Քաղաքում սև շոր չեմ տեսել․ ամառ է՝ բաց գույներ են հագնում․ Ալիկ Սարգսյան

Քաղաքում սև շոր չեմ տեսել․ ամառ է՝ բաց գույներ են հագնում․ Ալիկ Սարգսյան

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին Hraparak.am-ը հարցրեց՝ ի՞նչ է կարծում՝ կարելի՞ է մարդկանց տեղորոշել և կողմնորոշվել՝ ելնելով սև հագուստից։

«Ես չեմ իմանում, ես էդ ամեն ինչին լուրջ չեմ վերաբերվում, չգիտեմ, ուրիշներին հարցրեք»,- նախ ասաց Ալիկ Սարգսյանը։ «Չգիտեմ, ես սև շոր չեմ տեսել, բոլորն էլ, ամառ է, բաց գույներ են հագնում»,-ավելացրեց նախկին պատգամավորն ու նախկին ոստիկանապետը։

Նա երկար ժամանակ է՝ չէր երևացել, և նրա մասին երեկ ԱԺ ամբիոնից հիշեցրել էր ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին հարցնելով, թե իրեն ծանո՞թ է «Մակրո Երևան» ՍՊԸ-ն, որը  զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով, իսկ ավելի ուշ շինարարական աշխատանքներով զբաղվելու թույլտվություն է ստացել։ 

Արման Բաբաջանյանը նաև հայտարարեց, որ Յոլյանն ու Ալիկ Սարգսյանը համասեփականատեր են այդ ընկերությունում։ Ալիկ Սարգսյանը, ով հայտարարում էր, թե ոչ մի բան չգիտի, երեկ է եկել Եգիպտոսից, ուր հանգստանալու էր տարել թոռներին՝ փոխանցեցիք Բաբաջանյանի հարցը։
Վերջինս ասաց․ «Մակրո Երևանում» էդ շենքն է, որտեղ որ ապրում ենք մենք հիմա, էդ հիմնարկի մեջ տներ ունենք՝ ամեն մեկս մի-մի հատ»։
Երեկ հարց հնչեց «Մարկ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի մասին, որը զբաղվում է մեծածախ և մանրածախ էլեկտրատեխնիկայի վաճառքով, որտեղ ևս, ըստ ԱԺ ամբիոնից հնչած հայտարարության, Սարգսյանը համասեփականատեր է նույն Ալիկ Սարգսյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանի հետ։

Ալիկ Սարգսյանն ասում է․ «Ինչ-որ էդ հարցում էդ իտալացին դիմում է գրել, ինչ-որ ապուշ բան է գրել, որ բաժնեմաս-բան, որը ոչ մի հեռանկար չունի, կարճվելու է։ Եղբայրս է էդ գործի մեջ, որևիցե խախտում չկա»։
Ասում է, որ ինքը՝ չէ, բայց եղբայրը բաժնեմաս ունի, չգիտի՝ տասը տոկոս ավե՞լ, թե՞ պակաս։

Երեկ Յոլյանը լրագրողներին ասել էր, որ եղել են  կազմակերպություններ, որոնք պատկանել են իրեն  ու իր  ընտանիքին, մրցակցությանը չեն դիմացել և 4-5 տարի է՝ չեն գործում։