Վասն հավուրպատշաճության

Վասն հավուրպատշաճության

Վերջին օրերին Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը լրագրողներին հրավիրում է լուսաբանել կազմակերպվող խորհրդարանական լսումները: Որքանո՞վ է մամուլն արձագանքում՝ պարզ չէ: Համենայնդ դեպս, այդ թեմայով հրապարակումների չենք հանդիպում, տեղական հեռուստատեսությունն է միայն կարճ ռեպորտաժներ հեռարձակում: Իսկ ի՞նչ լսումների մասին է խոսքը: Մի դեպքում արցախցի օրենսդիրներին հետաքրքրել է քրեական օրենսգրքի՝ թմրանյութերի օգտագործմանը վերաբերող հոդվածը:

Պատգամավոր Խանումյանն առաջարկել է մարիխուանա օգտագործելու համար քրեական պատասխանատվություն չնախատեսել, քննարկման մասնակիցներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել:

Երկրորդ լսումները նվիրված էին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում փոփոխություններին: Տարածված պաշտոնական տեղեկատվությունից, սակայն, չի հասկացվում, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է: Պարզ է միայն, որ լսումները դարձյալ անարդյունք էին: Հարց է առաջանում՝ եթե հարցերը նախապատրաստված չէին եւ գտնվում էին աշխատանքային քննարկումների մակարդակում, ապա ի՞նչ կարիք կար խորհրդարանական լսումներ կազմակերպել:

ԱԺ համապատասխան հանձնաժողովները չէի՞ն կարող սահմանված ընթացակարգով ուսումնասիրել պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները եւ կայացնել համապատասխան որոշում: Կարող էին, բայց ,,խորհրդարանական լսումներ,, ասվածը բավական հնչեղ է: Դրանից տպավորություն է ստեղծվում, թե Արցախի օրենսդիր մարմինը քրտնաջան աշխատանքային ռեժիմի մեջ է, ապահովում է քննարկվող հարցերի հանրային թափանցիկություն:

Ամեն ինչ, այսպիսով, արվում է վասն պատշաճության կամ ինչպես ռուսներն են ասում՝ ради галочки: Եթե այդպես չլիներ, Արցախի ԱԺ-ն խորհրդարանական լուրջ լսումներ կկազմակերպեր ղարաբաղյան կարգավորման, տարածաշրջանային եւ առհասարակ աշխարհաքաղաքական զարգացումների հրատապ թեմայով: Տարածաշրջանը բառիս բուն իմաստով եռում է, ԼՂ հարցով ամենատարբեր մակարդակներից ենթատեքստային ակնարկներ են արվում, սպասվում են նոր զարգացումներ, Հայաստան-Արցախ հարաբերություններում ամեն ինչ մինչեւ վերջ պարզ չէ, իսկ Արցախի խորհրդարանականները ժամանակ եւ նյարդեր են ծախսում՝ որոշելու, թե արժե՞ մարիխուանա ծխելու համար անձին քրեական պատասխանատվության ենթարկել, թե կարելի է բավարարվել տուգանքո՞վ կամ կորնական կազմակերպությունների գործունեությունը համապատասխանու՞մ է սահմանադրության պահանջներին, թե՞ ոչ:

Ասես բոլոր հրատապ հարցերը կարգավորվել են, մնացել է Եհովայի վկաների խնդիրը: Ներկայիս խորհրդարանին մնացել է գործունեության ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատված: Եւ ցանկալի կլիներ,որ գոնե լիազորությունների ավարտին ընդառաջ ինչ-որ մի նշանակալի քայլ աներ: Թեկուզեւ սկսեր նոր ընտրական օրենսգրքի վրա աշխատել: Կամ՝ «Տեղական ինքնակառավար մասին» օրենքի: Չէ՞ որ եկող տարի ՏԻՄ ընտրություններ են սպասվում, որ պիտի անցկացվեն փոփոխված սահմանադրության համաձայն: