Բարեգործությո՞ւն եք ուզում անել՝ օգնեք 5 երեխա ունեցող բազմազավակ այս ընտանիքին

Բարեգործությո՞ւն եք ուզում անել՝ օգնեք 5 երեխա ունեցող բազմազավակ այս ընտանիքին

46-ամյա Արման Գրիգորյանը 5 փոքր երեխաների հայր է։ 16, 14 եւ 12 տարեկան դուստրերից հետո անսպասելիորեն երկվորյակ են ունեցել՝ տղա եւ աղջիկ։ Այս բազմազավակ ընտանիքը՝ երկու նորածինների հետ, տուն չունի, ապրում է ծանոթներից մեկի տրամադրած տարածքում՝ Նուբարաշենում, որը դժվար է անգամ տուն անվանելը։ Միակ աշխատող ձեռքն Արմանն է, եւ ընտանիքի հայրը Վերնիսաժի մոտակայքում՝ ամառ, թե ձմեռ, առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկո մեքենա է լվանում, օրական 4-5 հազար դրամ վաստակում։ Դա է այս բազմանդամ ընտանիքի միակ եկամտի աղբյուրը։

Ողջ օրը ոտքի վրա կանգնած՝ երիտասարդ հայրը «վաստակել» է երակների թրոմբ եւ ոտքերի ուժեղ ցավ, բայց չի զլանում աշխատել՝ ընտանիքը պահելը նրա գլխավոր հոգսն է։ Եվ նա կառավարությունից միայն մի բան է ակնկալում՝ հնարավորություն տան իրեն աշխատել, վաստակել, օգնեն, որ իր մանկահասակ երեխաների առանց այն էլ դժվար կյանքը մի փոքր հեշտանա։ Նուբարաշենում, որտեղ ապրում է ընտանիքը, մի կտոր՝ 300-400 քառակուսի մետրանոց հող տան, որ այնտեղ իր ուժերով տուն կառուցի։

«Այնտեղ օրինական ու անօրինական հողեր կան, որոնք դակումենտ չունեն, եւ հնարավորություն կա, որ մարդիկ կարենան տուն սարքեն։ Այդտեղ ընթացքում կաշխատեմ կամ դոմիկ կդնեմ ու կամացից կսարքեմ»,- իր երազանքն է ներկայացնում Արմանը։ Նրան հարցնում ենք՝ ինչ-որ հույսե՞ր է կապում Նիկոլ Փաշինյանի, նոր իշխանությունների հետ։ Ասում է․ «Նիկոլ Փաշինյանին՝ մեր վարչապետին, մենք վիզ դրեցինք մեր ժողովրդով, ես էլ եմ եղել իր միտինգներին՝ սկսած էն Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից։ Ցանկացած միտինգի եղել եմ․․․ ես հավատում եմ»։

Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը հիշեցրինք, երբ ասում էր՝ աղքատությունը պետք է ձեր ուղեղում հաղթահարեք։ «Աղքատությունը հանելու համար պիտի գոնե ինչ-որ մի հույս լինի, չէ՞, ինչ-որ մի ճանապարհ։ Եթե սիգարետը քո ձեռքն ա, լուցկի չեղավ, դու կարա՞ս էդ սիգարետը վառես։ Երբեք։ Մեր վարչապետն ասում ա՝ վեր կաց եւ քայլիր։ Ես պետք է մի հույս ունենա՞մ, որ կարանամ շարժվեմ։ Կամ՝ ինչքա՞ն քայլեմ։ Առավոտից իրիկուն քայլում եմ․ 6 հոգու պահում եմ, որից 3-ն անչափահաս են, երկուսը մոր կաթ են ուտում։ Ես դպրոցական երեխաներ ունեմ, ջահել աղջկերք են․․․ ուզում են․․․ ես որ ասեմ՝ չեք հավատա, մեկումեջ ուրիշի շորեր եմ հագնում, տասնքանի տարի է՝ իմ համար շոր չեմ առել։ Հազիվ երեխեքին եմ հասցնում»։

Արմանը շատ է աշխատում, բայց միայն երեխաների սննդի ու կոմունալ ծախսերին է աշխատածը հերիքում։ Երբեք իրեն թույլ չի տալիս ընկերոջ հետ գնալ սրճարան, սուրճ կամ գինի խմել։
Պատմում է, որ նախկինում եղել են դեպքեր, որ դիմել է տարբեր մարմինների, պաշտոնյաների․ «Գրավոր էլ, բանավոր էլ․․․ ասել են՝ մեր ուժերից վեր է, ասել եմ՝ բա ո՞ւմ դիմեմ, որ օգնեն։ Լիքը մարդիկ են եղել՝ գործարարներ, կառավարության պաշտոնյաներ։ Մի անգամ են օգնել, շնորհակալ եմ շատ Գագիկ Ծառուկյանին, էն վախտ 3 երեխա ունեի, դեռ զույգերս չէին ծնվել… միակ մարդն ինքն ա եղել, որ ինձ օգնել ա»։

Արմանը զարմանում է․ «Մարդիկ կան, բարեգործություն են անում՝ դպրոց, ասֆալտ, եկեղեցի, ես չեմ հասկանում՝ բարեգործությունն ասֆալտ փռե՞լն է, թե՞ բարեգործությունը մարդու համար է, որ նա ապրի»։ Ու խոստանում է՝ մի քիչ վիճակս լավանա, էլի երեխա կունենամ՝ «երեխուց լավ բա՞ն»։ Ասում է, որ դիմել է վարչապետի կնոջ հիմնադրամին, հույս ունի, որ Նոր տարվա շեմին իր երեխաներին չեն անտեսի՝ մի բանով կօգնեն։

Նախկինում Արմանը բանվորություն է արել, Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել, բայց կարոտել է Հայաստանն ու հետ եկել։ Հիմա ասում է, որ էլի սկսել է մտածել գնալու մասին՝ երեխաներին ոտքի կանգնեցնել է պետք։