Դեպի ո՞ւր

Դեպի ո՞ւր

Երկու օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Տավուշ եւ որոշակիորեն փոխված տեքստեր ասաց, մեզ թվաց, թե ժողովրդի ձայնը տեղ է հասել, եւ երկիրը ղեկավարող անձը համապատասխան հետեւություններ է արել: Չէ՞ որ այս անգամ հայտարարել էր, որ տարածքները ոչ թե հանձնվելու են, այլ փոխանակվելու են եւ այլն: Մարդիկ, հատկապես Տավուշի սահմանամերձ հատվածներում ապրողները, հավատացին ՀՀ վարչապետին, ոգեւորվեցին, անգամ ոմանք հարցազրույցներ էին տալիս եւ հայտարարում, որ գոհ են, բավարարված են, հակառակն ասողներին ամոթանք էին տալիս եւ գովաբանում ՔՊ առաջնորդին: Իհարկե, կային նաեւ ավելի իրատես մարդիկ, որոնք ասում էին` հերթական անգամ խաբեց, եկել էր ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելու, քիչ հավանական է, որ իրենց ծրագրից սրանք հետ կանգնեն, Ալիեւի հանդեպ վախն այնպես է մտել ոսկորների մեջ, այնպիսի կուլիսային պայմանավորվածություններ ունեն, եվրոպաներում այնպիսի խոստումներ են տվել, որ քիչ հավանական է, թե դրանք վերանայվեն: Եվ, առհասարակ, 2020-ի աղետաբեր պատերազմից հետո ինչ չարագուշակ լուր տարածվել է, իրականություն է դարձել, որքան էլ որ անամոթաբար հերքել են, վիրավորել լուրը տարածողներին, չքմեղացել:

Պարզվեց` Տավուշից գյուղերի հանձնումը, ճանապարհներ տալը, անկլավ կոչվածները զիջելը, Արցախից հրաժարվելը... ամեն ինչ իրական է եւ ընդամենը ժամանակի հարց: Այսպես որ գնա, իրականություն են դառնալու մեր բոլոր մղձավանջային կանխատեսումները` «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցի փախստականների վերադարձի, միջպետական ճանապարհները կորցնելու, Հայաստանը մասերի բաժանվելու եւ թուրք-ադրբեջանցի հրոսակների ոտքի կոխան դառնալու մասին: Մեզ մնում է միայն հասկանալ` ի՞նչն է այս իշխանություններին ստիպում անել այս ամենը եւ մնալ իշխանության գլխին: