Խայտառակ մեղադրանք՝ գեներալի դեմ

Խայտառակ մեղադրանք՝ գեներալի դեմ

Երեկ «Իբիս Երեւան» հյուրանոցի «Մասիս» սրահում տեղի ունեցավ փաստաբաններ Հակոբ Ենոքյանի եւ Միհրան Պողոսյանի մամուլի ասուլիսը` գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ։ «Մենք այստեղ իրավական պրոցես չենք տեսնում, ու դա նաեւ այն հանգամանքով է պայմանավորված, որ մենք, ամեն դեպքում, փորձում ենք գտնել այդ իրավական կոմպոնենտն այս ամենում, բայց այդպես էլ չենք կարողանում։ Խաչատուրովն արդեն մայիսի 15-ին երկու ամիս կլինի, որ արգելանքի տակ է»,- Խաչատուրովի կալանավորման իրական նպատակների ու պատճառների, ինչպես նաեւ սույն գործընթացի հետագա փուլերի մասին հայտարարել է փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Մարտի 16-ին մենք ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը, որտեղ վերաքննիչն ամեն դեպքում փորձել էր հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու պիտի Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանք կիրառվի։ Որտեղ որպես հիմք նշված էր անօրինական ազդեցություն գործադրելը։ Նաեւ խոսել էին փաստաթղթեր կեղծելու հավանականության մասին։ Այս ժամկետում որեւէ տեղեկություն, ապացույց, նոր փաստեր, որոնք կարող էին վկայել, որ դրանց վրա կարող էր ազդեցություն ունենալ Գրիգորի Խաչատուրովը, չեն ստացվել։ Վերաքննիչ դատարանն այնպիսի ձեւակերպումներ է արել, որոնք անգամ բողոքող դատախազի ձեւակերպումներում չկային։ Գրիգորի Խաչատուրովի հետ այս ընթացքում ոչ մի առերեսում չեն արել, ոչ էլ պլանավորած է եղել, որ դա պիտի անեն, այսինքն՝ մեզ համար ակնհայտ է եղել այն, ինչ կատարվում է այս գործով։ Փողերի լվացման մեջ է մեղադրվում Խաչատուրովը, բայց պատկերացնո՞ւմ եք՝ ոչ մեկը ցուցմունք չի տվել նրա դեմ, ոչ մեկը, կրկնում եմ։ Որեւէ ցուցմունք, որեւէ տվյալ չկա, որ պրն Խաչատուրովը փողերի լվացման հետ կապված գործողություններ է կատարել։ Մենք ուզում ենք բացատրել, որ այնպես չէ, թե Խաչատուրովը հրաժարվել է առերեսումներից, պարզապես հարցն այն է, որ դրանք ուղղակի չեն եղել»,- հավելել է նա։