Որքան արժեն աշխարհի առաջնության տոմսերը․ Կատար 2022-ին ընդառաջ

Որքան արժեն աշխարհի առաջնության տոմսերը․ Կատար 2022-ին ընդառաջ

Հաշված օրեր անց՝ նոյեմբերի 20-ին, Կատարում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը, թվով 22-րդը։ Այն տևելու է 29 օր։ Սա կլինի առաջին դեպքը , որ Աշխարհի գավաթը անցկացվում է Արաբական աշխարհում և առաջին անգամ մահմեդական մեծամասնությամբ երկրում։ Աշխարհի հերթական առաջնությանը մասնակցելու է 32 հավաքական, որն, ի դեպ, վերջին դեպքն է, 2026 թվականից սկսած ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու հնարավորություն են ունենալու 48 երկրների ազգային հավաքականներ։ Քանի որ Կատարում ամռանը սաստիկ շոգ է, որոշվել է այն անցկացնել նոյեմբերի վերջին և դեկտեմբերի առաջին կեսին։

Կատարի հասցեին բազմաթիվ կոռուպցիոն մեղադրանքներ են հնչել այս առաջնության անցկացման իրավունքը ձեռք բերելու վերաբերյալ, սակայն ՖԻՖԱ-ն պաշտոնապես մերժել է բոլոր մեղադրանքները, թեպետ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպպ Բլատերը 2018-ին խոստովանեց, որ Կատարը օգտագործել է «սև խողովակները»՝  ազդելով կոմիտեի որոշումների վրա։ Կատարը նաև բազմաթիվ քննադատությունների է արժանացել առաջնությանը նախապատրաստվելու համար վարձած օտարերկրյա աշխատողների իրավունքների խախտման համար։

Ինչևէ, ոչինչ փոխել հնարավոր չէ, ֆուտբոլասերներին այս փաստերն էլ չեն էլ հետաքրքրում, աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր ֆուտբոլասերի համար ամենահետաքրքրիր մրցաշարն է։ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը մեկնարկելու է Կատար-Էկվադոր հանդիպմամբ։ Բացման արարողությանն ու Կատար 2022-ի անդրանիկ հանդիպմանը ներկա գտնվելու համար պետք է վճարել նվազագույնը 600 եվրո, սրանք ամենաէժան տոմսերն են։ Խմբային փուլի յուրաքանչյուր խաղի տոմս տարբեր գին ունի՝ պայմանավորված խաղի հետաքրքրությամբ, տվյալ երկրների ազգային հավաքականների հեղինակությամբ։ Արգենտինա-Սաուդյան Արաբիա հանդիպման ամենացածր դասի տոմսերի համար պետք է վճարել մոտ 300 եվրո, մարզադաշտում ավելի լավ տեղ զբաղեցնելու համար ֆուտբոլասերները ստիպված կլինեն վճարել մինչև 1000 եվրո։ Խմբային փուլից հետո կայանալիք մյուս բոլոր հանդիպումների տոմսերը բնականաբար ավելի թանկ են։ Կիսաեզրափակչի տոմսերն, օրինակ, սկսում են միայն 1000 եվրոյից։ Եզրափակիչ հանդիպման տոմսերի գները սկսում են 2800 եվրոյից ու հասնում 9 հազար եվրոյի։ Դեպի Կատար ինքնաթիռի տոմսերը ևս թանկացել են։ Մոտակա օրերին ուղիղ չվերթով Երևանից Կատար մեկնելու տոմսերի գները սկսվում են 420 հազար դրամից։