«Թավշյա հեղափոխությունն» ու մասնակցային կառավարումը

«Թավշյա հեղափոխությունն» ու մասնակցային կառավարումը

Ռոբասերժական իշխանության տարիներին հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) արևմտյան դրամաշնորհներով փորձում էին պահանջատեր հասարակություն ձևավորել Հայաստանում: Դա այն է, երբ իշխանության (պետական և հատկապես տեղական իշխանության) գործունեությանը հետևում են ակտիվ քաղաքացիների խմբերը: Արևմտյան ժողովրդավարության այդ մոդելը ենթադրում է կառավարման համակարգի թափանցիկության, մի կողմից, և մասնակցային կառավարման առկայություն՝ մյուս կողմից: Նպատակին հասնելու համար թե՛ դրամաշնորհ ստացող ՀԿ-ները և թե՛ դրամաշնորհ տրամադրող միջազգային կազմակերպություններն ու արտերկրյա կառավարությունները համագործակցում էին Հայաստանի կառավարության հետ: Կիսավտորիտար իշխանությունների բարեփոխմանը միտված այդ մոդելը հիմնականում իմիտացիոն կիրառում էր գտնում վերևներում, իսկ ներքևում ձևավորում էր ոչ թե համագործակցային, այլ զուտ քննադատական մոտեցում: Արդյունքում Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչ-որ ժամանակ անց մերժվեց, իսկ մերժողները հիմնականում (Նիկոլի ՔՊԿ-ից բացի) հենց այդ ակտիվիստներն էին:

Ինչևէ, տեղի ունեցավ «թավշյա հեղափոխություն» կոչվածը, և փակվող փողոցների պարտադրմամբ վարչապետ կարգված Նիկոլը խոստացավ Հայաստանը վերածել «ժողովրդավարության բաստիոնի»: Նիկոլի պատկերացմամբ դա ենթադրում էր անմիջական ժողովրդավարության հաստատում, իսկ Երևանի Հանրապետության հրապարակը հռչակվեց «ագորա» (հին հունական քաղաքի՝ պոլիսի կենտրոնում գտնվող շուկայական հրապարակ, որտեղ տեղի էին ունենում դեմոսի՝ ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցող քաղաքացիների, ժողովները): Ասվեց նաև, որ այսուհետ բոլոր կարևոր որոշումներն ընդունվելու են հենց հայկական «ագորայում»: Իհարկե, ինչպես ասվեց, այնպես էլ մոռացվեց այդ խոստումը: Տեսականորեն նույնիսկ հնարավոր չէր ավելի քան երկու ու կես միլիոն ՀՀ քաղաքացիներին հավաքել մեր «ագորայում», կազմակերպել քննարկում և ընդունել որոշումներ: Սակայն կարևորը ոչ թե գաղափարի իրատեսական լինելն էր, այլ շարքային քաղաքացիներ «հպարտությունը», որ իրենց շնորհիվ իշխանություն ստացած Նիկոլը շարունակում է գնահատել իրենց: Մի բան, որ նախկինում երբևէ տեղի չէր ունեցել: 

Այդ համոզումն ամրապնդվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ի գիշերը, երբ Նիկոլը կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի բակում, որպեսզի խոչընդոտեն նախկինների կողմից կառավարվող խորհրդարանի կողմից «հակահեղափոխական» օրենքի ընդունումը: Հեղափոխական էյֆորիայի դեռևս բարձր մակարդակում կոչն արձագանք գտավ, և հավաքվեց մի քանի տասնյակ հազար մարդ: Նույնը Նիկոլը փորձեց կրկնել 7-8 ամիս անց՝ կոչ անելով շրջափակել դատարանները, որոնք համարձակություն էին դրսևորել դեմ գնալու նրա կամայականություններին (մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ ազատվել էր կալանքից): Սակայն այս անգամ, ի տարբերություն նախորդ տարվա հոկտեմբերի 2-ի, բոլոր դատարանների առջև հավաքվեց ընդամենը հազարից մի փոքր ավելի մարդ, և դա տեսնելով՝ Նիկոլը մեկ-երկու ժամից հայտարարեց ակցիան դադարեցնելու մասին:

