Ծանր վիրավորվել է բեդվինական համայնքից մի յոթնամյա աղջիկ

Ծանր վիրավորվել է  բեդվինական համայնքից մի յոթնամյա աղջիկ

Իսրայելի հայ համայնքում երկրի ուղղությամբ Իրանի լույս ապրիլի 14-ի հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր Արտյոմ Չերնոմորյանը։

«Աստծուն փառք, զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի։

Ապրիլի 13֊14 գիշերն Իրանը արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:

Տագնապները հնչել էին երկրի մի քանի տասնյակ շրջաններում՝ հիմնականում հյուսիսում, Նեգևում, հարավային և երկրի արևելյան շրջաններում, կենտրոնը համեմատաբար հանգիստ էր:

Հրթիռի բեկորներից ծանր վիրավորվել է Նեգևում գտնվող բեդվինական համայնքից մի յոթնամյա աղջիկ:

Բալիստիկ հրթիռների ճնշող մեծամասնությունն ոչնչացվել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Անօդաչուների մեծ մասը խոցվել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ինքնաթիռների կողմից:

Տեսանյութում Երուսաղեմի Ալ Ակսայի մզկիթի գլխավերևում խոցվող հրթիռներն են։

Տեղի են ունեցել նաև երկրի ներսում ահաբեկչական հարձակումներ։

Թիկունքի ծառայությունը երեկվանից չեղարկել է բոլոր ճամբարներն ու հավաքները, կրթական բոլոր հաստատությունները փակ են ոչ միայն արձակուրդի պատճառով։ Ցույցերն ու հավաքներն արգելված են։

ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են դաշնակիցների հետագա անելիքները»,- գրել է Արտյոմ Չերնոմորյանը։