«Քաղաքական երկխոսությունը» հանդիպում-քննարկում է կազմակերպել

 «Քաղաքական երկխոսությունը» հանդիպում-քննարկում է կազմակերպել

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը  անցումային արդարադատության և դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հանդիպում-քննարկում է նախաձեռնել։ 

Միջոցառումը բաց է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, փաստաբանների, իրավապաշտպանների համար։

Բանախոսներն են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի»  ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքի եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը, նախկին դատավոր Պարգև Օհանյանը և այլք։

Միջոցառմանը բացման խոսքով հադնես եկավ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
«Մենք մեզ չենք կարող ճոխություն թույլ տալ և որոշակի ժամանակահատվածով կասեցնել դատական համակարգի գործունեությունը: Ցանկացած բարեփոխում իրականացնելու ենք այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից»,- նշել է փոխնախարարը:

Աննա Վարդապետյանը նաև հավելել է, որ անցումային արդարադատությունն ընթացակարգ է, մեխանիզմների ամբողջություն և ոչ թե ինստիտուտ, այն ժամանակավոր բնույթ է կրում: «Այս ամենն ինքնանպատակ չէ. մենք ունենք կարևոր խնդիր՝ ընտրել այն գործիքը, որը լավագույնս կօգնի «բուժել» այս իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը ։

«Հրապարակի» հետ զրույցում «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության համահիմնադիր Արամայիս Ավետիսյանը նշում է, որ այս հանդիպում-քննարկումը տեղի է ունենում իրենց ծրագրի շարքերից մեկի շրջանակում․ «Սա հանդիպում-քնարկումների շարք է։ Շարքը նվիրված է նրան, որ փորձենք հնարավորինս սերտ ու աշխատանքային համագործակցային հարաբերություններ ձևավորել օրենսդիրի, գործադիրի , արտախորհդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև։ Նման ծրագիր իրականացնելու մտահաղացումը եկել է այն պատճառով, որ նախորդ տարիներին իշխանությունների կողմից հետևողական քաղաքականություն է տարվել այն մասին, թե քաղաքականությունը անբարոյականություն է։

Մշտապես իշխանությունները փորձել են քաղաքացիական հասարակությանն ու քաղաքական ուժերին միմյանց հակադրել։ Հենց նմանատիպ կարծրատիպերն էլ կոտրելու համար այս շարքն ենք նախաձեռնել, որտեղ ենթադրվում է, որ ամեն դեպքում պետք է համագործակցություն լինի»։