Կեղծ մասնակցային, ավելի ճիշտ՝ ընդամենը հանրահավաքային մեկ-երկու ակցիաներից հետո մասնակցային կառավարման դրույթն ամբողջովին մոռացվեց: Իսկ հայկական «ագորան» ավելի վաղ էր մոռացվել: Ճիշտ այնպես, ինչպես «թավշյա հեղափոխության» սկզբում Նիկոլի կողմից անընդհատ հիշատակվող կախարդական փայտիկը, որի միջոցով Նիկոլը Հայաստանը վերափոխելու էր դրախտավայրի: Սակայն ո՛չ մասնակցային կառավարման և ո՛չ էլ «ագորայի» մոռացվելը՝ էլ չասած  կախարդական փայտիկի չգոյությունը, որևէ ձևով չազդեց արևմտյան դրամաշնորհներով գեներացված պահանջատեր հասարակության լռության վրա: Փաստորեն ստացվեց, որ այդ հասարակությունը ձևավորվում էր նախկին իշխանությունների դեմ պայքարելու և ոչ թե ընդհանրապես իշխանությունների առջև սեփական իրավունքները պաշտպանելու նպատակով: Կամ էլ «թավշյա հեղափոխությունից» հետո մարդկանց բոլոր իրավունքներն այլևս պաշտպանված էին (՞՞՞) և մտահոգվելու կարիք չկար:

Պահանջատեր հասարակության բաղադրիչներից մնաց թափանցիկությունը: Պետական մակարդակում այդ առումով որպես բացասական զարգացում էր դիտարկվում ՀՀ կառավարության նիստերի փակվելը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: Նիկոլի գալով նիստերը բացվեցին, սակայն երկու տարի անց բաց նիստերի օրակարգի գերակշիռ մասը՝ մոտ 90 տոկոսը չքննարկվող, գաղտնի հարցերն են: Պետք էր լինել «ժողովրդավարության բաստիոնի» հիմնադիր, որպեսզի բացես կառավարության նիստերը, բայց հարցերի մեծ մասը փակես՝  դարձնելով չքննարկվող: Ի դեպ, իրական թափանցիկությունը «թավշյա հեղափոխությունից» հետո վերածվեց մանիպուլյատիվ թափանցիկության: Դրա տիպիկ դրսևորումը Նիկոլի ֆեյսբուքյան «լայվերն» էին՝ բազմիցս կրկնվող սիրո և խոնարհումի «խոստովանություններով»: Գրագետ մարդկանց համար տհաճ այդ «խոստովանությունները» իսկական տոն էին Նիկոլի կողմից զոմբիացված կենսազանգվածի համար: Հիշենք, թե մանիպուլյատիվ թափանցիկության և սիրո ու խոնարհումի «խոստովանությունների» ինչպիսի տոն էին նախագահականի, կառավարության և  կառավարության «դաչաների» պատկերային «լայվերը» երեք տարի առաջ:  

Մասնակցայնության և թափանցիկության իրական հակատոն էր պատերազմի ընթացքում մեր հաղթանակի վերաբերյալ պաշտոնական հաղորդումների և նոյեմբերի 10-ի խայտառակ պարտության հայտարարության միանձնյա ստորագրման փաստը: Երևույթ, որ դժվար ընկալելի էր թե՛ 2020 թվականի նոյեմբերի 10-ին և թե՛ պատերազմի ավարտից կես տարի անց: Դա ոչ միայն կոնկրետ երևույթների բացակայության հանգամանք էր, այլև նիկոլական «հեղափոխության» միակ իրական ձեռքբերման՝ նրա նկատմամբ հավատի և ընդհանրապես իշխանության նկատմամբ վստահության կորուստ: Բայց, ինչպես երևում է, դա զգոնություն չառաջացրեց նրա և իշխանության այլ դերակատարների շրջանում, քանի որ տեղեկատվություն թաքցնելու միտումը, ինչն արդեն կարելի է մոլուցք համարել, դրսևորվեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորների կողմից ՀՀ սահմանը հատելու և մի քանի կիլոմետր թափանցելու վերաբերյալ հաղորդագրային մանիպուլյացիաներում: Հիշենք՝ սկզբում ԶԼՄ-ների լրատվությունը հերքվեց, իսկ հետո ստիպված ընդունվեց, ու միայն գիշերվա կեսին հրավիրվեց Անվտանգության խորհրդի նիստ:  

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նախկինների օրոք ՀԿ-ների կողմից արևմտյան դրամաշնորհներով Հայաստանում պահանջատեր հասարակություն ձևավորելու փորձերը «նիկոլական ժողովրդավարության» պայմաններում լիակատար ձախողում կրեցին: