Պուտինի ներկայացուցիչը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ

Պուտինի ներկայացուցիչը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ

Հունվարի 17-ին արձանագրվեց հայ-ռուսական օրակարգի առաջին առնչությունը նոր վարչապետի օրոք՝  նախագահ Պուտինի Մերձավոր Արևելիքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հանդիպում ունեցավ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Հանդիպումը փակ է եղել։ 

Բովանդակությունը դեսպանատունը չի բացահայտում, ընդամենը նշելով, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրադրության շուրջ։ 

Քանի որ Բոգդանովը ՌԴ նախագահի գլխավոր բանագնացն է այս օրերին ՌԴ համար խիստ ակտուալ համարվող Լիբիայի հարցով, կարելի է ենթադրել, որ հանդիպման կարևոր հարցը հենց սա է եղել։ Անցնող շաբաթ Բոգդանովը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի, Չինաստանի դեսպանների հետ։ Երեկ, հիշեցնեմ, Գերմանիայում տեղի ունեցան բանակցություններ Լիբիայի, Թուրքիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ալժիրի, Եգիպտոսի, ԱՄԷ, Չինաստանի մասնակցությամբ, քննարկում էին զինված կոնֆլիկտի  հետևանքով Լիբիայում ստեղծված իրավիճակի կարգավորումը։ 

Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ բարձր մակարդակով կոնսուլտացիաներ է անցկացնում հենց այս հարցով։ 

Ի դեպ, այսօր Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Լիբիայի քաղաքական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու փետրվարի սկզբին։ Հայտնի է, որ հունվարի սկզբին Թուրքիան հայտարարել է, որ զինված աջակցություն կցուցաբերի Ազգային համաձայնության կառավարության  ղեկավար Ֆայեզ Սարաջին։ 

Մյուս կողմից այս օրերին հակակառավարական ցույցեր են տեղի ունենում նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Այս երկրում մոտ 7 տոկոս հայ բնակչություն կա։ Լիբանանի հարցը ևս ակտուալ է դառնում տարածաշրջանային կայունության իմաստով։