Լաս Վեգասի դռները բաց են, պատուհանները` փակ

Լաս Վեգասի դռները բաց են, պատուհանները` փակ

Այս օրերին մեր մամուլը սկսել է հաճախակի անդրադառնալ խաղադրույքներ անելու տարածված սովորույթին, ինչը նյութական մեծ վնաս է հասցնում առանց այն էլ աղքատության մեջ հայտնված բնակչության այդ մասին։ Բերվում են պաշտոնական տագնապալի, անհավատալի տվյալներ․ թե 2 տարի առաջ այս ասպարեզում շրջանառվում էր 1,5 տրիլիոն դրամ, հիմա հասել է 4 տրիլիոնի։ Սա վկայում է, որ մոլեխաղերն ավելի ու ավելի շատ մարդկանց են գայթակղում «կլոր գումար» շահելու հարցում։ Դա նաեւ վկայում է, որ աղքատության մասին խոսակցությունները չափազանցված են՝ ասացեք, խնդրեմ, ե՞րբ էին Երեւանի փողոցներն այդքան լեցուն եղել դրսից բերված ավտոմեքենաներով, ե՞րբ էին հարսանյաց նման ճոխ հանդեսներ անցկացվել զանազան դուբայներում…

Ինչ վերաբերում է գուշակություններով մեծ գումար շահելուն, մասնակիցները տեղյակ են, որ շահումների գումարը շատ ավելի պատկառելի է դառնում, եթե ճիշտ ես կանխատեսել ոչ թե, ասենք, ֆուտբոլային մի կոնկրետ հանդիպման հաղթողին, այլ տվյալ խաղի հաշիվը։ Այստեղ գուշակողները երբեմն դիմում են ապօրինի քայլերի։ Նման ենթադրության հիմք ծառայեցին հենց Երեւանում անցկացված մրցումների արտասովոր ընթացքն ու ելքը։

70-ական թվականների սկզբին հանրապետական մարզադաշտում ԽՍՀՄ առաջնության երկրորդ լիգայի շրջանակներում կայացավ Երեւանի եւ Թբիլիսիի նույնանուն` «Բուրեվեստնիկ» թիմերի հանդիպումը։ Խաղը սկզբում անսովոր խաղաղ բնույթ էր կրում` կոշտ միջադեպեր չէին գրանցվում, եւ տրիբունաներում սկսվեց տարածվել «խոսացած խաղ է» հայտնի արտահայտությունը։ Երբ մրցակցությունը մոտեցել էր ավարտին, գրանցվեց միանգամայն անսպասելի գոլ` հյուրերի թիմի պաշտպաններից մեկը դաշտի կենտրոնից հուժկու հարվածով ջանաց հեռացնել գնդակը, եւ այն հայտնվեց մեր թիմի դարպասում։ Անակնկալի եկած դաշտի տերերը, առանց վայրկյաններ կորցնելու, գնդակը շտապ բերեցին կենտրոն, որպեսզի անցնեն հարձակման՝ պատասխան գոլային հարված։ Սակայն այդ ջանքերը զուր էին` հնչեց հանդիպման ավարտն ազդարարող մրցավարի սուլիչի ձայնը։ «Խոսացած խաղը» չկայացավ, եւ դա հաստատ կողմերի սրտով չէր։ Սակայն առավել ցավալին այն էր, որ ազնիվ մրցակցության ոգին, ինչի համար մենք սիրում ենք սպորտը, խաթարվեց։

Էլ ավելի ապշեցուցիչ դեպք գրանցվեց մի քանի տարի անց՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում։ Դժվարանում եմ հիշել մրցող թիմերի անունները, թեեւ դա չէ կարեւորը։ Խաղի ժամանակ մրցավարն արձանագրեց կանոնների կոպիտ խախտում եւ նշանակեց 11 մետրանոց հարված։ Սակայն 11 մետրանոցն իրացնողը գնդակը գլորեց ուղիղ դեպի դարպասապահը՝ ակնհայտորեն հույս փայփայելով, որ գոլ չի գրանցվելու։ Իսկ դարպասապահն էլ այլ նպատակ էր հետապնդում` վերջին պահին նա իրարից հեռացրեց ոտքերը, եւ գնդակը կտրեց-անցավ գոլ գրանցող նշագիծը…

Լաս Վեգասում նման միջադեպերը, իհարկե, բացառվում են, սակայն թեկուզ փոքր գումարի տեր դառնալու առիթները բաց թողնողները քիչ չեն։ Ասենք, Գլենդելից «Աշխարհի ամենահարուստ քաղաք» մեկնող ավտոբուսներից օգտվողները երբեք չեն դժգոհում իրենց նկատմամբ դրսեւորվող հոգատար վերաբերմունքից` ավտոբուսները երթեւեկում են անվճար, ավելին՝ ճանապարհին ուղեւորներին նվեր են բաժանում՝ 10-20 դոլար։ Ի դեպ, շատերը գերադասում են լինել MGM հսկա գրանդ հոթելում, որը հայտնի է ոչ միայն իր ճոխ խաղասրահներով, այլեւ 5005 տեղանոց հյուրանոցով եւ 15 հազար 200 հանդիսական ընդունող համերգասրահով։ Մեկնողներն էլ, եթե ցանկություն ունեն այստեղ մնալ երկու օր, կարող են գիշերել հյուրանոցում եւ նախաճաշել՝ վերստին անվճար։ Իսկ միակ տարօրինակ բանը նորեկների համար այն է, որ հյուրանոցների սենյակներն ընդունված կարգով չեն օդափոխվում, քանի որ պատուհանները մշտապես ու պինդ փակ են։ Ինչո՞ւ է այդպես, որովհետեւ բախտախաղի մոլի սիրահարները, տանուլ տալով խոշոր գումարներ, հուսահատության հասնելով՝ սենյակներից նետվում էին ցած։ Ողբերգական դեպքերը բացառելու համար հյուրանոցների բոլոր պատուհանները զմռսել են։

Նրանք, ում բավարարում են համեստ շահումները, նման ճակատագրական քայլերի, իհարկե, չեն դիմում, սակայն դիմում են այլ խորամանկ միջոցների։ Անձամբ իմ ուշադրությունը գրավել էր մի տարեց զույգ, հավանաբար` ամուսիններ էին։ Նկատեցի, որ նրանք, հենց որ խումբը մտնում էր կազինո, հանգիստ քաշվում էին մի խաղաղ անկյուն եւ նստում՝ սպասելով, որ լրանա տուն վերադառնալու ժամը` 4-5 ժամը։ Պարզ է, որ նրանց այստեղ է բերել այն 10-20 դոլարը, որ ստացել են ավտոբուսում։ Թիվը չնչին է, սակայն եթե կանոնավոր են նման ուղեւորությունները, գումարը պատկառելի է դառնում։

Այդուհանդերձ, շատերի երազանքն է գոնե ինչ-որ չափով արժանանալ ոմն Թոմի Ուիթքինսի բախտին, նրա, ով մի օր շահեց ռեկորդային քանակի` 38,7 միլիոն դոլար։ Իսկ ընդհանրապես, այս առումով բախտավորների տարեկան եկամուտը, ըստ հրապարակված տվյալների, ԱՄՆ-ում կազմում է 70 միլիարդ դոլար։ Ինչպե՞ս չօգտվես դրանից։ Ուսումնասիրությունները հանգեցրել են տխուր հետեւությունների, որ մոլեխաղերը ոչ միայն բերել-հասցրել են բիզնեսի սնանկացման, ընտանիքների քայքայման, աղքատության, բարոյական անկման, ընդհուպ մինչեւ ինքնասպանությունների։ Այնտեղ գործող խաղատներում գրանցված հանցագործությունների մակարդակն ութ տոկոսով բարձր է այն երկրներից, որտեղ փողով խաղերն օրենքով արգելված են։ Բայց մոլեխաղով ոչ բոլոր գայթակղվածներն են ձախողվում․ շահում են նրանք, ովքեր գիտեն ու կարող են ստույգ հաշվարկներ կատարել, ծանոթ են գործող կանոնակարգի նրբություններին։
Ամեն դեպքում, թող բախտը միշտ ձեզ ժպտա։

Միսակ Նազարյան