Ամռանը գցած ասֆալտն արդեն քանդում են, որ թերությունները վերացնեն

Ամռանը գցած ասֆալտն արդեն քանդում են, որ թերությունները վերացնեն

Կառավարության  կողմից առանց մրցույթի, մեկ անձից գնման կարգով փռած ասֆալտը տեղ-տեղ քանդում են․ Սյունիքից մեզ ասացին, որ պատճառը ասֆալտի որակն է։ Դեռեւս ամռանը Մ2 ճանապարհի Տաթեւ-Աղվանի 17,5 կմ երկարությամբ հատվածի շինարարական աշխատանքների կատարումն այն ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մեկ անձից գնման կարգով հանձնել էր «Ոսմար» ՍՊԸ-ին, որը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Ներսես Ոսկանյանին, մինչդեռ «Պետական գնումների մասին» օրենքը պարտադրում է, որ պետական գնումներն արվեն մրցութային եղանակով, որի արդյունքում ենթադրվում է, որ կընտրվի լավագույն առաջարկը։

Այդ աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել էր 2.7 միլիարդ դրամ։ Երեկ Սյունիքից ահազանգ ստացանք, որ արտոնյալ պայմաններով արված ու հնարավոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող ասֆալտը, պարզվել է, որ անորակ է, եւ ճանապարհը տեղ-տեղ քանդում են, որպեսզի նորից կառուցեն։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք «Ոսմար» ՍՊԸ տնօրեն Հարություն Ոսկանյանի հետ, ով նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի որդին է։ Հարցրինք՝ ինչո՞ւ են ասֆալտը քանդում, ինչպե՞ս է պատահել, որ անորակ է ստացվել։ Ոսկանյանը վստահեցրեց՝ ասֆալտն անորակ չէ։

«Չէ, տեղ-տեղ չեն քանդում, մեր հատվածում չեն քանդում՝ նախ, ուրիշ հատվածում են քանդում, բայց մեր հատվածում էլ, քանի որ նոր կառուցվող ճանապարհ է, տեղեր կան, որ խնդիրներ կան հիմքերի․․․, ոչ թե կառուցվող հիմքերի, այլ ստորին շերտերի գրունտների խնդիրներ կան, բայց քանի որ գործի որոշակի հատվածը մյուս տարի պիտի արվի, ամեն ինչ վերականգնվելու է եւ վերջնական կառուցվի»,- ասաց ընկերության տնօրենը՝ ըստ էության հաստատելով լուրերը, որ նոր գցված ասֆալտը քանդվում է, որպեսզի նորից արվի։ Հարցրինք՝ ասֆալտի որակի հետ կապված խնդիր չկա՞։

«Չէ, չէ, այնտեղ սողանքի հատվածներ կան, որոնք աշխատանքները կատարելիս են ի հայտ եկել, համարյա զրոյից կառուցվող ճանապարհ է, ցանկացած տեղ էլ այդպիսի խնդիրներ լինում են, բայց, փառք Աստծո, գործը փոխանցիկ է, այսինքն՝ ճանապարհի վերջին շերտը մյուս տարի պիտի արվի, որն անելուց առաջ բոլոր թերությունները պիտի վերացվեն, ամեն ինչ վերականգնվի, որպեսզի իդեալական ճանապարհ ստանանք»,- պատասխանեց Ոսկանյանը։ Այսինքն՝ գրունտի լիարժեք ուսումնասիրություն նախապես չի կատարվել, եւ, այսպես ասած, փակ աչքերով ասֆալտ են արել ու կանգնել փաստի առաջ։

Նրանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ճանապարհի կառուցումը մեկ անձից գնման կարգով կառավարությունը հենց իրենց ընկերությանն է հանձնել։ «Դե, գնման ընթացակարգն է այդպիսին, միայն ես չեմ, գնհարցում են անում, գնառաջարկներ ենք անում, ինձ հարցում է եկել, ես գին եմ առաջարկել։ Կարող է ուրիշ կազմակերպությունների է՞լ են գնհարցում արել․․․, ես չգիտեմ, թե իրենց մոտ այդ ընթացակարգն ինչպիսին է, այնպես չէ, որ ինձ ասել են՝ արի այս գործը դու արա։

Ասել են՝ ի՞նչ գնով եք անում, գին առաջարկեք, մենք էլ գնման ընթացակարգով գին ենք առաջարկել։ Չգիտեմ՝ գուցե այլ կազմակերպություններ էլ են գին առաջարկել, երեւի ընթացակարգն էլ մեկ անձից գնման կարգով են արել, որովհետեւ հրատապություն է եղել, որ ճանապարհը հնարավորինս շուտ երթեւեկելի դառնա։ Դուք տեղյակ եք, թե ինչու այդ ճանապարհի կարգավիճակն այդպիսին դարձավ, եւ ինչու պետք է այդպես արագ արվեր, եւ արագ էլ արվել է, համենայնդեպս, այս պահի դրությամբ հասցրինք ճանապարհը բացել»։ Հարություն Ոսկանյանին նաեւ հարցրինք՝ իրենց կառուցած ճանապարհը կարո՞ղ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհին պատշաճ փոխարինել։ Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը զավթել են ադրբեջանցիները, մաքսակետ են տեղադրել, եւ այն այլեւս չի շահագործվում։

«Դրա համար ուրիշ ճանապարհ էլ են կառուցում, որպեսզի հնարավորինս պարամետրերով համապատասխանի միջպետական ճանապարհին, բայց դե ի՞նչ արած, իրավիճակն է այդպես եղել»,- պատասխանեց Հարություն Ոսկանյանը։ Նրա հայրը՝ Նելսոն Ոսկանյանը, հիշեցնենք, Գորիսի համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է 14 տարի՝ 2000-2014 թվականներին։ 2014թ․ նոյեմբերի 24-ին Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 310 հոդվածով։

Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Նելսոն Ոսկանյանը, հանդիսանալով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը եւ անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական՝ 729 հազար դրամի վնաս: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Նելսոն Ոսկանյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 4 տարի ժամկետով, եւ 300 հազար դրամ տուգանք։ Դատախազությունն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարանում, սակայն վերջինս օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումն ու մերժել վերաքննիչ բողոքը։