Ծանր քար

Ծանր քար

Վաղուց եմ այս պատմվածքը կարդացել, բայց հինգ տարի է, ինչ զույգով եկան իշխանության, անընդհատ այս պատմվածքն եմ հիշում․ 

Թռչունի մեջքին քարեր են կապում ու սովորեցնում, որ նա այդ ծանրության տակ կարողանա թռչել: Ահա թե ինչ էր ասում հերոսը.

-Ոչ թե քարը պետք է ծանր լինի, այլ թևերը ուժեղ:

Հայ ազգը իր ճախրանքը, թևերի ուժը ցույց է տվել՝ իր հաղթանակներով։ Նիկոլը եկավ ու հայ ժողովրդից խլեց իր հաղթանակները։ Ճախրող թռչունի մեջքին ծանր քարեր դրեց, որ թռչունը չկարողանա ճախրել։ 

․․․Ու հիմա իր զույգի հետ հրճվում է, որ թռչունը չի կարողանում բարձրանալ։ Զույգի իգատեսակի հայտարարությունն այդ տեսանկյունից դիտարկեք, երբ ասում է, որ 44- օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև 11 հազար դասալիք ենք ունեցել։ Այդ նույնը բանն ասել է մեր թշնամին՝ Ալիևը։ Նույնը ասել է զույգի արու տեսակը՝ հինգերորդ շարասյուն անվանմամբ։ Դրանից ավելի խայտառակ հայտարարություններ են զույգով արել ու անում։ Դրանք այն ծանր քարերն են, որ ամեն օր ամուսիններով բարձում են թռչունի մեջքին ու թվում է նրանց, որ թռչունն էլ չի բարձրանալու, չի ճախրելու․․․

Հավատացեք, այդ ծանր քարերը մի օր իջնելու են նրանց գլխին, ովքեր բարձել են թռչունի մեջքին։ Այդ ծանր քարերը ուժեղացնելու են մեր թևերը, ու մենք վերագտնելու ենք մեզնից խլած հաղթանակները։ Եվ օդում՝ բարձրությունից, այդ ծանր քարերը նետելու ենք նրանց գլխին ու թեթևացած սավառնենք։ Ակամայից հիշեցի Վիլյամ Սարոյանի պատմությունը․ 

-Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:

-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…

-Ինքնաթիռով պիտի տանիմ…

-Ինչու՞ համար…

-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը: