Քրդատի այս փոփոխություններից հետո մեր դատարանը ԽՍՀՄ դատարանից էլ վատն է դառնալու

Քրդատի այս փոփոխություններից հետո մեր դատարանը ԽՍՀՄ դատարանից էլ վատն է դառնալու

Դեռեւս փետրվարից, երբ շրջանառության մեջ դրվեցին քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխությունները, հայտարարվեց, որ դրանք արվում են գործերը ժամանակին քննելու, մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացման նպատակով: Գործնականում, սակայն, դրանք հակաիրավական փոփոխություններ են, խաթարելու են մարդկանց պաշտպանական իրավունքը, իսկ դատաքննությունը վերածվելու է ձեւական պրոցեսի: 
Մասնավորապես, անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանը կարող է, որպես սանկցիայի նոր տեսակ, սահմանափակել նրա որոշ դատավարական իրավունքները: Այս լրացումը խեղկատակության է վերածելու դատական պրոցեսը՝ այն դարձնելով խորհրդայինից էլ վատը:

Անգամ միջնորդություն ներկայացնելու, քրեական գործից նյութեր արտագրելու,  դատավորի բացարկը պահանջելու համար են սանկցիաներ սահմանվում: 314-րդ հոդվածի լրացված՝ 4-րդ կետի համաձայն, դատական սանկցիա կարող է կիրառվել հետեւյալ իրավունքները «պարբերաբար չարաշահելու դեպքում». «Միջնորդություն հարուցելը, բացարկ հայտնելը, քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար նյութեր ներկայացնելը, քրեական գործի նյութերին ծանոթանալը եւ դրանցից ցանկացած ծավալի տեղեկություն դուրս գրելը, ելույթ ունենալը, պաշտպանից հրաժարվելը, պաշտպանի լիազորությունները դադարեցնելը»: Այս բոլոր գործողությունները, որոնք ապահովում են կողմի արդյունավետ պաշտպանությունը, դատարանը կարող է ուղղակի արգելել:  

Ի՞նչ միջոցներ են մնում փաստաբանի արսենալում, եթե այս ամենը դատավորի քմահաճույքով կարելի է արգելել: «Փորձում են անել այնպես, որ պաշտպանական կողմը հնարավորություն չունենա լիարժեք մասնակցելու դատաքննությանը»,- ասում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։- Պաշտպանական կողմից չարաշահում, կարելի է ասել, չի էլ լինում: Այս պահի դրությամբ, դատական նիստերի գերակշիռ մասը տեղի չի ունենում դատախազների պատճառով: Նրանք չեն գալիս նիստերի: Լավ, ասենք, պաշտպանական կողմի վարքագիծը դիտեցին որպես չարաշահում, բա մեղադրանքի կողմինն ի՞նչ պետք է անեն: Եթե վարույթից հեռացվեց, նոր դատախազ եկավ, նա էլ ժամկետ է ուզելու, դառնում է մի հատ նոր կարուսել: Փոխանակ բարեփոխեն, չարեփոխում են»: 
Անգամ միջնորդություն անելու իրավունքն է սահմանափակվում, հնարավո՞ր է արդյոք նման պայմաններում արդյունավետ պաշտպանություն իրականացնել: «Այս օրենքը չի աշխատելու: Դա ընդամենը հնարավորություն է տալու սահմանափակել պաշտպանական իրավունքը, որ ի վնաս պաշտպանության փորձեն դատաքննությունն ավելի արագ ավարտեն, ավելի շուտ բեռնաթափեն, բայց այդ ամենը լինելու է ի վնաս պաշտպանության»,- ասում է փաստաբանը: 

Քրդատօր․-ի 20-րդ հոդվածում էլ մտցվում է «Ոչ իրավաչափ վարքագծի արգելք» սահմանում, որը «պետք է»-ների ու «չի կարելի»-ների գեղարվեստականորեն շարադրված շարք է, դատավորների առաջ սուբյեկտիվ ու կամայական վարքագծի լայն հորիզոններ բացող: Օրինակ, շատ լավ ցանկություն է շարադրված. «Քրեական դատավարությանը մասնակցող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն եւ իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն»: Կամ՝ «արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին, իսկ իրավունքների չարաշահում թույլ տվածի կամ պարտականությունները «չարամտորեն» չկատարողի նկատմամբ կարող է կիրառվել սանկցիա»:

Ավելի դաժան է մեղադրյալի ճակատագիրը՝ նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ կիրառված խափանման միջոցը կարող է փոխարինվել «առավել պիտանի» խափանման միջոցով: «Տեսականորեն կարող է լինել չարաշահման իրավիճակ, որն ազդի դատաքննության ողջամիտ ժամկետի, այլ անձանց իրավունքների վրա,- ասում է Լիպարիտ Սիմոնյանը։ - Օրինակ, մեղադրյալներից մեկը կալանքի տակ է, մյուսն անազատության մեջ է, ու ազատության մեջ գտնվողը շաբաթը մեկ պաշտպան է փոխում ու ժամանակ է ուզում՝ ծանոթանալու համար: Սա ինչ-որ տեղ չարաշահում է ու նաեւ ազդում է էն մյուսի՝ կալանքի տակ գտնվողի անձի իրավունքների վրա, ողջամիտ ժամկետում դատաքննության վրա։ Բայց նաեւ հակառակը կարող է լինել, անձը գա, ասի՝ 10 հատոր գործին ծանոթանալու համար տվեք 10 օր ժամանակ, ասեն՝ չէ, քեզ մի օրը հերիք է»: 
«Դատավարական իրավունքների իրականացման ցանկացած սահմանափակման ամրագրումը հակասում է ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքին, ինչը ենթադրում է դատավարական մրցակցության համընդհանուր իրավական սկզբունքի պայմանների ամբողջական ապահովում եւ ըստ այդմ՝ դատավարական իրավունքների իրականացման իրավական ընթացակարգերի ամբողջական պահպանում»,- գրված է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի եզրակացության մեջ:  

Հայաստանի Քաղհասարակության հակակոռուպցիոն կոալիցիան եւս մանրամասն վերլուծել է Քրդատօր․-ի նոր տարբերակը, եւ որոշել են, որ այն խնդրահարույց է իրավական որոշակիության բացակայությամբ: «Հարկ է սահմանել քանակական կամ այլ չափանիշներ, որոնք դատավարության մասնակիցներին թույլ կտան կանխատեսել ու խուսափել դատական սանկցիայից... Բացի այդ, դատարանին նման լայն հայեցողական լիազորությամբ օժտելը կարող է հանգեցնել տարբերակված մոտեցման, կանխակալ վերաբերմունքի խորացման եւ գործնական միջոցներով այս կամ այն կողմին առավելություն տալուն»,- եզրահանգել է ՀԿ-ների կոալիցիան: