մասնակցությամբ 2019թ-ին ներկայացվել է 174 հայտադիմում, ընդհանուր՝ 2015թ-ից սկսած՝ 626․ որոնցից  506-ը ընտրվել է ֆինանսավորման՝ ապահովելով 81,5% հաջողության ցուցանիշ։ Այս ծրագրերի մեծ մասը իրականացվում են  իսպանական և իտալական  բուհերի հետ համագործակցությամբ:
ԿԳՄՍ Հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանին հարցրեցինք՝ լինելու՞ է որևէ միջամտություն նախարարության կողմից։ Նա ասաց, որ ուսանողներից մեկից ստացված դիմումի հիման վրա նախատեսում են դիմել ԱԳՆ-ին։
 
Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում հայաստանյան բուհերը համագործակցում են նաև Լեհաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Չեխիայի, Խորվաթիայի, Լատվիայի, Լիտվայի, Թուրքիայի, Միացյալ Թագավորության, Ֆինլիանդիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Մալթայի, Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ։