Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում լարված իրավիճակ է
Երկու օր է անցել պարետի այն որոշումից, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը եւս ծառայելու է կորոնովիրուսով վարակված մարկանց բուժելուն։ Մենք գրեցինք, որ այնտեղ գտնվող հիվանդներին տեղափոխում են բժշկական այլ կենտրոններ եւ մեծ տարողունաակությամբ այս հիանդանոցը պատրաստվում է նոր հիվանդներ ընդունելուն։
Սակայն, պարզվում է, այդ նախապատրաստական աշխատանքներն անհարթ չեն անցնում՝ բուժանձնակազմից դժգոհություններ են հնչում, որ մեծ թվով հարցեր կարգավորված չեն։ Մասնավորապես, բուժանձնակազմի մի մասին կես հաստիք են դարձնում եւ անգամ առաջարկում են արձակուրդ գնալ, պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվել են եւ իրենց մշտական հիվանդներն էլ են դժգոհում։ Բուժանձնակազմը չգիտի իրեն ինչ է սպասվոմ եւ ինչպես են ապրելու: Ավելին՝ երեկ հրավիրված մեծ ժողովը՝ բուժանձնակազմի հետ, անհարթ չի անցել, անգամ քաշքշուկ է առաջացել ադմինիստրացիայի եւ բուժող բժիշկներից մեկի միջեւ: Մենք զրուցեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանի հետ: Հովակիմյանը փոխանցեց, որ այս պահին թվերով չի կարող խոսել, բայց կարող է ասել, որ իրենց հիվանդանոցի մոտ 1600 հոգանոց բուժանձնակազմի գերակշիռ մասը կհամաձայնի նոր պայմաններին եւ կշարունակի աշխատանքը․ «Բայց եթե մեր աշխատակազմը չի համաձայնի, մենք ստիպելով չենք բերելու գործի: Բացի այդ դրսից էլ են ներգրավվելու»: Այսինքն՝ բուժանձնակազմում կան մարդիկ, որոնք չեն ուզում աշխատել կորոնավիրուսով վարակված ների հետ, չնայած, Հովակիմյանի խոսքով, վարձատրության պայմանները բարելավվելու են եւ ինչպես կորոնավիրուսի համար մասնագիտացված հիվանդանոցում՝ Նորքի ինֆեկցիոնում է, Գրգոր Լուսավորիչում էլ բժիշկներն ավելի բարձր են ստանալու, քան սովորական ժամանակ։ «Հիմա եթե բժիշկը գրում է, որ ես համաձայն չեմ մնալ հյուրանոցում, բժշկուհին գրում է, որ համաձայն չեմ մեկուսացվեմ, ես ուզում եմ տուն գնալ, ասում ենք՝ տուն գնալ չկա. էպիդոլոգիական լուրջ խնդիր է դա, պայմաններն ասվում է, ասում ենք աշխատավարձն ավելի բարձր է, քան ստացել են, սնունդը ներառված է, բնակության տեղն ապահովվում է, բայց մարդը չի ուզում աշխատել, ռիսկի չի ուզում դիմել, ծնողներ ունի տանը եւ այլն, հրաժարվում են աշխատանքից: Մենք իրենց նույնիսկ, որպեսզի առանց ֆինանսավորման չուղարկենք տուն, առաջարկում ենք իրենց վաստակած արձակուրդայինի մասը վերցնել, մինչեւ հասկանանք, 15 օրը մեկ քննարկվելու է, տեսնենք երկիրը դեպի ուր է գնալու», ասաց ԲԿ տնօրենը: Հարցրեցինք, այսինքն եթե հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմը համաձայնի աշխատել, կշարունակե՞ն աշխատանքի, ի վերջո, ոչ բոլորն են վիրուսաբաններ կամ մասնագիտացված բժիշկներ. «Այո, տեղավորվելու են եւ այլ կենտրոններից էլ են տեղափոխվելու: Վաղը երեւի կսկսվի գործընթացը եւ բոլոր բարդ դեպքերը կտեղափոխեն մեր հիվանդանոց, եւ կարիք կլինի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի, նեղ մասնագետների եւ մասնագետների խորհրդատվության կարիք, եւ այդ պատճառով մասնագետները աշխատելու են այստեղ 400 հիվանդների հետ: Ես կարող եմ ասել, որ հիմնականում մեր մարդկային ռեսուրսով է ապահովվելու հիվանդանոցը»: Հարցրեցինք նաեւ միջադեպի մասին, հաստատեց, որ սուր քննարկում է եղել. «Քաշքշուք չի եղել, աշխատանքային գործընթացի մի մաս է եղել, որեւէ խնդիր չկա: Ժողով է եղել, խոսել են իրար հետ»: Ասաց նաեւ, որ այսօր էլ են ժողով հրավիրել եւ նորմալ քննարկում է եղել:
Կարծիքներ