Տեսչապետը խանգարում էր, այլեվս չի խանգարի

Տեսչապետը խանգարում էր, այլեվս չի խանգարի

Հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ «Կներեք, որ չեմ պատասխանում զանգերին։ Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ»,- պաշտոնանկության օրը Ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը։ Նա երեկ էլ չպատասխանեց մեր զանգերին, թեպետ նրա ազատման պատճառների մասին կառավարությունում արդեն շատերն են խոսում։ Արթուր Գրիգորյանն այդ պաշտոնում նշանակվել էր հունիսին: Բնապահպան-ակտիվիստին անձամբ Փաշինյանն էր հրավիրել աշխատանքի, չնայած Գրիգորյանը քաղաքական թիմից չէ, ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» եւ ո՛չ էլ առհասարակ որեւէ կուսակցության անդամ, ինչը տրամաբանորեն նշանակում է, որ հաշվի էին առնվել նրա մասնագիտական հատկանիշները։ 

Արթուր Գրիգորյանին ազատելու հրամանից մեկ շաբաթ առաջ նախ Տիգրան Ավինյանն է առաջարկել դիմում գրել-հեռանալ՝ չասելով, թե ինչի համար։ Տեսչական մարմնի պետն էլ հակադարձել է, որ իրեն նշանակել է վարչապետը, եւ կհեռանա միայն նրա որոշմամբ։ Այս խոսակցությունից մեկ շաբաթ հետո Գրիգորյանն իր աշխատավայրում աշխատակիցներից անսպասելիորեն իմացել է, որ իր ազատման հրամանը կա։ Նրան ցույց են տվել կառավարության պաշտոնական կայքում տեղադրված վարչապետի որոշումը, ընդ որում՝ որոշումը կայքում տեղադրվել է այն օրը, երբ Փաշինյանը Դավոսում էր։ Տիգրան Ավինյանի օգնականը լրատվամիջոցներին պարզաբանեց, որ կառավարության «կադրային նշանակումները եւ ազատումները միտված են ավելի բարձրակարգ մասնագետների ներգրավմանը»։

Մինչդեռ կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ոչ այնքան «բարձրակարգ», որքան «հնազանդ» մասնագետների խնդիր է դրվել այս փոփոխությամբ, քանզի Գրիգորյանը խանգարում էր կառավարությանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված գործընթացներին եւ դրա արդյունքում ակնկալվող ներդրումներին։ Բանն այն է, որ բնապահպան Արթուր Գրիգորյանն իր պաշտոնավարման ընթացքում Ամուլսարի վերաբերյալ աշխատանքային խումբ էր ստեղծել, դեկտեմբերի վերջին էլ տեսչական մարմինն ավարտել էր հերթական ուսումնասիրությունները եւ պատրաստվում էր մոտ օրերս եզրակացություն ներկայացնել վարչապետին, որը, ասում են, չէր տարբերվում սեպտեմբեր ամսվա աղմկահարույց եզրակացությունից։ Իսկ սեպտեմբերին տեսչությունը՝ հայտնի թիթեռի եւ մեխակի պատմությամբ, փորձեց կասեցնել հանքը շահագործող «Լիդիան Արմենիայի» գործունեությունը։  Տեսչականը բնապահպանության նախարարությանն առաջարկել էր նոր փորձաքննություն նշանակել, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել՝ ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որեւէ գործողություն կատարելուց, մինչեւ նախարարությունը նոր փորձագիտություն չիրականացնի։ Այդ եզրակացությունը խիստ քննադատության ենթարկվեց «Լիդիան Արմենիայի» կողմից, դիվանագիտական խողովակներով նույնիսկ սպառնացին, որ թույլ չեն տա «քցել» իրենց, եւ որ այստեղ ահռելի ներդրումներ են արվել։ «Լիդիանի» հետ կապված բաց տեքստով հայտարարություն արեց նաեւ ամերիկյան կառավարությունը։ Հիմա, փաստորեն, երկրորդ փորձաքննությունն է իրականացվել, եւ նույն պատկերն է, սակայն դա հրապարակելուց ու զեկուցելուց առաջ հեռացվում է տեսչության պետը, որը խանգարում էր իշխանությունների մտադրությունների իրագործմանը։