Ես նախազգուշացումներ եմ ստացել , որ, եթե բացակայեք երկրից՝ ձեր տղաները կկալանավորվեն․ Աղվան Հովսեփյան

Ես նախազգուշացումներ եմ ստացել , որ, եթե բացակայեք երկրից՝ ձեր տղաները կկալանավորվեն․ Աղվան Հովսեփյան

«Ես ուղերձներ, նախազգուշացումներ եմ ստացել համապատասխան մարմիններից, որ, եթե հանկարծ փորձեք բացակայել երկրից, ձեր տղաներն անմիջապես կկալանավորվեն»։Այս մասին իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ժամանակ ասաց քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ դրա մասին ասում է առաջին անգամ, ոչ ընտանիքի անդամներին է ասել, ոչ էլ փաստաբաններին։

«Ես չեմ պատրաստվել երբեք այս երկրից բացակայել, այս ընթացքում եղել է, որ ես գնացել եմ, վերադարձել եմ նորից, չեմ ունեցել նպատակ, հիմա էլ չունեմ խուսափել ոչնչից։ Ես իմ ողջ կյանքում ոչնչից եւ ոչ ոքից չեմ խուսափել։ Երբ ընտանիքիս անդամները, հարազատներս կունենան խնդիրներ, ո՞րն էր նպատակն այդ խնդիրների․ որ ինձ տեսնեին այստեղ եւ տեսնեին անպայման կալանքի տակ։ Կան մարդիկ, որոնք ուզում են, որ ես գտնվեմ կալանքի տակ»,-նշեց նա։

Նշենք, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործը երեկ է ուղարկվել  դատարան։ Հսկող դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը և  քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 310-րդ հոդվածով (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հինգ դրվագ): Իսկ 2021թ դեկտեմբերի 10-ի որոշմամբ Վրեժ Մարկոսյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: