Ֆրանսիացի գործարարը՝ միջպետական հակասությունների «զո՞հ»…

Ֆրանսիացի գործարարը՝ միջպետական հակասությունների «զո՞հ»…

Պաշտոնապես հաստատվեցին ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանի՝ Ադրբեջանում ձերբակալվելու մասին լուրերը: Նա ձերբակալվել է ավելի քան մեկ ամիս առաջ, սակայն ադրբեջանցի իրավապահներն այդ մասին լռում էին: Ռայանը կասկածվում է լրտեսության մեջ եւ դատապարտվել է չորս ամսվա նախնական կալանքի: Իսկ եթե առաջադրված մեղադրանքներն ապացուցվեն, ապա նա կազատազրկվի 15 տարով: Ռայանն իր բիզնես գործունեությունը Բաքվում սկսել է 2020-ին՝ հիմնադրել եւ ղեկավարում է Merkorama LLC ընկերությունը, որը զբաղվում է սննդի ներկրմամբ ու խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ։ Նա առանձնապես ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն չի վարել: Իսկ 2021-ին ֆրանսալեզու Caucasefrance.com-ին տված հարցազրույցում քննադատելով Մակրոնի վարած արտաքին քաղաքականությունը՝ Ռայանը խոսել է բացառապես բիզնես շահեր հետապնդող գործարարի տեսանկյունից. այ, եթե Մակրոնը գոնե մեկ անգամ այցելեր Բաքու եւ չփչացներ հարաբերություններն Ադրբեջանի հետ, ֆրանսիական ընկերություններն այստեղ կզարգանային, ոչ թե գործարար բաց դաշտը կթողնեին այլ երկրներին: 

Ակնհայտորեն, Ռայանը ֆրանսիական գործարար դաշտի զարգացման հիմք էր համարում 2020-ի պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակը: Նա հիացած էր Ադրբեջանի տնտեսական հնարավորություններով ու դա չէր թաքցնում: Ֆրանսիացի գործարարը նաեւ Հայաստանի կառավարությանն էր խորհուրդ տալիս՝ պետք է դեմառդեմ բանակցություններ վարել Բաքվի հետ, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բացել սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ: Ըստ Ռայանի կանխատեսումների՝ Բաքուն ու Անկարան են դառնալու Հայաստանի թիվ մեկ ներդրողն ու առեւտրային գործընկերը։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի հետ կապված հարցերում էլ Ռայանը վտանգ չէր ներկայացնում Ադրբեջանի համար: Բայց անգամ քաղաքական ու տնտեսական «հարցազրույցային դիվանագիտությունը» չփրկեց նրան եւ բիզնես զարգացնելու հնարավորություններ չբացեց նրա առաջ: 

Իսկ ո՞րն էր նրան ձերբակալելու բուն մոտիվացիան. կա՛մ ադրբեջանական կողմը փորձեց ցույց տալ Ֆրանսիային, որ իր գործարարների մուտքն Ադրբեջան անընդունելի է, դրանով Մակրոնին ենթարկելով «պատժամիջոցների», կա՛մ ադրբեջանական կոռումպացված իրավապահները փողի հոտ են առել եւ գնացել են ֆրանսիացի գործարարի գրպանները թեթեւացնելու ուղղությամբ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ֆրանսիայի քաղաքացին անհիմն ձերբակալվել է Ադրբեջանում, պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան: Այդ հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի արձագանքը «հակաադրբեջանական» հայտարարությանը։ «Մի խառնվեք մեր գործերին»,- Ֆրանսիային կարգադրեց նա:

ՀԳ․ Ռայանը ո՛չ հայամետ է, ո՛չ ադրբեջանամետ, ո՛չ ֆրանսամետ: Նա գործարար է եւ իր բիզնես շահն իր միակ «քաղաքական» շահն է: Բայց կարելի է սպասել, որ ադրբեջանական կողմը բոլոր լծակները գործի կդնի՝ աշխարհին ապացուցելու, թե Մակրոնն Ադրբեջան լրտեսներ է ուղարկում՝ երկրի «կայունությունն» ու «ժողովրդավարությունը» փլուզելու համար: