Ովքե՞ր են կիրառելու վեթինգը

Ովքե՞ր են կիրառելու վեթինգը

Նիկոլ Փաշինյանը որոշել է վեթինգի ենթարկել դատավորներին։ Նա նախօրեին հայտարարեց․ «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»։

Երեկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է վեթինգը, ով եւ ինչպես է այն իրականացնելու եւ որ դատավորների նկատմամբ։ 

«Վեթինգն առաջին անգամ չէ, որ կիրառվում է աշխարհում, այս պահին Ալբանիայում այն կիրառվում է եւ կիրառվում է եվրոպական կառույցների հորդորով։ Եվ այդ իրավունքը դրական գնահատականի է արժանացել Վենետիկի  հանձնաժողովի կողմից։ Բնականաբար, աշխարհում կուտակված փորձ կա վեթինգի, եւ երեք չափանիշ կա։ Այս պահի դրությամբ ես բովանդակության մասին միայն կխոսեմ, ձեւին չեմ անդրադառնա, որովհետեւ դրանք մշակվելու են»,- ասաց պարոն Զեյնալյանը։ Իսկ թե որ դատավորների նկատմամբ է այն իրականացվելու, նախարարն ասաց, որ առանց խտրականության է իրականացվելու՝ որեւէ դատավոր չի թիրախավորվելու։ «Եվ այստեղ խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ։ Այն չի թիրախավորելու որեւէ դատավորի եւ չի հետապնդելու կոնկրետ գործով որեւէ դատավորի»,- ասաց նա։

Ի դեպ, ըստ Զեյնալյանի, վեթինգը կապ չունի անցումային արդարադատության հետ եւ դրա գործիքներից մեկը չէ։ Փաշինյանն իր հայտարարության մեջ նաեւ անցումային արդարադատության ինստիտուտի ներդրման մասին էր խոսում։

Իսկ ինչպե՞ս է որոշվելու, թե որ դատավորների նկատմամբ պետք է վեթինգ կիրառվի։ Զեյնալյանն ասաց, որ կան վեթինգի չափանիշներ, որոնք վերցվելու են, տեղայնացվելու են եւ իրականացվելու են Սահմանադրությանը ու մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին համապատասխան։ «Նրանք, որոնք այդ չափանիշներին չեն համապատասխանի, կազատվեն զբաղեցրած պաշտոնից»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Այս թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, ով այսօր իրավապաշտպան գործունեությամբ է զբաղված։ Նա նախ ասաց, որ vetting բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է զտում, ֆիլտրում։ 

Ապա պատմական էքսկուրս անցկացրեց, թե ինչ է դա եւ երբ, որ երկրում է կիրառվել։ «Սա պրոցես է, որով ստուգվում է գործող պաշտոնյաների անաչառությունը, համապատասխանությունն իրենց պաշտոններին` անբարեխիղճներին հեռացնելու համար։ Դատավորների նկատմամբ վեթինգ կիրառվել է 1983-ին՝ Արգենտինայում, երբ երկրում տապալվեց 1976-1983 թթ․ հաստատված ռազմական խունտան այն դատավորների նկատմամբ, ովքեր մասնակցել էին հանցագործությունների պարտակմանը։ Բոսնիայում եւ Հերցեգովինայում նման մեխանիզմ կիրառվել է 1995 թ․ Դայտոնյան համաձայնագրից հետո, որ ստորագրվել էր բոսնիական, սերբական եւ խորվաթական կողմերի միջեւ եւ դրանով վերջ էր դնում բոսնիական պատերազմին, ու բնական է, որ նման իրավիճակից հետո վեթինգի անհրաժեշտություն կար»,- ասաց նա։

Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը հիմնվելու է Ալբանիայի փորձի վրա, որտեղ այս պահին վեթինգ է իրականացվում։ Նա ասում է՝ տեղյակ է, թե որ դեսպանի հորդորով է Հայաստանը որոշել հիմնվել Ալբանիայի փորձի վրա, թեպետ անուն չի նշում։ Զեյնալյանը մեզ հետ զրույցում գրեթե հաստատեց, որ Հայաստանը շարժվելու է Ալբանիայի փորձով, եւ որ դա կիրառվում է եվրոպական կառույցների հորդորով։ Ամենայն հավանականությամբ, Արփինե Հովհաննիսյանի ակնարկած դեսպանն էլ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին է։ 

Ալբանիայում վեթինգի հետ կապված՝ Արփինե Հովհաննիսյանը մի հանգամանք կարեւորեց։ «Ալբանիայի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները կատարել են շատ կարեւոր դիտարկում անցած տարվա սեպտեմբերին՝ մասնավորապես նշելով, որ  համազեկուցողները մտահոգ են, որ վեթինգի պատճառով երկիրը մնացել է առանց գործող Բարձրագույն եւ Սահմանադրական դատարանի։ Ինքնին վեթինգը շատ ռադիկալ միջոց է։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է կոչ անում այն  օգտագործել բացառիկ դեպքերում՝ հաշվի առնելով այն մեծ ռիսկը, որ այս ինստիտուտը պարունակում է։ Ավելին, հանձնաժողովը  նաեւ այն կարծիքին է, որ վեթինգի պարագայում շատ վտանգավոր կարող է լինել այլ պետությունների փորձի օգտագործումը։ Մի դիտարկում էլ․ նույն Ալբանիայում 2 տարի քննարկել են, հետո օրենսդրական փոփոխություններ արել, այնուհետեւ դրանից 2 տարի հետո կիրառել։ Ուստի հայտարարել, որ 2 ամսում պիտի արվի դա, վտանգավոր չիմացություն է»,- նկատեց նախկին նախարարը։

Արփինե Հովհաննիսյանը հռետորական հարց է հնչեցնում, որին Զեյնալյանը դժվարացավ հստակ պատասխանել, քանի որ այն դեռ մշակման փուլում է։ «Մասնավորապես՝ ո՞վ է անելու վեթինգ, ովքե՞ր են այն անձինք, որոնց արած վեթինգին կվստահի հանրությունը, ընդ որում՝ ամբողջ հանրությունը եւ ոչ միայն Փաշինյանի իշխանությունը, ինչպես նաեւ հաջորդ իշխանությունը, որովհետեւ անցողիկ են ե՛ւ դատավորները, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ հիմա շատ բարձր-բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, որովհետեւ մնայուն է պետությունը, իսկ պետության  ինստիտուտները պետք է կայուն լինեն»,- նկատում է տիկին Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ վեթինգը, ամեն դեպքում, ծայրահեղ միջոց է եւ խրախուսելի չէ։

Նա մի բան էլ ավելացրեց, որ վեթինգի գնում են այն պարագայում, երբ չկա համակարգային բարեփոխումների օրակարգ։ «Այս իշխանությունը չի ցանկանում հետամուտ լինել բարեփոխումներին, այլ ուղղակի հեռացնում է դատավորներին, որ ամեն հաջորդ իշխանություն իր հետ բերի նոր դատավորների օրակարգ»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը։