Զարմանալի

Զարմանալի

«Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Թրամփի վերջին հրաժեշտի արարողությունը։ Արարողությանը մասնակցել են նախագահ Թրամփն ու նրա տիկին Մելանյա Թրամփը։ Այս մասին հայտնում է CNN-ը»։ Լրատվամիջոցներում հայտնված այս ինֆորմացիան, ճիշտն ասած, զարմացրեց: Փաստորեն աշխարհի ժողովրդավարության միջնաբերդ ԱՄՆ-ում նախագահների հարազատ հանգուցյալներին կարող են «հյուրընկալել», ապա հրաժեշտ տալ երկրի նախագահի պաշտոնական նստավայրում՝ Սպիտակ տանը:
Ես ինչ-որ չեմ հիշում, որ, ասենք, Կրեմլում երկրի որևէ ղեկավարի հարազատի դագաղ բերած լինեին՝ հրաժեշտի համար (երկրի ղեկավարի՝ այլ բան): Դա գուցե ԱՄՆ նախագահի հերթական քմահաճո՞ւյքն է, թե՞ գործել են օրենքներ, որոնք արտոնել են պետության խորհրդանիշ-նստավայրում ժամանակավոր սգո սրահ բացել: 

Մոտ երկու տարի առաջ մահկանացուն կնքած ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին, օրինակ, Թրամփ զույգը հրաժեշտ էր տվել, ինչպես պաշտոնական տեղեկատվությունն է նշում՝ Վաշինգտոնում, ինչից ենթադրվում է՝ ոչ Սպիտակ տանը: Հետևաբար ինչո՞ւ պիտի նախագահի եղբոր վերջին հրաժեշտի արարողությունը կատարվեր Սպիտակ տանը:
Բնականաբար՝ մեր ցավակցությունը նախագահ Դ. Թրամփին: Եվ մեր զարմանքը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը. որքանո՞վ է վերոբերյալ տեղեկությունը համապատասխանում իրականությանը (կից լուսանկարը և համացանցում հայտնված տեսանյութը չնայած ինքնին հավաստում են). արդյո՞ք դա ԱՄՆ օրենքներով թույլատրելի արարողություն է:

Եթե՝ այո, ապա ԱՄՆ-ը խիստ յուրօրինակ ժողովրդավարական երկիր է: