Անասնակեր վաճառողը բուհի ղեկավա՞ր

Անասնակեր վաճառողը բուհի ղեկավա՞ր

Ավելի քան 3,5 տարի է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը չունի տնօրեն։ Այն ղեկավարում է տնօրենի ժ/պ Անուշավան Մակարյանը։ Վերջինս, ըստ մեզ հասած տեղեկությունների, ընդամենը կատարում է տեղապահի դեր։ Բուհն իրականում ղեկավարում է փոխտնօրեն Մհեր Օթարյանը, ով առայժմ չի համապատասխանում տնօրենի համար օրենքով սահմանված չափանիշների պահանջներին։ Մհեր Օթարյանը ԵՊՀ ԻՄ տնօրենի՝ ԵՊՀ ռեկտորի սրտի թեկնածուն է։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթ չի հայտարարվելու այնքան ժամանակ, մինչև վերջինս չհամապատասխանի տնօրենի պաշտոնի անձնագրով սահմանված չափանիշներին։

Օթարյանն ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Միջազգային տնտեսական հարաբերություններ բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան, ինչը բավարար չէ անգամ դասախոսելու համար։ Ընդ որում՝ բուհի փոխտնօրենի պաշտոնին նշանակվելուց առաջ նա մեկ օր անգամ չի աշխատել որպես դասախոս։ Փոխարենը Իջևանում զբաղվել է անասնակերի և շինանյութերի առևտրով, որից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից նշանակվել է Իջևանի մասնաճյուղի փոխտնօրեն։ Այս ընթացքում ՀՀ բոլոր բուհերում, որտեղ եղել են տնօրենի կամ ռեկտորի թափուր հաստիքներ, լավ թե վատ, տեղի են ունեցել ընտրություններ, իսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը սպառել է մրցույթ հայտարարելու բոլոր խելամիտ ժամկետները՝ անտերության ու անորոշության մատնելով մի ամբողջ բուհ, միմիայն այն պատճառով, որպեսզի ժամանակը ձգեն, թեկնածուն գիտական թեզ պաշտպանի եւ կարողանա տնօրենի մրցույթին մասնակցել ու հաղթել։

«Հրապարակը» զրուցել է Մհեր Օթարյանի հետ:

- Պարոն Օթարյան, մենք տեղեկացանք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «սրտի» թեկնածուն Դուք եք: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ո՞վ Ձեզ ասաց, որ ես եմ ռեկտորի թեկնածուն: Մեկնաբանելու ոչինչ չկա: Ի՞նչ ա նշանակում Ձեր ասածը: Ես աշխատում եմ համալսարանում, էլ ավելացնելու ոչ մի բան չունեմ:

- Ե՞րբ են տեղի ունենալու ռեկտորի ընտրությունները, ի՞նչ կարգով, մենք գիտենք, որ դուք նախընտրելի թեկնածու եք:

- Երևանի հետա ամբողջ խնդիրը, իրենք պետք է մրցույթ հայտարարեն, չգիտեմ ես….

- Մայր բուհի միակ մասնաճյուղը տևական ժամանակ է չունի ռեկտոր, տնօրենի ԺՊ-ն է ղեկավարում: Չե՞ք հետաքրքրվում, թե ինչո՞ւ չեն ընտրում ռեկտոր:

- Ես Ձեր հարցի հասցեատերը չեմ, չգիտեմ: Մրցույթ հայտարարողը ես չեմ:

- Մենք նաև տեղեկացանք, որ Դուք գիտական աստիճան չունեք, նման դեպքերում անգամ դասախոս աշխատել չեն կարողանում, ինչպե՞ս առանց գիտական աստիճան ստանալու դարձաք բուհի փոխտնօրեն:

- Այսինքն` որտե՞ղ է նման բան նշված, որ պարտադիր պետք է գիտությունների թեկնածու լինի փոխտնօրենը: Ամեն ինչ ընթացակարգով է արված:

- Ե՞րբ եք պատրաստվում գիտական աստիճան ստանալ:

- Ես հիմա էլ սովորում եմ, կարող ա….

- Որտե՞ղ եք սովորում:

- ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: