Գիշեր-ցերեկ պայքարում եմ ջրի դեմ, բայց ապարդյուն, անձրեւաջրերը լցվում են բնակարանս

Գիշեր-ցերեկ պայքարում եմ ջրի դեմ, բայց ապարդյուն, անձրեւաջրերը լցվում են բնակարանս

Հրազդան  քաղաքի Վահագնի  թաղամասի 309 շենքում արդեն մեկ շաբաթ է  անձրեւաջրերը անարգել լցվում են բնակարաններն ու շքամուտք՝ վնասելով նաեւ էլեկտրական լարերը: Բնակիչները մտավախություն ունեն, որ եթե քայլեր չձեռնարկվեն, ապա օրերից մի օր շենքը կխարխլվի: 72-ամյա Սերյոժա Ղուլյանը, կնոջ եւ տղայի հետ բնակվում է ութերորդ հարկում: Անջրեւաջրերը լցվում են նաեւ նրա բնակարանը, խոնավությունից իրենց  շորերը բորբոսնել էին, բնակարանի դուռն էլ՝ դժվարությամբ էր բացվում: Ըստ Սերյոժայի՝ իներորդ հարկում չեն բնակվում, ողջ մուտքը ջուր է, ստիպված պայքարում է անձրեւաջրերի դեմ, որ չթողնի ջուրն ավելի ներքեւ իջնի. «Տանիքի տոլերը ճաքճքել են, անձրեւների ջրերը լցվում են իմ տունը: Եթե խիղճս կորցնեմ, տեր չկանգնեմ, ջրերը մինչեւ առաջին հարկ կհասնեն: Տանս մեջ եղած ամանները շարել եմ, որ ջուրը ներքեւ չգնա: Մուտքի հոսանքի լարերը ջրի մեջ են: Էսպես չի լինի թող մի բան անեն, որ այս խնդիրը լուծեն: Անցած տարի համատիրության նախագան 3 հատ տոլ տվեց, կարկատան արեցինք: Բայց էդ հարցի լուծում չի: Գոնե վերեւի բնակարանը ծախեն, բնակիչ գա, տեր կանգնի, ես մենակովս ինչ անեմ:»: 

Անձրեւից տուժում են ոչ միայն վերջին հարկի բնակիչները, այլ նաեւ ներքեւի հարկերում ապրողները: Այս շենքի խնդիրը, սակայն, այս ամենով չի սահմանափակվում: 30 տարուց ավելի է՝  շենքում վերելակը չի գործում: 

Համատիրության նախագահ Ավետիք Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրի մասին տեղյակ են, սպասում են, որ եղանակը կայունանա, սկսսեն աշխատանքները. «Երեկ բնակվարչության պետի հետ մտել ենք  այդ բնակարանները: Վիճակը իսկապես ահավոր է, ձնհալոցի ջրերը լցվում են բնակարանները: Ամեն տարի մենք մասնակի վերանորոգման աշխատանքներ ենք անում, բայց որ ասենք հիմնովին վերանորոգել ենք, չենք արել: Իներրորդ հարկում չեն բնակվում, տանիքի  ջուրը  լցվել է այդ  բնակարանը,  այնտեղից իջել է  ութերրորդ հարկ: Մենք   կապնվել ենք այդ բնակարանի բնակիչների հետ, ովքեր գտնվում են Ռուսաստանում ներկայացրել ենք,  թե ինչ վիճակում է բնակարանը: Իրենք խոստացել են,  որ մոտ օրերս գումար կուղարկեն, քաղաքապետարան էլ  կօգնի, որ այս հարցը կարգավորվի:

-Պարո՛ն Հովհաննիսյան, բացի տանիքը, այս շենքում նաեւ վերելակը 30 տարի չի աշխատում: 

-Այս տարի 3 շենքների վերելակներ կվերանորոգվի՝ 309,  310 եւ 302 շենքի  մեկ մուտքի վերելակը: Կոնկրետ 309 շենքում վերելակը ամբողջովին թալանված է,  ոչ մի դետալ չկա: Միայն վերելակի մասերի համար 2մլն. դրամ է հարկավոր: Ծրագրում ընգրկվել է, այս տարի կվերանորոգվի: 

Հ.Գ.Միայն Վահագնի թաղամասի 34 շենքներից՝ 30-ն ունեն հարթ տանիք: Հետաքրքիր է, թե քանի՞ տարի էլ դեռ պետք է, որ  30 շենքների տանիքները ոչ թե մասնակի, այլ հիմնովին վերանորոգվի: Էլ չենք խոսում քաղաքի մյուս հարթ տանիք ունեցող բազմաբնակարան շենքերի մասին: