Այդ երբվանից հովանոցը դարձավ զենք, իսկ քաղաքական ակտը` բռնություն գործադրել

Այդ երբվանից հովանոցը դարձավ զենք, իսկ քաղաքական ակտը` բռնություն գործադրել

Այս իշխանությունների անամոթությունն ու ապօրինությունները սահման չունեն: Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Քրեական վարույթ են նախաձեռնել «ՀՀ վարչապետի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ»: Որն է առերևույթ բռնություն գործադրելու փորձը: Պարզվում է` Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարած այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում մի 47-ամյա կին, անձրեւանոց է նետել ՀՀ վարչապետի ուղղությամբ։ Եւ քննչական մարմինը սա համարել է առեերեւույթ բռնություն գործադրելու փորձ ու ձերբակալել է կնոջը:

Հաղորդագրության մեջ այս վայ-իրավաբանները գրել են, որ «ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ»։ Այդ երբվանից որեւէ իր նետելը դարձավ բռնություն գործադրել եւ այդ երբվանից իր կողմից ընտրված իշխանությունների նկատմամբ իրականացված քաղաքական ակցիան դարձավ «վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտել»: Սրանք տեղյակ չե՞ն, որ Եվրոպայում կոշիկ են նետում Մակրոնի ուղղությամբ, պոմիդորներ ու ձվեր են նետում տարբեր նախագահների վրա: Ի՞նչ է` Նիկոլ Փաշինյանի արյունը Մակրոնի ու Թրամփի արյունից կարմի՞ր է եւ ինքն անձեռնմխելի՞ է: 

Սրանք եւ անօրինական են ու բռնակալ, որ պատրաստ են պետության տնօրինած բոլոր ուժային լծակներն օգտագործել վարչապետի աթոռին նստածին ժողովրդից պաշտպանելու համար, որ նա մազին դիպչող չլինի: Եւ տարրական տղամարդկություն չունեն, որ կնոջ հանդեպ բռնություն չկիրառեն եւ ապօրինաբար չձերբակալեն:

Ի դեպ հոդվածն էլ դրել են Քրօրի ամենածանր հոդվածներից մեկը` Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, որը պատժվում է սկսած տուգանքից, մինչեւ 10 տարի ազատազրկում, եթե իրականցվել է «զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ»: Վստահ ենք` կասեն հովանոցը հենց այդ հարմարեցված առարկան է:

Արեգ Մարգարյան