«Հրապարակ». Երկիր մոլորակի վրա միակ պետությունն ենք, որ գյուղատնտեսության նախարարություն չունի

«Հրապարակ». Երկիր մոլորակի վրա միակ պետությունն ենք, որ գյուղատնտեսության նախարարություն չունի

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Անվտանգության խորհրդի նիստ էր գումարել, որի ժամանակ քննարկվել էր նաեւ պարենային անվտանգության հարցը։ «Հրապարակի» տեղեկություններով, Հայաստանում այս տարի 30 տոկոսով կրճատվել է հացահատիկի արտադրությունը, եւ, առհասարակ` կրճատվել են մշակվող ցանքատարածությունները: Հացահատիկի հետ կապված ճգնաժամի մասին զրուցել ենք տնտեսագետ-գյուղատնտես Վարդան Ալեքսանյանի հետ։

- Արցախի կորո՞ւստն է ազդել Հայաստանի հացահատիկի պաշարների վրա։ Որքա՞ն էինք ցորեն ներկրում Արցախից։

- Մոտ 100 հազար տոննա հացահատիկ էր Արցախից ներկրվում Հայաստան։ Մեր ցորենի տարեկան սպառումը մոտ 350 հազար է կազմում, կարելի է ասել՝ մեր սպառման 1/3-ն այն լավ տարիներին Արցախից էր ներկրվում։ Արցախի օկուպացիայի հետեւանքով հիմա այդ ներկրումը չկա, եւ դրան էլ եթե գումարվում է վերջին տարիներին հացահատիկի ցանքատարածությունների կրճատումը, բերքատվության կրճատումը, ունենում ենք այսօրվա խայտառակ պատկերը, ըստ որի` տարեկան 100 հազար տոննա հացահատիկ, ավելի ճիշտ՝ ցորեն, հազիվ ունենում ենք։ Հացահատիկի բերքը, որ 4-5 տարի առաջ կազմել է 350 հազար տոննա, վերջին տարիներին 150-200 հազարը չի գերազանցում, այսինքն՝ 2.5 անգամ կրճատվել է։ 

- Պատճառը ո՞րն է։

- Կրճատման պատճառը վարվող ագրարային քաղաքականությունն է, գյուղնախարարության չմտածված փակելը, որի մասով մենք գոռում-գոչում էինք, որ սխալ է։ Պատճառը ոլորտի ձախողումն է, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, ոչ մասնագետների` կարեւորագույն պաշտոններում նշանակվելը եւ, ի վերջո, ոլորտը բարձիթողի վիճակում թողնելը։

- Գյուղատնտեսության հարցերով զբաղվում են էկոնոմիկայի նախարարության որոշ վարչություններ։ Փաստորեն, աշխատանքը բավարար չէ այս հարցերի լուծման համար։

- Էկոնոմիկայի նախարարությունն է զբաղվում, բայց կարեւորագույն վարչությունները եւ, ընդհանրապես, գյուղատնտեսության ոլորտի կառավարման պետական լիազոր մարմինն այսօր, ըստ էության, փակ է։ Աշխարհում՝ Երկիր մոլորակի վրա միակ պետությունն ենք դարձել, որ գյուղատնտեսության նախարարություն չունի։ Շատ պետություններ գյուղի եւ գյուղատնտեսության նախարարություն են ունենում, մենք եղածն էլ փակեցինք, բերեցինք, մի 4-5 վարչության տեսքով մտցրինք էկոնոմիկայի նախարարություն՝ օպտիմալացման անվան տակ, բայց խորհրդատվական համակարգն ամբողջությամբ ձախողվեց, ջլատեցին: Գիտեք` նախարարը հպարտանում էր, որ մեկ օրում 50-60 խորհրդատու էին կրճատել, եւ դրանից հետո արձանագրվեցին այդ անկման ցուցանիշները։ Այսինքն՝ մի գործոն չէր։ Որքան էլ դա բնատնտեսական պայմաններով պայմանավորեն, մի բան կարող ենք ասել, որ 5 տարի շարունակ չեն կարող վատ կլիմայական պայմաններ լինել։ Հարց է առաջանում․ եթե 10 տարի շարունակ ոլորտն աճում է, դրանից հետո 5 տարի անընդհատ անկում է ապրում, ըստ Ձեզ, կարո՞ղ է այնպես լինել, որ 10 տարի միայն լավ կլիմա լինի, իսկ դրան հաջորդող 5 տարիները` վատ։ Շատ էլեմենտար ձեւով եմ փորձում բացատրել։ Ակնհայտ է, որ քաղաքականության մեջ ինչ-որ բան այն չէ։ Այս տարվանից էլ վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը փակվեց, այսինքն՝ այն գյուղացիական տնտեսությունները, որոնք կարողանում էին գյուղաշխատանքների կազմակերպման հարցերը լուծել, 3 միլիոն, 5 միլիոն վարկ էին վերցնում, պետությունը գտավ, որ պետք չէ, ու այդ ֆերմերները փաստի առաջ կանգնեցին։

- Դա է՞լ է ազդել հացահատիկի ցանքսի ծավալների վրա։

- Իհարկե: Այսինքն՝ ուշացած օգնությունները, աջակցության ծրագրերը, սերմացուի հետ կապված տրամադրման խնդրահարույց հարցերը, որի մասին անընդհատ խոսում ենք, սելեկցիոն կայանների աշխատանքների հետ կապված խնդիրները։ Շատ հարցեր խճճվել են, ու ոլորտը չի կարողանում շունչ քաշել։

- Մենք հացահատիկ ենք գնում Ռուսաստանից։

- Մենք 99.9 տոկոսն ենք գնում Ռուսաստանից։ 7, 8, 10 տարի առաջ Ուկրաինայից էլ էինք ներկրում` 10- 15 տոկոսը, բայց հիմա ամբողջովին Ռուսաստանից ենք ներկրում ցորենը։ 

- Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են, եթե հանկարծ ՌԴ-ն սահմանափակի ցորենի վաճառքը Հայաստանին, ի՞նչ կկատարվի մեզ մոտ։

- Հարցն ավելի շատ քաղաքական դաշտում է, բայց մի բան ակնհայտ է՝ բոլորս էլ հասկանում ենք, որ եթե, Աստված չանի, բանը հասնի դրան, ապա Հայաստանի Հանրապետությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Ես անձամբ փորձում եմ չհավատալ, որ կհասնենք այդ կետին, դա կլինի չափազանց աղետալի մեր երկրի եւ պետականության համար եւ մեր պարենային անվտանգության համար կլինի իրական սպառնալիք։

- Հնարավո՞ր է, որ դա այդքան էլ հեռու չէ, եթե Անվտանգության խորհրդի նիստում նաեւ այս հարցն են քննարկում։

- Անկեղծ ասած, դա քաղաքական գործիչների քննարկման հարց է, թե քաղաքական այս զարգացումներն ուր կտանեն, բայց ես` որպես տնտեսագետ, կարող եմ ասել, որ մեր տնտեսության փոխկապակցվածությունը, կախվածությունը ռուսական տնտեսությունից չափազանց մեծ է։ Ինչ վերաբերում է պարենային անվտանգությանը, ապա այստեղ ավելի ցավոտ է լինելու, քանի որ ինչպես արտահանման, այնպես էլ ներկրման առումով մի շարք հիմնական արտադրանքների առումով ՌԴ-ն ամենահիմնական գործընկերն է։ Ինչպես ցորենի ներկրման, այնպես էլ արտահանման պարագայում խնդիրներ ենք ունենալու։ Եթե հիշում եք, կաթնամթերքի եւ մյուս արտադրանքների հարցերում ֆիտո-սանիտարական հայտնի ստուգումները, որ խստացվեցին Լարսում, անմիջապես կաթի մթերման գինը 220-ից իջավ 120-150 դրամի, մեկ օրում, երբ այդ լրատվությունը եղավ, խնդիր առաջացավ՝ կաթի մթերման գինը կտրուկ անկում ապրեց։ Տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսություններ եւ ֆերմերներ տավարի գլխաքանակից հրաժարվեցին, արդյունքում գլխաքանակը կրճատվեց, կաթի համախառն արտադրանքը կրճատվեց, ես դեռ բերում եմ ընդամենը մեկ արտադրանքի օրինակ, իսկ գյուղմթերքների շղթան չափազանց բարդ եւ օրգանական կապվածության մեջ գտնվող ոլորտ է, եւ մի այսպիսի իրադարձություն՝ քաղաքական բացասական զարգացումների իմաստով՝ հայ-ռուսական հարաբերությունների, կարող է լինել ճակատագրական ու աղետալի մեր երկրի համար։

- Դուք Հայաստանում հնարավոր համարո՞ւմ եք, որ սով լինի՝ ցորենի դեֆիցիտի, Ռուսաստանից ներկրումը դադարեցվելու դեպքում։

- Այդ դեպքում հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք ներկրելու։ Շատերը կարող են ասել՝ դե հիմա, ռուսական թող չլինի, ի՞նչ է եղել որ` ղազախականը կբերենք: Գուցե ժամանակավոր լուծում լինի, բայց երկարաժամկետում ես չեմ պատկերացնում առանց ռուսական հիմնական պարենամթերքների, տվյալ դեպքում՝ հացահատիկի, Հայաստանի Հանրապետությունում որեւէ կերպ պարենային անվտանգության խնդրի լուծումը։ Հետեւաբար, Աստված մի արասցե, այդպիսի սցենարի դեպքում մենք ունենալու ենք աղետալի հետեւանքներ՝ ե՛ւ սովի խնդիր կլինի, ե՛ւ թերսնվածության։ Առանց այն էլ գյուղերում աղքատության մակարդակն ավելի բարձր է, եթե Երեւանում 25-27 տոկոս է գնահատվում, մարզերում` 35 տոկոս, առանձին մարզերում` 40 տոկոս։ Գյուղական բնակավայրերում սպառման կեսից ավելին՝ կոնկրետ 70 տոկոսը, կազմում են հացը եւ կարտոֆիլը։ Այնպես որ, պատկերացնո՞ւմ եք այդ գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, եթե հանկարծ ՌԴ-ից հացահատիկի ներկրումը կրճատվի։