Պնդումներ` խոսքի ազատության հարցերով զբաղվողի անունից

Պնդումներ` խոսքի ազատության հարցերով զբաղվողի անունից

Հետխորհրդային տարածքի ավանդույթներով, ինչ-որ մի ակումբում կամ ՀԿ-ում հավաքված որոշ նախկին լրագրողներ, որոնց վերջին հոդվածը տպագրվել է «Պիոներ կանչում» կամ «Ավանգարդում», որոշել են մի կողմից հանդես գալ խոսքի ազատության պաշտպանության դիրքերից, մյուս կողմից լրատվության դասեր տալ գործող լրագրողներին։ Տարիներ ի վեր Հայաստանում գործող նման կազմակերպություններից մեկը՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» վերամբարձ անունով, այսօր անդրադարձել է «Հրապարակի» հոդվածներից մեկին՝ մեզ դատափետելով մեր կարծիքը գրելու համար։ ԽԱՊԿ-ի փորձագետը, իրեն վերապահելով «արբիտրի» կամ ինֆորմացիոն «գուրուի» դեր, վերլուծել ու կասկածի տակ է դրել լրագրողի՝ հարցեր տալու, եզրահանգում անելու, կարծիք հայտնելու իրավունքը եւ, փաստացի, գրաքննել է մեր հոդվածը։ Իբր օբյեկտիվության համար էլ մեկնաբանություն է վերցրել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանից, որպեսզի հերքի մեր հոդվածի միտք բանին։

Բայց նախ ներկայացնենք, թե ինչի մասին է խոսքը, ինչից է վրդովվել Խոսքի ազատության կոմիտեն, որ որոշել է իր անվանը հակառակ՝ սահմանափակել մեր խոսքի ազատությունը։ Պարզվում է, այս կազմակերպությունը մոնիթորինգ է արել եւ որոշել է անդրադառնալ ապրիլի 15-ի մեր՝ «Վիրուսից հետո մենք ավելի ենք ինտեգրվելու համաեվրոպական տարածքին» հոդվածին, որտեղ զրուցել էինք ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանի հետ, հարցեր տվել, սակայն նախաբանում շարադրել էինք մեր եւ հանրային որոշ շրջանակների տեսակետը։ Հարությունյանն ասել էր, որ մենք Եվրոպայից չենք հեռացել, չենք հայտնվել ռուսական ազդեցության գոտում, ինչի հետ մենք, ինչպես նաեւ շատ այլ փորձագետներ, համաձայն չենք, ինչի մասին համարձակվել էինք նախաբանում շարադրել՝ ըստ էության, չհամաձայնելով հարցազրույց տվող անձի հետ։
Այս հանդգնության համար ԽԱՊԿ-ում մեզ չեն ներել։ «Ու անգամ այս պնդումը (Ռ․ Հարությունյանի` Ա․ Դ․) հետ չի պահում հոդվածի հեղինակի արտահայտված` Ռուսաստանին վերաբերող մեկ այլ դատողությունից․․․ ավելին, ըստ թերթի` Հայաստանի քաղաքացիներից շատերի մտավախությունն այն է, որ այս անորոշ վիճակը մեզ ավելի ու ավելի է տանելու դեպի ռուսական ազդեցության գոտի ու էլ ավելի է կտրելու Եվրոպայից»,-գրել է փորձագետն ու դրել իր վերդիկտը․ «Կողմնակալ մեկնաբանության փաստն արձանագրել ենք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները բացահայտելուն միտված մոնիտորինգի ընթացքում»։
Եվրոպական արժեքների վարկաբեկումը, իրականում, հենց այս վայ-փորձագետի կարծիքն է, որին թվում է, թե լրագրողը պարտավոր է համաձայնել բոլոր այն անձանց հետ, ումից հարցազրույց է վերցնում, եւ իրավունք չունի այլ տեսակետ շարադրելու։
Որքան էլ հասկանալի է, որ ձեր դոնորներին տհաճ միտք ենք շարադրել, սակայն արեւմտյան ֆինանսավորողները ձեզ դրա համար չեն փող տալիս, որ լրագրողի բերանը փակեք եւ նրան արգելեք իր եւ ձեզ համար ոչ հաճելի տեսակետ շարադրել։ Այո, Հայաստանում մի մեծ խավ այն կարծիքին է, որ իշխանափոխությունից հետո եվրոպական հանրույթը, Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական միությունը ոչ միայն չեն ավելացրել Հայաստանին աջակցությունը եւ համագործակցության չափաքանակը, այլև Հայաստանն օրեցօր ավելի ու ավելի է հայտնվում ռուսական ազդեցության գոտում։ Եվրոպական հանրույթը Հայաստանում իշխանափոխության արդյունքներն արժևորող որևէ ներդրում, քաղաքական ժեստ ու դիրքորոշում չի ցուցաբերել, դա աներկբա է նաև արցախյան հակամարտությանը վերաբերող քաղաքական հայտարարությունների մասով։
Մեր հրապարակման մեջ, բնականաբար, չկար որևէ ակնարկ աշխարհաքաղաքական կամ վերպետական կառույցի, միության նախընտրության կապակցությամբ։ Առավել ևս՝ որևէ գեոպոլիտիկ շահեր հակադրելու կամ Հայաստան-Եմ հարաբերությունները լարելու որևէ ցանկություն։ Հակառակը, միայն անհանգստություն կար, որ դրանք հետկորոնավիրուսային աշխարհում կարող են էլ ավելի ֆորմալանալ ու բովանդակազուրկ դառնալ։
Անհնար է չնկատել, որ տեղի է ունենում հասարակական կազմակերպությունների սկզբունքների փոփոխություն՝ համահունչ այն պայմաններին, որում ապրում է ժամանակակից հասարակությունը, եւ որում հայտնվել է նոր Հայաստանը՝ իր երկու իրականություններով։ Եվ այսօր թե՛ լրագրողներին, թե՛ մեդիասպառողին հասանելի են տեղեկատվության այնքան մեծաթիվ աղբյուրներ՝ այնպես, որ յուրաքանչյուրը կարող է ունենալ սեփական տեսակետը, որը կարող է տարբերվել ԽԱՊԿ կամ այլ կազմակերպությունների տեսլականից։ Այնպես որ, մի՛ շփոթեք անկողմնակալությունն ու ոչ օբյեկտիվությունը, լրագրողական սկզբունքներն ու տեսակետ արտահայտելու իրավունքը։
Եվ առհասարակ, զբաղվեք ձեր գործով՝ առանց ուրիշներին դասեր տալու եւ մեդիագործունեության տարրական սկզբունքները խեղաթյուրելու։ Ձեզ դրա համար չեն ֆինանսավորում։