Նիկոլ, ո՞ւր են Տեղ գյուղի հերոսները

Նիկոլ, ո՞ւր են Տեղ գյուղի հերոսները

Տեղ գյուղը արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավորական ջոկատ ուներ։ Սյունիքում ռազմական թղթակից էի,  ամեն օր խոսում էի գյուղի կամավորական ջոկատի հրամանատար Մելիքսեթ Պողոսյանի հետ ու տեղյակ էի, թե տղաներն ինչ անուրանալի գործ էին անում։ Սխրանքներ էին գործում, հերոսներ էին։ Նույնը Խնձորեսկում, Կոռնիձորում, Գորիսի սահմանամերձ գյուղերում։  Ու՞ր են այն ժամանակվա հերոսները, Թուրուսի խութը գրավող Մելոն, մնացածները։ Ինչու՞ են լուռ։ Չէ՞ որ իրենց հայրենի գյուղն է մտել ադրբեջանցին, որտեղ կռիվ են տվել ամեն մի թիզ հողի համար։ Այդ հարցի պատասխանը կուզեի Նիկոլ Փաշինյանից լսել։

Ընդամենը մի արձանագրում կանեմ։ Այն տարածքը, որտեղ կռվում էր Մելիքսեթ Պողոսյանն իր ջոկատով, Նիկոլի օրոք հետ քաշեց իր ջոկատը։ Տարածքը հանձնվեց ադրբեջանցիներին։ Դրանից հետո ի՞նչ եղավ։ Մելիքսեթ Պողոսյանին նշանակեց մարզպետ։ Սյունիքից էլ՝ Մելոյի մարզպետությամբ, տարածքներ պոկվեցին ու հանձնվեց Ադրբեջանին։ Հետո իր դիմումի համաձայն Մելիքսեթն ազատվեց մարզպետի պաշտոնից։ Հետո որտե՞ղ գնաց։ Իհարկե, Նիկոլի գիրկը։ Ինչքան տեղյակ եմ, հիմա ՊՆ-ում է։ Ընդամենը մի փոքրիկ դեպք եմ ներկայացնում, թե ինչպես են փչացնում  հերոսներին։ Ու հիմա Փաշինյանի կինը խոսում է դասալիքներից։ Այդ ինչպե՞ս էր, որ նախկին հերոսները դասալիք դարձան, չկանգնեցին, չկռվեցին, ինչպես նախկինում։ Ո՞վ էր նրանց հրաման տվել, որ հետ քաշվեն, Ու՞մ հրամանով նրանք դասալիք դարձան, լքեցին տարածքը, Տեղ գյուղը պահող մեջքը կոտրեցին ու հիմա գերագույնի թևերի տակ թաքնված մոռացել են իրենց հայրենի գյուղը։ 

Նույնը վերաբերվում է մյուսներին, որոնք ՔՊ-ից պաշտոն են ստացել ու լռում, թաքցնում են, որ ադրբեջանցիները գրավել են Տեղ գյուղի թոքերը՝ արոտավայրերը, վարելահողերը, որոնք իրենց գոյությունն էին ապահովում։ Ինչի՞ եք սպասում, պաշտոնը թա՞նկ է ձեր Տեղ գյուղից։ Պաշտոնը, ապահովությունը թա՞նկ է ձեր հողից։ Ինչու՞ զենքը հավաքեցիք գյուղացիներից, վախենու՞մ էիք հրամանը չկատարելուց զրկվեի՞ք ձեր պաշտոններից։