Վերանայվում է պարեկային ծառայության մեքենաների դիզայնը

Վերանայվում է պարեկային ծառայության մեքենաների դիզայնը

Այո, պարեկային ծառայության լոգոյի ու ավտոմեքենաների վրայի դիզայնի թեման առավել քննադատություն ստացած թեմաներից մեկն է։ Թեման քննադատվել է խաչմերուկներում գործունեություն ծավալող պարեկային ոստիկանների թեմայի հետ միասին։ 

Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող, խորհրդական Ամալյա Հովսեփյանը։

«Ես պիտի ասեմ, որ ոստիկանության կողմից բաց մրցույթ է հայտարարել թե մեքենաների դիզայնի,թե լոգոյի հետ կապված։ Բաց մրցույթի արդյունքում ստացվել են որոշակի առաջարկներ ու պետական գնումների գործընթացով պայմանավորված՝ տվյալ առաջարկը համապատասխան գնահատումներ անցնելով և որոշակի չափորոշիչների համապատասխանելով, ընտրվել է այն տարբերակը, որը այսօր կա։ Անկեղծ պիտի լինենք ու ասենք, որ քննադատություն եղել է ոչ միայն հասարակության կողմից, այլ նաեւ մի քանի պետական մարմինների կողմից։ Սակայն դա նորմալ է , որովհետև բոլորովին նոր սկսվող ծառայությունը ուղղակի չի կարող իդեալական լինել թե իր գործառույթներով, թե նաեւ հենց այսպիսի խնդիրներով։ Լսելով մասնավորապես Լեզվի տեսչության քննադատությունը, այսօր արդեն վերանայում ենք դիզայնը ու հնարավոր է,որ շուտով ունենանք նոր դիզայնով պարեկային ծառայության մեքենաներ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են թե մեր ենթաօրենսդրական ակտերին, թե իրավական այլ ակտերի ու հուսանք նաեւ հասարակայնության համար ակնահաճո կլինեն»,- ասաց Հովսեփյանը։