Սա տակտիկա է․ անցել է երկրորդական պլան

Սա տակտիկա է․ անցել է երկրորդական պլան

44- օրյա պատերազմում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չգիտի, թե ինչ է պատերազմը, որ դեպքում են պատերազմ սկսում։ Նրան թվում է, թե երբ թշնամին հարձակվում է իր տարածքի վրա ու ինքը պաշտպանում է իր տարածքը, դա նշանակում է, որ ինքը սկսում է պատերազմ։ Նա ենթադրում է , որ նման դեպքում չպետք է սրել իրավիճակը և պետք է խաղաղ ձևով  թշնամուն հանձնել մեր տարածքը։  Այդ մեթոդով էլ նա սկսել է ՀՀ սուվերեն տարածքների հանձնումը։ 2021 թվականին, երբ ադրբեջանական զորքը մտավ Սև լիճ և գերեվարեց մեր զինվորներին ու դիրքավորվեց, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․  «Մենք ասենք, որ հա նայենք ուսումնասիրենք, ասե՞նք մենք Սև լճի էդ 30 տոսկոսի համար պատերազմ ենք սկսում, ոչ, չի լինում նման բան, մենք չենք գնալու իրավիճակի սրման: Մենք գնալու ենք իրավիճակի խաղաղ հանգուցալուծման» :

Նման «մեծահոգի վերաբերմունքից հետո» ադրբեջանական կողմն ամբողջովին գրավեց Սև Լիճը։ Ինչու՞ գերեվարվեցին մեր զինվորները, ինչու՞ առանց դիմադրության հանձնվեցին թշնամուն։ Այդ հարցի պատասխանն էլ Նիկոլ Փաշինյանը տվել է․ «Ո՛չ, ես եմ հետ քաշվելու հրաման տվել, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»,-ասել է նա: 

Նույն մեթոդով շարունակում է հանձնել մյուս տարածքները՝ իբր պատերազմ չի սկսում։ Հանգիստ, տեղը տեղին ՀՀ տարածքները նվիրում է։  Ու այս ամենն անում է՝  իր թիմակիցների կողմից մատուցվող  աղանդերով։ Մի օր կռվում են, մի օր թքում, մի օր ականջ ու լեզու պոկում․․․ Սա կարևոր արգումենտ է, ինքը անցել է երկրորդ պլան։ Այսպես են ուղղորդել։ Տարածքների հանձնման ֆոնին ներքին գզվռտոց պիտի լինի, հանրությունը պիտի դրանով զբաղված լինի, իսկ ինքը շառ ու փորձանքից հեռու հրեշավորների մեջ պիտի հրեշտակ թվա։  Առաջին պլանում իր Աշոտիկն է, իր թիմակիցները, կինը․․․ Ինքը նստած ծառի տակ նկարում է նապաստակ։ Իբր կակաչ է տնկում, աղբ է հավաքում, կուկուռուզ ուտում․․․ Ու զավեշտալին գիտե՞ք որն է։ Իբր պետություն ենք, ազգային ժողով, պետական կառույցներ, պաշտոնյաներ  ունենք ու հանրությունն ամեն օր ականատես պիտի լինի նրանցից մեկի բացահայտմանը։ Նպատակը մեկն է։ Ներքին գզվռտոցի աղմուկի տակ լռեցնել Հայաստանի ձայնը։ Առայժմ ստացվում է։ Զբաղված ենք այս կամ այն պաշտոնյանին անվստահություն հայտնելու գործընթացով, այնինչ Նիկոլին պիտի հանել երկրորդական պլանից ու ասել՝ սա է ձեր ողջ թշվառության, տառապանքի պատճառը։ Պետականության կորուստը պիտի փնտրել ոչ թե այլ ՔՊ-ականների, այլ փտած արմատի հետ։ Փտած արմատը պետք է հեռացնել։ Եվ զուր ժամանակ չվատնել ցավի ճառագայթման վրա։ Վարչապետի պաշտոնանկությամբ պիտի զբաղվել և ոչ թե նրանից բխող օբյեկտների պաշտոնանկությամբ։