Ինչպես պայքարել

Ինչպես պայքարել
լուսանկարում՝ Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան է

Բաքվում «սուգ է հայտարարված»: Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն որոշել է քրեական հետաքննություն սկսել այդ երկրի փոխարտգործնախարար Վասիլի Բոդբարի նկատմամբ՝ քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածով: Այս տարվա ապրիլի 24-ին Բոդնարը նամակ էր հղել Ուկրաինայի պետական ծառայողներին՝ հորդորելով ձեռնպահ մնալ «հայոց ցեղասպանություն» ձեւակերպումն օգտագործելուց: Փոխարտգործնախարարի այդ քայլ ուկրաինական հանրությունը եւ քաղաքական շրջանակներն ընդունել էին ոչ միանշանակ, իսկ երկրի խորհրդարանի իշխող՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Դարյա Վոլոդինան դիմել էր պատկան մարմիններին՝ իրավական գնահատական տալու Վասիլի Բոդնարի հորդոր-պահանջին: Թվում է՝ ի՞նչ կա արտառոց: Եթե հետաքննության մարմինը Բոդնարի քայլն իրավական տեսակետից ուկրաինական օրենսդրությանը հակասող չճանաչի, ապա քրեական գործը կկարճվի եւ Վոլոդինային կմնա միայն հիասթափությունը: Պարզվում է՝ ոչ, դա զուտ ներուկրաինական խնդիր չէ: Վասիլի Բոդնարը ՎՈՒԱՄ կազմակերպության ուկրաինական կողմից համակարգողն է, իսկ Ադրբեջանը ֆորմալ առումով դեռեւս անդամակցում է այդ կառույցին: Եւ կարելի է հարյուր տոկոսի վստահությամբ պնդել, որ Բոդնարն այդ արտառոց քայլին գնացել է ի դիմաց Բաքվից ստացած նյութական փոխհատուցման: Դա է վկայում Դարյա Վոլոդինայի մասին ադրբեջանական կողմի պեղած տեղեկատվությունը, թե վերջերս նա «շքեղ ապարտամենտներ է նվեր ստացել Ուկրաինայում հայտնի մեծահարուստներ հայր եւ որդի Մխիթարյաններից՝ Կիեւի կենտրոնում նրանց կառուցած Taryan Towers համալիրում»:

Ինչ-որ հաջողության հասնելու համար պաշտոնական Բաքուն Կիեւում «զորաշարժի է ենթարկել» թուրք-ադրբեջանամետ գործիչների մի ջոկատ, որը Վոլոդինային մեղադրում է Ուկրաինայի «պետական շահերն անտեսելու եւ հայկական անջատողականությանը սատարելու մեջ»: Գործի է դրվել նույնիսկ հակառուսականության հանգամանքը: Իբր, Հայաստանը միջազգային ատյաններում մշտապես կողմ է քվեարկում Ռուսաստանի նախաձեռնություններին, մինչդեռ «Թուրքիան եւ Ադրբեջանը պաշտպանում են Ուկրաինայի ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը»: Ղրիմի նկատմամբ թուրքական հավակնությունները ոչ ոքի համար գաղտնիք չեն, իսկ Ադրբեջանը գործնական հարթությունում ոչինչ չի ձեռնարկել հանուն Ուկրաինայի: Վասիլի Բոդնարն, ըստ ամենայնի, գերազանցել է պաշտոնեական դիրքն ու լիազորությունները: Հակառակ դեպքում Ուկրաինայի իշխանությունները նրան քրեական հետապնդումից ապահովագրելու ձեւ կգտնեին: Այդուհանդերձ, պետք է առաջին հերթին գնահատել ուկրաինահայ համայնքի ներդրումը: Եթե նա հանրային բողոք չարթնացներ, ապա Բոդնարի ինքնագործունեությունը հաստատ մնալու էր աննկատ: Ահա թե ինչպես են պայքարում ազգային արժանապատվության համար: