Բացիլ ու իմբեցիլ

Բացիլ ու իմբեցիլ

Մեր պատմական անցյալում շատ ամոթալի էջեր են եղել․ է՛լ դավաճաններ ու անհույս ռոմանտիկներ, որոնք բանակցել են թշնամիների հետ եւ անդառնալի վնաս հասցրել պետությանն ու ժողովրդին։ Է՛լ վախկոտներ, որոնք մի փոքր խիզախություն չեն դրսեւորել վճռական պահին, է՛լ ագահներ, որոնք մի քանի դրամ շահի համար հայրենիքն են վաճառել, է՛լ փառասերներ, որոնք հանուն փառքի, ազգային ողբերգության պատճառ են դարձել։ Իսկ ի՜նչ ծանր շրջափուլեր ենք անցել մեր պատմության ընթացքում, երբ հլու-հնազանդ ենթարկվել ենք օտարի լծին՝ առանց ընդվզելու փորձ իսկ անելու։

Երբ յաթաղանի տակ ենք դրել մեր գլուխն ու անմռունչ կոտորվել։ Երբ հալածել ենք մեր լուսավոր գլուխներին եւ ազգովի մասնակցել նրանց խոշտանգմանը՝ փոխանակ կրծքով պաշտպանեինք նրանց։ Լսել ու ընտրել ենք տարբեր բախտախնդիրների, հանդուրժել ապաշնորհներին ու թալանչիներին, խաբվել խաբեբաներից, մեծարել անարժաններին, քարկոծել արժանիներին։

Ո՞ր մեկը հիշես։ Հիմա՝ 21-րդ առաջադեմ դարում էլ շատ խելացի, ճկուն, հեռատես ու ազնիվ չենք։ Էլի թացը չորից չենք կարողանում զատել։ Ավելին՝ մեր անցյալի աղտերից ու թերություններից էլ չենք կարողացել ազատվել։ Ո՛չ ազնիվներին ու արդարներին ենք ընտրում, ո՛չ նվիրյալներին ենք տարբերում աճպարարներից, ո՛չ առաջամարտիկներին ենք դրսեւորվելու, առաջ գնալու հնարավորություն տալիս։ Իսկ ի՜նչ բառամթերք ու գործիքակազմ ենք կիրառում քաղաքական հակառակորդների դեմ՝ ուղղակի սոսկալի է․ «ներքին թշնամի», «բացիլ ու իմբեցիլ», «աղբաման ու գործակալ»։ Նրանց հանդեպ այնպիսի ատելությամբ ենք լցված եւ ոչնչացնելու մարմաջով, կարծես մեզ յաթաղանի քաշող թուրքը լինի մեր դիմաց կանգնած։ Մինչդեռ մեր օրերում անգամ երկրի սահմաններից դուրս թշնամի փնտրելը հիմարություն է, ուր մնաց՝ ներսում։