ԱԱԾ փոխտնօրենն առաջարկում է «ջարդել» ցուցարարներին

ԱԱԾ փոխտնօրենն առաջարկում է «ջարդել» ցուցարարներին

Մենք օրեր առաջ գրել էինք, որ իշխանությունը հրահանգել է ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին ուսումնասիրել իրավիճակը եւ մանրակրկիտ ներկայացնել, թե ինչ վտանգներ է պարունակում ընդդիմադիրների սկսած պայքարը, ինչքանով են իրավապահները պատրաստ այս շարժումը ճնշելուն եւ ինչ է պետք անել, որպեսզի այն դուրս չգա կառավարումից։ Ներկայացրել էինք, որ ոստիկանությունը տվել է երթերի ու հավաքների մոտավոր պատկերը՝ թվերով, զեկուցել է, որ ջահերով երթն ավելի շուտ քաղաքական բովանդակություն ուներ, քան սգո արարողության։ Ոստիկանապետը ներկայացրել է, որ կկարողանան ճնշել ցանկացած հավաք, եթե այն մեկ վայրում չգերազանցի 5 հազար մարդը, զգուշացրել է, որ դրանից ավելին կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Դրանից անցել է մոտ 10 օր։

Մեր տեղեկություններով, պայքարի ընթացքի ու զարգացումների հետ կապված ամենօրյա մոնիտորինգ է արվում ուժայինների եւ հատկապես Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Պարբերաբար զեկույցներ են ներկայացնում վարչապետին՝ իրավիճակի կապակցությամբ։ Եւ ուժայինների ղեկավար կազմերի խորհրդակցություններ են հրավիրում՝ իրավիճակը վերլուծելու համար։ 

Մեր աղբյուրը հաղորդում է, որ հատկապես ագրեսիվ է տրամադրված ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկը, որի անունը գիտենք, բայց առայժմ չենք հրապարակում։ Նա ամեն անգամ պնդում է «ջարդել, բաժիններ տանել, ծեծել» փոքր խմբերով ակցիաներ անող երիտասարդներին եւ իր առաջարկը հիմնավորում է այսպես՝ «մյուսների աչքը կվախենա, էլ չեն հավաքվի» եւ այս պայքարը կմարի։ Առայժմ մյուս ուժայինները նրան համոզում են, որ դրա կարիքը չկա, դա կարող է ավելի սրել իրավիճակը։