Պատերազմն իր ապաշնորհ քաղաքականության շարունակությունն է

Պատերազմն իր ապաշնորհ քաղաքականության շարունակությունն է

Երբ երկրի ղեկավարի աթոռին նստածը  հայտարարում է, որ գյուղերը պիտի տանք, որ պատերազմ չլինի, դա նշանակում է, որ նա ներկայացնում է վեց տարվա իր քաղաքականությունը։ Պարտադիր չէ, որ նա ասի՝ իմ իշխանությունը ապիկար, ապաշնորհ է, պարտադիր չէ, որ նա ասի Հայաստանը դժոխային վիճակի հասցնողը ես եմ։  Այդ  մի հայտարարությունն ամբողջացնում ու հանրությանն ի տես է դարձնում, որ ինքը վեց տարի ջուր է ծեծել։ Ջուր ծեծելու բացատրությամբ չեմ զբաղվելու, որովհետև հայ ժողովուրդը ինչքան նրան հիշի, հիշելու է ընտանյոք հանդերձ անպտուղ տուրիստական շրջագայությունների ինքնաթիռում։ Անպտուղ, որովհետև իր քաղաքականության շարունակությունը պատերազմն է։ Ու նա դա հաստատում  է՝ տվեք ձեր տարածքները, այլապես ձեր ձեռքից կվերցնեն։

Դա նույնն է, որ նա կանգնի Ոսկեպարում ու ասի՝ ժողովուրդ, ես պարտված եմ, ես ի վիճակի չեղա ձեզ հասցնել խաղաղ հանգրվանի։ Ես Արցախն անգամ նվիրեցի թշնամուն, բայց նա չկշտացավ։ Նա հիմա Հայաստանն է ամբողջությամբ է ուզում։ Ես մաս- մաս եմ հանձնում, որ մի քիչ էլ երկար վայելեք ձեր տները, որ մի քիչ էլ ես վայելեմ իշխանությունը։ Նա պատերազմով ժողովրդին ահաբեկում ու  խոստովանում է իր ապաշնորհությունը, սեփական հողի բույրը զգալու անկարողությունը։ Նորից եմ հիշեցնում՝ պատերազմն իր վարած ապաշնորհ քաղաքականության շարունակությունն է։ Նա իր քաղաքականությամբ տեղ չի թողել այլ միջոցի, միակ միջոցը մնացել է զենքը։ Եվ սոսկալին այն է, որ զինվում, դաշնակիցներ է փնտրում միայն թշնամին, ինքը տիկ-տոկյան դասընթացներով ու ժողովրդին թմրեցնելու գործողություններով է զբաղվում․․․ Պատերազմի գիտակներն ասում են, որ նույնիսկ հաղթական պատերազմը չարիք է, որը պետք է կանխվի  պետական իմաստությամբ։ Հայաստանում պետական իմաստությունը, երկրի անվտանգության ապահովումը մեռավ այն օրվանից, երբ իշխանության եկան ինչ- ինչ ուժեր, ինչ- ինչ նպատակներով։ Ոչ մի ժողովուրդ պատերազմ չի ուզում։ Նույնիսկ Ադրբեջանը խուսափում է պատերազմից և ինչպես Ալիևն է ասում, Ադրբեջանը քայլելով է մտնելու Հայաստան։ Այդ նախադասությունը մահ է Հայաստանի իշխանության համար։ Դա յուրօրինակ բացահայտում է, որ Ադրբեջանին թույլատրված է անել այն, ինչ պատերազմով պիտի աներ։ Ինչու՞ ավելորդ փորձության ենթարկվի, երբ Նիկոլ Փաշինյան կա։ Եթե այս ամենի մեջ խճճված չլիներ Նիկոլ Փաշինյանը, վաղուց հրաժարական տված կլիներ։ Բայց նա մնում է, որովհետև պիտի իրագործի այն, ինչ խոստացել է։