Ի՞նչ է ակնարկում Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը

Ի՞նչ է ակնարկում Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը

Ադրբեջանի «ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին: «Թուրան» գործակալությունը տեղեկացնում է, որ Քերիմլին չի բացառել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ՝ իշխանափոխության հավանականությունը: «Մենք կողմ ենք, որ իշխանափոխությունը տեղի ունենա ազատ ընտրությունների միջոցով եւ թույլ չենք տա ոչ ժողովրդավարական իշխանափոխություն»- ասել է նա:

Վերջին օրերին ադրբեջանական մամուլում տեղ են գտել իշխող կուսակցությունից Միլլի մեջլիսի երկու պատգամավորի հայտարարությունները՝ երկրում «որոշակի ուժերի կողմից ներքին հակասություններ հրահրելու» մասին: Կա՞ Ադրբեջանում իշխանությունը բռնությամբ տապալելու արտաքին որեւէ ծրագիր: Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը դա՞ նկատի ունի, երբ ասում է, որ թույլ չեն տա «ոչ ժողովրդավարական իշխանափոխություն»: Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 13-ին ընդդիմությունը Բաքվի քաղաքային իշխանություններին իրազեկել է սեպտեմբերի 28-ին հանրահավաք անցկացնելու մասին: Հիմնական պահանջն ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների անցկացումն է: Եկող տարի Ադրբեջանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ: Որոշ փորձագետներ տպավորություն ունեն, որ իշխանությունը կարող է կանխել մրցակիցների ծրագրերը եւ արդեն եկող տարվա գարնանն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: