Դեն նետել կենսազանգվածի մորթին

Դեն նետել կենսազանգվածի մորթին

Պարտություն կրած պատերազմից հետո մեզանում ծայր առած հականիկոլական շարժումը բախվում է հասարակության մի զգալի հատվածի՝ նիկոլապաշտ հանրության կամ ավելի ճիշտ՝ կեսազանգվածի, դիմադրությանը: Դիմադրությունը հատկանշվում է թե՛ գործող իշխանության կողմից ուղղորդված լինելու և թե՛ «սեփական» վարքագծային հանգամանքով: Չակերտավոր սեփական, քանի որ վերջին 13 տարում և հատկապես դրա վերջին երկու և կես տարում այդ կենսազանգվածը մանիպուլյացվել է այն աստիճան, որ արտաքին գործոնի ազդեցությունը տրանսֆորմացվելով՝ դարձել է սեփական համոզմունք: Դա նախկինների կողմից համատարած թալանի և ժողովրդի ունեզրկման (իրականում հիմնականում ճշմարտացի) դրույթի հասցվելն է ֆետիշիզմի աստիճանի:        

Կենսազանգվածը հենց նրանով է կենսազանգված, որ իր համար առաջնային և ես կասեի՝ նաև միակ, պահանջմունքը կենցաղային խնդիրների լուծումն է, ինչը դժբախտաբար հատուկ է հայ ժողովրդին: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ այդ զանգվածի համար առաջնային չէ սեփական հայրենիքի տեսլականը, ինչն էլ աղճատում է այդ հայրենիքի պատկերը: Հայրենիքը պարփակվում է տան կամ լավագույն դեպքում բակի շրջանակով, իսկ եթե տվյալ անձը սիրում է թրև գալ սրճարաններում, ապա՝ քաղաքի փոքր կենտրոնի տարածքով: Նման մարդկանց համար Արցախ հասկացությունը հավասարազոր է ընդամենը խնդրի՝ եթե ունեն զավակ, որ ծառայում է կամ կարող է ծառայել Արցախի սահմաններում:  

Իսկ ինչո՞ւ է կենցաղային խնդիրների լուծումը դարձել միակ և առաջնային պահանջմունք մեզ համար. պատճառը մեր պատմությունն է, կամ ավելի ճիշտ մեկ հազարամյակ պետականությունից զուրկ լինելը: Դա բերել է նրան, որ մարդկանց անհանգստության միակ առարկան եղել է սեփական ընտանիքը. բոլոր հնարավոր միջոցներով այդ ընտանիքի նկատմամբ հոգածությունը: Դա կարող էր և հաճախ էլ հակասության մեջ էր մտնում համայնքի մյուս անդամների շահերի հետ. օրինակ՝ սիրուն աղջիկներին մահմեդական տիրակալների աչքից թաքցնելը, իսկ օսման թուրքերի դեպքում՝ նաև երեխա տղաներին, որոնց կարող էին առևանգել ու տանել ինչ-որ մեկի հարեմ կամ լավագույն դեպքում սուլթանի ենիչերների ռազմական դպրոց: Դա ինչպե՞ս կարող էր վերածվել շահերի բախման. սեփական երեխային թաքցնելով և հարևանի երեխային մատնացույց անելով կամ որոշակի պարգևատրման դիմաց երեխային թաքցրած հարևանին մատնացույց անելով:    

Առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ ընտանիքի նկատմամբ այդ հոգածությամբ հանդերձ մեզանում կլանային համակարգի թերզարգացությունը: Կարծում եմ, որ դրա պատճառը ազնվականական դասի կամ տոհմիկ խավի բացակայությունն էր. արաբները, իսկ այնուհետև սելջուկ թուրքերն ու մոնղոլները իսպառ բնաջնջեցին հայ հասարակության այդ հատվածի ներկայացուցիչներին: Դրանց բացակայությունը (բացառություն էին կազմում կիսաանկախ ղարաբաղյան մելիքները) պայմանավորեց նաև երկրի ներսում ազատագրական շարժումների կազմավորման անհնարինությունը, իսկ Դավիթ Բեկի, որին, ի դեպ, հրավիրեցին Թիֆլիսից, առաջնորդությամբ Ղարաբաղում ծավալված շարժումը  հենց ասվածի վկայությունն է:   

Արտաքուստ ամբողջ ասվածին հակընդդեմ երևույթ է 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը՝ սկիզբ առած Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և տարածված Երևանում: Բայց եթե մտաբերենք, որ Խորհրդային Միության տարիներին հանապազօրյա հացի խնդիրը լուծված էր, և այդ հսկայական երկրի քաղաքացին 40 տարի իրեն ապահովված էր զգում, ապա հայրենասիրական զարթոնքը կարելի է դիտարկել որպես բնականոն երևույթ: Հատկապես, որ դրան նախորդել էր 60-ականների «Խրուշչովյան հալոցքի» տարիներին 1915 թ. ազգային ողբերգության հիշատակի զարթոնքը: Իսկ նման դեպքերում անհրաժեշտ է մի հզոր կայծ, և միջին վիճակագրական բնակիչը անմիջապես կարող է վերածվել քաղաքացու՝ դեն նետելով իրեն պատող կենսազանգվածի մորթին: Մնում է, որ ժամանակակից կենսազանգվածի համար այդ կայծը չհանդիսանա զուտ սննդամթերքի և լայն սպառման ապրանքների սպասվելիք թանկացումը:   

Վախթանգ Սիրադեղյան