Հասնում է

Հասնում է

ԱԺ Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի շիշ բռնելու աճպարարական հմտությունների մասին նույնիսկ պրոֆեսիոնալ շրջանակներում են առասպելներ պատմում, դեկտեմբերի 28-ին խորհրդարանի ամբիոնից սպառնաց ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը։ Քաղաքացիական պատերազմ հրահրելու անուղղակի կոչով հանդես եկած սույն անձն իր ելույթով նաև փաստեց, որ այլևս չի վստահում ԱԱԾ-ին և ոստիկանությանը, հենց դրա համար էլ ոչ միայն «հորդորում է, խնդրում, այլև պահանջում է» նրանցից՝ կատարել իրենց պաշտոնական պարտականությունները, եթե ոչ․․․  Պատգամավորի ելույթում ամենահետաքրքիրն հենց այստեղ է՝ եթե ոչ-ից հետո, որովհետև այդ ժամանակ է, որ «սկսվում» է քաղաքացիական պատերազմը։

Պարզվում է, որ նույն  օրը, իր հետ կապված միջադեպից հետո, երբ քաղաքացիները Ազգային ժողովի շենք պատգամավորի վեհաշուք մուտքի պահին նրա մականունն էին բարձրաձայնում, իսկ ինքը գերակտիվ արձագանքում էր, «տուժողին» զանգել են բազում մարդիկ և իրենց աջակցությունը հայտնել․․․ Ով գողականից քիչումիչ հասկանում է՝ հասկանում է նաև այդ խոսքերի իսկական նշանակությունը։ Հասկանում են նաև նրանք, ովքեր հեռու են գողականից ու գողալեզվից։ Որովհետև վերջիններս էլ իրենց հերթին հիշում են նոյեմբերի 9-ից հետո մամուլում հայտնված բազում այն հրապարակումները, որոնցում սույն պատգամավորը շիշ բռնողի կարգավիճակից բարձրացել-դարձել էր․․․ զենք բռնող՝ խումբ էր հավաքագրում-զինում՝ ի պաշտպանություն ժողվարչապետի։

Մամուլը, լրատվակայքերը, ֆեյսբուքը պատմության համար պահպանել են ոչ միայն բազում ականատեսների գրավոր վկայությունները, այլ նաև շատ հետաքրքիր տեսագրություններ այդ «սրբազան» արարողություններից․․․

Բայց զարմանալին այն էր, որ ո՛չ այդ օրերին, ո՛չ էլ այնուհետև հանրությունը չտեսավ, համենայն դեպս՝ չիրազեկվեց, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը գնացել  են համապատասխան հրապարակումների ետևից, դրանք ընդունել որպես հայտարարություններ հանցագործության մասին, հանդես եկել հերքող կամ այլ հայտարարությամբ։ 

Ահա թե որտեղի՛ց է սույն պատգամավորի «դուխը»՝ հոխորտալ ԱԱԾ-ի և ոստիկանության վրա․․․

Հասնում է։