«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը գործի է անցել 

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը գործի է անցել 

Հանրության մեջ «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումն ստացած կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի աշխատակից համարվող Մովսես Հարությունյանը, որ ֆեյսբուքյան իր էջում զբաղված է հիմնականում ընդդիմությանը վարկաբեկելով և «նիկոլական» քարոզչություն իրականացնելով, երեկ մոդուլային զորանոցի ինչ-որ լուսանկար է տեղադրել իր էջում ու փորձել այդպիսով արդարացնել այս իշխանությունների հանցավոր անգործությունը։

Նա նախ նշել է, թե «ոչ մի արդարացում չկա հապաղման համար` միանշանակ է», ապա ավելացրել․ «Բայց պետությունը փորձել էր զինվորներին վրաններում տեղավորելու փոխարեն ապահովել նրանց գոնե փակ տանիքով` մինչև Հայաստան կհասնեին իտալական մոդուլային զորանոցները»։

Վերջում էլ ՀԳ-ով տեղեկացրել, թե այս զորանոցների 1-ին խմբաքանակն արդեն ՀՀ-ում է։ 

Իհարկե, վերոնշյալ ՊՈԱԿ-ից կարող են ասել, թե սա իր անձնական գրառումն է՝ իրենք դրա հետ կապ չունեն, բայց ենթադրել կարելի է, որ իրենց աշխատակցին այս լուսանկարներն ու տեղեկությունը տրամադրել են համապատասխան կառույցներից ու հուշել, որ այսպիսի գրառում կատարի։ Ու հիմնականում հենց այսպիսի անձանց ու գրառումների պատճառով է, այս կառույցն անվանում են «Ֆեյքերի ՊՈԱԿ», թե չէ՝ բոլորն էլ այս ՊՈԱԿ-ի լրիվ ու ճիշտ անվանումը գիտեն։

Այս երիտասարդը, որ պարբերաբար հանդես է գալիս իբրև թե արդարությունն ու ճշմարտությունը, իսկ իրականում՝ իշխանությանը պաշտպանող գրառումներով, ոչ մի անգամ չի հիշել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, բոլորովին վերջերս բյուջեից մոտ կես միլիոն դոլար հատկացնելով՝ իր տիկնոջ ու թիկնապահների համար հինգ նոր ամենագնաց ձեռք բերեց։ Չի հիշատակել նաև մյուս ճոխ գնումների, գաղտնի որոշմամբ կառավարական ամառանոցը վերանորոգելու, զրահապատ մեքենաներ ձեռք բերելու և մյուս արատավոր երևույթների մասին՝ արդարացիորեն նկատելով, որ այդ գումարներով կարող էին բանակը զինել կամ զինվորների համար պատշաճ պայմաններ ապահովել։ Ու հիմա հանկարծ որոշել է լուսանկար հրապարակել, թե զորանոցները գալիս էին, պարզապես մի քիչ ուշացան։ Լավ է՝ չի գրել, թե կարևորը՝ հրշեջներն են շուտ հասել։

Ի դեպ, եթե իր նախորդ գրառումների տակ միշտ հայտնվում էին Մովսեսի խելքի ու գաղափարների տեր օգտատերեր կամ ֆեյքեր, որոնք սկսում էին համատարած ընդդիմությանը դեմ ու իշխանությանը կողմ քոմենթներ անել, ապա այս դեպքում մեկնաբանությունները մեծամասամբ քննադատական են։

Նկատենք նաև, որ «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ում կան նաև նորմալ մասնագետներ, որոնք տիրապետում են տարածաշրջանային լեզուներին՝ թուրքերեն, ադրբեջաներեն, վրացերեն, պարսկերեն, այդ լեզուներով թարգմանություններ են անում, տեքստեր տարածում, փորձում են ինչ-որ բան անել արտաքին տեղեկատվական ճակատում, բայց կան նաև այնպիսիք, որոնց արարքների պատճառով մարդիկ շարունակում են պնդել, որ այս կառույցն ավելի շատ ոչ թե «Հանրային կապերի և տեղեկատվության», այլ հենց իշխանական քարոզչությունն ապահովող «Ֆեյքերի ՊՈԱԿ» է։