Դու սկի ամոթ չունե՞ս

Դու սկի ամոթ չունե՞ս

Լսում եմ նախօրեին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ելույթն ԱԺ-ում եւ մտածում եմ՝ տեսնես այս ելույթը լսող մարդիկ հասկանո՞ւմ են, թե ինչ խորամանկությունների է դիմում ելույթ ունեցողը՝ իր խոսքի հանդեպ վստահություն ներշնչելու, իր արարքներն արդարացնելու համար։

Զգո՞ւմ են, թե ինչքան հակասություն կա նրա խոսքի մեջ, եւ ինչքա՜ն հակափաստարկ կարելի է բերել յուրաքանչյուր արտաբերած մտքին։ Օրինակ, հասկանո՞ւմ են, որ օգտագործելով իր ողջ հռետորական ձիրքը՝ ինչպես է փորձում հայ հանրությանը սարսափեցնել նոր պատերազմի վտանգով եւ այդ պատերազմի հեռանկարը փաթաթել ընդդիմության վզին, այն դեպքում, որ հենց իր վերարտադրությունն է խիստ մեծացնում պատերազմի հավանականությունը։ Միաժամանակ ընդդիմությանը սադրում է, ասելով՝ դե, հայտարարեք, որ հրաժարվելու եք նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Հասկանալի է, որ ճաշը եփել է եւ հիմա փորձում է դրանից երկակի օգուտ քաղել՝ դաշնակիցներին ներշնչել, որ միայն ինքն է այդ համաձայնության երաշխավորը։

Պատերազմից սարսափած հանրությանը համոզում է, թե ընդդիմությունը պատրաստվում է նոր պատերազմի մեջ ներքաշել երկիրը, իսկ ամոթալի համաձայնությունից վրդովված հայրենասերներին՝ որ ձեր ընդդիմությունը չի էլ պատրաստվում հրաժարվել այդ փաստաթղթից։ Եվ ինչքա՜ն հմտորեն է շրջում խոսակցությունը՝ գաղտնի բանակցություններից անցնելով գաղտնի բանակցությունների հրապարակման թեմային եւ նախահարձակ լինելով։ Է՛լ սեւացրած տողերով փաստաթուղթ, որն Ադրբեջանից է ստացվել, է՛լ աշխատանքային քննարկումներ, որոնց բովանդակությունը հրապարակելն ամոթ է, է՛լ Հայաստանի շահերից բխող բանակցություններ, որի արդյունքում Արծվաշենն են վերադարձնելու մեզ։ Պապս նման դեպքերում ասում էր՝ «թու, աննամուս, դու սկի ամոթ չունե՞ս»։