Սեւ կարապին սպասելիս

Սեւ կարապին սպասելիս

Արցախի ինքնորոշման իրավունքն ամրագրված է Անկախության հռչակագրում, իսկ վերջինս ՀՀ Սահմանադրության հիմքն է: Նշանակում է, որ երկրի որևէ իշխանություն իրավունք չունի հրաժարվելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումից: Այս բանաձևն անընդհատ լսում կամ կարդում է հայրենիքի զգացողությամբ օժտված անձը: Այսքանը հասկացանք, իսկ հետո՞: Ի՞նչ պետք է լինի այն բանից հետո, երբ նիկոլանման մեկը հրաժարվի այդ բանն անելուց: Եթե բավարարվում ենք խնդիրն արձանագրելով, ապա դա նշանակում է, որ ոչինչ էլ չենք անում:

Քանի որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը թքած ունի այդ արձանագրման վրա: Եվ ինքը գնալու է մինչև վերջ՝ մինչև Արցախի հարցից ու, միաժամանակ, բեռից ազատվելուն: Դա ավելի քան հստակ է, քանի որ վերջին ժամանակներս նրա խոսույթի հիմնական բովանդակությունը 29800 քառկմ-ը պահպանելն է: Եվ փորձում է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ, ինչը, բնականաբար, բավարար համարվել չի կարող: 2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի սեպտեմբեր թշնամուն հանձնված ՀՀ տարածքները՝ որպես դրա վկայություն: 

Վերադառնանք հարցին՝ ի՞նչ անենք եթե, այնուամենայնիվ, գործող իշխանությունը հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց: Առաջին՝ հեռացնել: Երկրորդ՝ հեռացնել: Երրորդ՝ հեռացնել: Որովհետև եթե դա չի արվում, ապա մնացածն անիմաստ է: Անիմաստ է Արցախի ինքնորոշման իրավական հիմքեր ներկայացնելը: Անիմաստ է, նոյեմբերի 9-ի դեմ կռիվ տալը: Որովհետև այն իրողություն է, որը կարող է վերանալ զուտ այլ իրողության հանդես գալու դեպքում: Որպես նորմալ անձնավորություն՝ բազմաթիվ ինձ նման անձանց հետ ես չեմ ընդունում նոյեմբերի 9-ի իրողությունը: Բայց չընդունելը նյութականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ես ունենամ լծակներ: Դրանք ես չունեմ, չունեն նաև ինձ նման անհատները: Ունի միայն գործող իշխանությունը: Իսկ վերջինս անողնաշար է՝ նրա ուժը պատում է ոչ թե թշնամու, այլ սեփական երկրի՝ համարյա թե անպաշտպան քաղաքացու վրա: 

Մի խոսքով, ինչ-որ շրջապտույտի մեջ ենք հայտնվել, որից դուրս գալ չենք կարողանում: Սպասում ենք Նասիմ Թալեբի սև կարապին: Իսկ այդ ընթացքում ադրբեջանցիներն ուզում են վերակենդանացնել 1920 թվականի դեկտեմբերի 2-3-ի հայ-թուրքական ստորացուցիչ պայմանագիրը, որը չեղյալ համարվեց Հայաստանի բոլշևիկացմամբ: Դրանով Հայաստանի Հանրապետությունում տեր ու տնօրինություն էին անելու թուրքերը: Իլհամի կողմից Նիկոլին և Հայաստանին ուղղված սպառնալիքները՝ թվով վերջին և հերթական, ուղղված են ընդամենը 10 հազար քառ/կմ-անոց տարածք մեզ թողնելուն: Բայց, ինչպես հնում է ասվել, հույսը մեռնում է վերջինը: