Այս իշխանությունն արդեն համոզել է, որ անկարող է

Այս իշխանությունն արդեն համոզել է, որ անկարող է

Հարցազրույց դերասան Հրանտ Թոխատյանի հետ

- Նկատեցինք, որ մի քանի օր առաջ երիտասարդական ֆորումին էիք մասնակցում, Դուք բավականին ակտիվ եք, բայց Ձեր դերասան գործընկերներից քչերն են այսօր ակտիվ: Ինչո՞ւ: Ինչո՞վ է նրանց անտարբերությունը պայմանավորված:

- Դժվարանում եմ ասել: Ով ակտիվ է` ակտիվ է, ով ոչ՝ ոչ: Շատերն էլ ինձ կարող են համարել ոչ ակտիվ: Չունեմ ֆեյսբուքյան էջ, լայվեր չեմ անում եւ այլն: Չեմ կարողանում, չեմ անում….

- Արցախն արդեն 6 ամիս է՝ բլոկադայի մեջ է: Ունե՞ք հարցի լուծման Ձեր տարբերակը:

- Ցավոք, ոչ: Չգիտեմ, թե ոնց պետք է հարցը լուծել:

- Իսկ գուցե այս իշխանությունների հեռացո՞ւմը կարող է հարց լուծել:

- Ամեն անգամ մենք կարծում ենք, թե գործող իշխանությունն ամենավատն է, եւ որ հեռանան, բոլոր հարցերը կլուծվեն, սակայն ես միանշանակ չեմ կարող ասել: Այս իշխանությունների սխալները, այո, շատ-շատ են, սակայն միանշանակ ասել, որ այս իշխանությունը հեռանա, նոր իշխանություն գա, բոլոր հարցերը կլուծվեն, դա էլ միանշանակ չէ: Պետք է հասկանալ` ի՞նչ անել, որպեսզի մեր հարցերը կարողանանք ինքներս լուծել: Այս իշխանությունն արդեն համոզել է, որ անկարող է, մնում է դա իրենք հասկանան: Մեզ պետք են արհեստավարժ ուժեր, գործի գիտակներ:

- Նորանկախ Հայաստանի պատմության ո՞ր շրջանը կառանձնացնեք՝ որպես լավ, անհոգ, խաղաղ ու արժանապատիվ շրջան….

- Որպես այդպիսին՝ երբեք էլ հանգիստ շրջան չենք ունեցել: Միշտ ինչ-որ բան խանգարել է Հայաստանի զարգացմանը: 90-ականներից սկսած՝ Հայաստանը խնդիրների մեջ է: Իհարկե, ունեցանք հաղթանակներ, սակայն արի ու տես, որ չկարողացանք հայրենիքը վերակառուցել, ու այդպես շարունակ: Միշտ ինչ-որ մարդիկ ինչ-որ բանից դժգոհ են եւ երկիրը կառուցելու փոխարեն զբաղված են ինչ-որ այլ բաներով:

- Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը շատ է փոխվել` պառակտվել, բաժանվել ճամբարների: Համացանցում մարդիկ անիծում ու հայհոյում են իրար: Հայ հասարակությունն այսպիսին եղե՞լ է:

- Մեր հասարակությունը երբեք միատարր չի եղել, բայց այսօր դա արտահայտվում է ահավոր ձեւով: Սեւ-սպիտակ պառակտումը, նախկին-ներկա տարբերակումներն առաջ են մղվել, եւ մենք սկսել ենք ապրել ատելության մթնոլորտում: Ատելությունը Հայաստանի պես երկրների համար անթույլատրելի է:

- Ձեր դերասան ընկերներից ոմանք Հայաստանից հեռանում են: Արտագաղթում են հատկապես ԱՄՆ: Դուք չունե՞ք հայրենիքը լքելու ցանկություն:

- Հնարավորություն ունեմ, սակայն չեմ գնում: 1988-ից ԱՄՆ մեկնելու հնարավորություն ունեմ, սակայն ես ինձ առավել հանգիստ ու անհրաժեշտ զգում եմ Երեւանում: Ամեն դեպքում, ես ոչ մեկին չեմ քննադատում Հայաստանից հեռանալու համար: Ամեն մարդ ինքն է որոշում ինչ անել եւ որտեղ անել: