Խփեք զինվորի գրպանին, եւ նա խելոք կմնա

Խփեք զինվորի գրպանին, եւ նա խելոք կմնա

Երեկ ԱԺ-ում մի ուշագրավ հարց էր քննարկվում: ՊՆ-ն եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը միահամուռ ուժերով առաջ էին բրթում զինծառայողներին տույժ-տուգանքներ նշանակելու մասին մի օրինագիծ, որը, իմ կարծիքով, անհրաժեշտ դիմադրության չարժանացավ ընդդիմության կողմից: Ասել է թե՝ ԱԺ հիշատակված հանձնաժողովն ու ՔՊ-ական երեսփոխաններն առաջին ընթերցմամբ շրխկալով ընդունեցին առաջարկված փոփոխությունները, որոնց մի մասը, իմ կարծիքով, ոչ այնքան բանակում կարգապահության բարձրացմանն էր ուղղված, որքան զինծառայողի կամ նրա ծնողների գրպանին խփելու սուրբ գործին:

Պարզվեց, օրինակ, որ եթե ծառայության ժամանակ զինվորը վնասում է համազգեստը, պարտավոր է անձամբ կամ իր ծնողների միջոցով ձեռք բերել նորը: Այո, փող տալ եւ առնել, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիներն են հագուստ գնում մոլերում ու տոնավաճառներում: Առաջարկվեց նույնիսկ այդ նպատակով զորամասում խանութ բացել, ինչից որոշակի եկամուտներ կունենա նաեւ ՊՆ-ն: Շատ ներողություն, պաշտպանության փոխնախարար պարոն Արման Սարգսյան, բայց Դուք, հավանաբար, տեղյակ չեք, որ Ձեր եւ շարքային զինծառայողների ծառայության պայմանները միանգամայն տարբեր են: Մի բան է՝ հետույքը պադավատի մեջ դրած ՊՆ հասնելը, մեկ այլ բան՝ զինվորական «Ուրալով» լեռնային կածանները հաղթահարելը, մի բան է՝ գործից հետո համազգեստը պահարանում խնամքով կախելը, մեկ այլ բան՝ այդ համազգեստով ցելոֆանի տակ օրերով քնելը: Ես հասկանում եմ, իհարկե, որ երկու զինծառայող չեն կարող համազգեստը կրել միանման խնամքով, բայց ողջ հասարակությունն է այդպիսին:

Չես գտնի երկու մարդու, որոնք նույն արտադրողի վերնաշապիկը կամ կոշիկը հագնեն ուղիղ 3 ամիս: Մեկի մոտ կոճակն է թուլանում, որովհետեւ մատները վարժ չեն կոճկում այն, մյուսի մոտ կրունկն է մաշվում շատ արագ, որովհետեւ քստքստալով է քայլում: Բանակում էլ մարդիկ տարբեր են, ու չես կարող նրանց պարտադրել, որ մեկ ձեռք փոխնորդը մաշեն նույն ժամանակահատվածում: Դե՝ տռուսիկ ա, նրանք էլ մեր երեխաներն են, հիմա մեկի մոտ շուտ է ծակվում, մյուսի մոտ՝ ավելի ուշ: Դրա համար տանք տրիբունա՞լ, «աշխատավարձի՞ց» պահենք, ստիպենք, որ գնա զորամասի խանո՞ւթ կամ նամակ գրի ծնողին, թե՝ մամ ջան, պապային ասա՝ ինձ համար տռուսիկ առնի կամ իր տռուսիկներից մեկը շտապ բերի զորամա՞ս:

Ես այնպես ընկալեցի երեկվա քննարկումը, որ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի զինվորը պետության վրա հնարավորինս էժան նստի: Սա քննարկման հարց է, իհարկե, բայց մյուս կողմից էլ նկատելի էր, որ ՊՆ-ն եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովն առաջնորդվել են բացառապես «շնից մազ պոկելը խեր է» հայտնի սկզբունքով:

«Ծիպը»՝ սիրելի ծնողներ, զինվոր եք տալիս բանակին, բարի եղեք՝ մեկուկես տարի նրա հագուկապը տեղը պահել: Բայց սա ճիշտ մոտեցում չէ: Մեր երեխաները կրակը չեն ընկել, որ զինծառայությունն օրենքով պարտադիր է, եւ բոլորը պետք է ծառայեն բանակում: Այդ նույն օրենքով նաեւ բանակը, իսկ այս դեպքում պետությունը պարտավորություններ ունի զինծառայության անցած ՀՀ քաղաքացու հանդեպ: Ես չլսեցի որեւէ ելույթ այն մասին, որ ամոթ է, եղբայր, ինչպե՞ս կարելի է զինվորի «աշխատավարձի» 5 տոկոսը պահել, ենթադրենք, պատռված հագուստով շարք կանգնելու համար: Իր զինվորին գնահատող պետությունը նախ կհետաքրքրվեր, թե ինչ է պատահել, եւ, անկախ ամեն ինչից, այդ զինվորին կտաներ պահեստ ու նոր համազգեստ կտար: Փող չունե՞ք… Ծիծաղելի հարց է, այնպես չէ՞:

Սմարթֆոններն արգելելու հարցը, կարծես, կոնսենսուսի արժանացավ: Բոլորը կողմ էին, որ մեր զինվորների մոտ ինտերնետ հասանելիության սարքեր չլինեն, քանզի դրանց միջոցով թշնամին կարողանում է տեղորոշել մեր երեխաներին, կապի մեջ է մտնում նրանց հետ, նրանք էլ, որը՝ գիտակցաբար, որը՝ միամիտ, տեղեկություն են փոխանցում հակառակորդին: Ես նույնպես կողմ եմ բանակում եւ հատկապես առաջնագծում սմարթֆոնների արգելքին, բայցեւ չեմ կարծում, որ զինվորի մոտ սմարթֆոն հայտնաբերելու դեպքում նրան պետք է «դիսբատ» նստեցնել: Վերջապես՝ 21-րդ դարն է դրսում, եւ վհուկների որսն այլեւս ակտուալ չէ: Պարոն Արման Սարգսյան, ճիշտ է, Դուք ՊՆ-ի հնաբնակներից չեք, բայց կարո՞ղ եք նշել մի դեպք, երբ Հայոց բանակի համապատասխան ստորաբաժանումները երբեւէ տեղորոշած լինեն սմարթֆոն ունեցող ադրբեջանցի որեւէ զինծառայողի: Ահավասիկ, խոստովանում եք՝ մենք սմարթֆոնները հավաքում ենք, ծնողները նորից բերում են, չգիտենք ինչ անենք… Իսկ դուք մի հավաքեք, պարզապես այնպիսի սարքեր գնեք ու տեղադրեք, որ մեր երեխաների սմարթֆոնների «սիգնալները» խլացվեն հակառակորդի համար: Այս մասին, կարծես, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խոսեց, ինչից ենթադրում եմ, որ Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ձվահարումն իզուր չի անցել: Կեցցես, պարոն Սիսակ, անհատական սմարթֆոնն իսկապես անհրաժեշտություն է, հատկապես թշնամու կողմից կապի հիմնական միջոցների ոչնչացման պարագայում:

Առաջին ընթերցմամբ, կարծես, որոշեցին, որ կարգապահական վաշտում զինվորի անցկացրած ժամանակը որպես ծառայության ժամկետ չի հաշվարկվելու: Սա ուղղակի աբսուրդ է, եթե չասեմ՝ խելագարություն: Ենթադրենք՝ զինվորը ոչ թե կարգ է խախտում, այլ, հեռու իրենից, հիվանդանում է ու պառկում հոսպիտալում: Հրամայեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Հավանաբար կասեք՝ դա հարգելի պատճառ է եւ ծառայության ժամկետի փոփոխություն չի կարող լինել: Իսկ ո՞վ ասաց, որ զորամասից բացակայության հարգելի պատճառ չէ զինվորի՝ դիսբատում գտնվելը: Կարելի է մտածել՝ զինվորն է իրեն փակել կարգապահական վաշտում եւ ոչ մեկին ներս չի թողնում, որ իրեն տանեն զորամաս: Մեր կյանքում քիչ չեն դեպքերը, երբ իրավապահները որպես խափանման միջոց ընտրում են կալանքը, թեեւ խափանման միջոցներ շատ կան: Դա շատ նման է զինվորին «դիսբատ» մտցնելուն: Բայց զինվորին կարգապահական վաշտ տանելու համար հաճախ բավարար է նաեւ մեկ սպայի «ռապորտը», որ կարող է նաեւ չքննարկվել ու չբողոքարկվել: Բայց կարող էր, չէ՞, լինել այլ տույժ, օրինակ՝ 20 հատ ժիմ, 10-15 շրջան վազք, 3 ժամ արգելքների հաղթահարում, ծառայակիցների առջեւ ներողություն խնդրելու պարտադրանք: Արժե՞ հանուն «դիսբատի» մոռանալ, որ նրանք ընդամենը 18-20 տարեկան տղաներ են, իսկ բանակը նաեւ դաստիարակող պետք է լինի: Բայց արի ու տես, որ ՀՀ իշխանությունները, Հայոց բանակի հրամանատարությունը, ՊՆ-ն եւ ԱԺ համանուն տխրահռչակ հանձնաժողովն ուզում են հա՛մ զինվորին տանել «դիսբատ», հա՛մ էլ բացակա նշանակել ու երկարաձգել նրա ծառայության ժամկետը: Իսկ թե «դիսբատից» դուրս եկած զինվորն ինչպես կծառայի «դիսբատ» չտեսածների կողքին, դա էլ արդեն այլ խոսակցության թեմա է: