Փաշինյանը թիրախներ է փնտրում

Փաշինյանը թիրախներ է փնտրում

Նորաստեղծ քաղաքական ուժերին հանրությանը ծանոթացնելու նպատակով զրուցել ենք «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ։ Այս կուսակցությունը  ձեւավորման ավարտական փուլում է եւ քաղաքական ներկապնակում ձգտելու է զբաղեցնել կենտրոնը, ինչի մասին կուսակցության նախագահը բազմիցս հայտարարել է: «Մենք բեւեռ չենք դառնալու, մենք կենտրոնն ենք ձեւավորելու եւ մեր շուրջ համախմբելու ենք ռացիոնալ,  պրոֆեսիոնալ, խելամիտ ուժերի ու երկրին ծառայելու ունակ քաղաքական գործիչների։ «Մեկ Հայաստան»-ը կմիավորի տեխնոկրատներին։ Մեր համակիրների եւ գաղափարակից հանրույթի հետ տարվում է ինտենսիվ աշխատանք՝ կուսակցությանը պոտենցիալ անդամակցողների քանակը եւ որակն ապահովելու համար։ Կուսակցությունը լինելու է պրոֆեսիոնալների հանրույթ՝ մոտ 30 ոլորտի մասնագետներ, հեղինակություն ունեցող մարդիկ»,- ասում է Արթուր Ղազինյանը: 

- Դուք ասում եք՝ կենտրոնամետ եք, բայց չե՞ք կարծում, որ ավելի շատ ընկալվում եք որպես ծայրահեղ ընդդիմություն: 

- Քաղաքական ընդգծված կենտրոնական ուժ մեր քաղաքական մշակույթում չենք ունեցել, հետեւաբար, հանրության լայն շրջանակի համար դեռեւս դժվար է ընկալել «Մեկ Հայաստան» կուսակցության հստակ կերպարը։ Ցնցումներ ապրող այսօրվա Հայաստանում մեծ, կասեի՝ թաքնված պահանջարկ կա քաղաքական, տնտեսական, իրավական կայունության, կանխատեսելիության։ Չափից դուրս բեւեռացված իրավիճակը, բեւեռների միջեւ էմոցիաների, ատելության, անհանդուրժողականության մեծ չափաբաժինը կարող է իր հետեւից բերել վտանգավոր զարգացումներ։ Կենտրոնի առկայությունը կանխում է հնարավոր նմանատիպ գործընթացները։ Մենք կողմնակից ենք հավասարակշռված քաղաքականության։ 

- Քաղաքական ուժերն ունեն ծրագրեր՝ մեկը մյուսին համարյա կրկնող։ Ավելի ճիշտ չէ՞ մեկ ոլորտից սկսել։ Օրինակ՝ Դուք, ունենալով իրավական կողմնորոշում, սկսեք այդ ոլորտից։ 

- Օպտիմիստ եք, երբ ասում եք՝ քաղաքական ուժերն ունեն ծրագրեր։ Ես ուրախ կլինեի, եթե հայաստանյան քաղաքական  միջավայրը հիմքում ունենար  ծրագրային, դոկտրինալ քննարկումներ, եւ տարբեր ուժեր ներկայացնեին տարբեր ոլորտների քաղաքականության իրենց պատկերացումը։

Օրինակ, ինչպիսին պետք է լինի առողջապահության կամ կրթության համակարգը։ Ցավոք, մենք այսօր գտնվում ենք ներկայի եւ անցյալի առճակատման մեջ։ «Ընդդեմ»» գաղափարը մարդկանց ավելի արագ է միավորում, քան «հանունը», բայց նաեւ արագ փոշիանում է, քանի որ չունի ցեմենտային ապահովում, գործող օրակարգ՝ ի դեմս Փաշինյանի։ Նա արագ՝ մեկ ամսվա ընթացքում գեներացրեց քաղաքագիտական կանոններում չտեղավորվող ֆանտաստիկ վարկանիշ եւ նույն արագությամբ էլ կսկսի դա սպառել։  

- Կսկսի՞, թե՞ արդեն սպառում է։ 

- Չէի ցանկանա գնահատական տալ: Իշխանության ներկայացուցիչները կարծում են, թե իրենք բարձր վարկանիշ ունեն,  այնինչ դա մոլորություն է, որովհետեւ իշխանությունն այս պահին անգամ անելիքների վերջնական տեսլական չունի։ Դուք նշեցիք իրավական հարթությունը։ Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին կոչն անմիջապես մենք դատապարտեցինք, բայց դա չի նշանակում, թե մենք սահմանափակվում ենք իրավական հարցերով։ Հետագայում կմշակենք տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, արդեն սկսել ենք էներգետիկ, տրանսպորտային անվտանգության հայեցակարգերի մշակումը։ 

- Ինչո՞ւ իրավականից սկսեցիք: 

- Եթե ունենայինք նման հայեցակարգ, ապա ոչ մի վարչապետի կամ նախագահի մտքով երբեք չէր անցնի դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել: Դա քաղաքական եւ իրավագիտական նոնսենս է: Ես չեմ պատկերացնում մի իշխանություն, որն իրավունք վերապահի պետության դատական համակարգի վերաբերյալ նման հայտարարություններով հանդես գալ: Մենք առաջին հերթին օրակարգ բերեցինք իրավական անվտանգության հայեցակարգի մշակումը, որը սկսվում է իրավական կրթությունից, դպրոցներից՝ ընդհուպ մինչեւ հիմնարար կրթություն, ապա հմտությունների կատարելագործման կրթական բազա, որի հիմքով կձեւավորվի իրավական հանրույթը: Դա Իրավաբանների միությունն է, որը պետք է արտոնագրի իրավական ծառայությունների մատուցումը եւ էթիկայի կանոնների խախտման դեպքում պետք է անմիջապես հետ կանչի արտոնագիրը: Այդ միության մոդելն ԱՄՆ-ում էֆեկտիվ աշխատում է: Հետո կանդրադառնանք օրենսդրական ակտերի մշակմանը, հետո միայն՝ դատական համակարգի կոնցեպտուալ վերանայմանը: Մենք կողմնակից ենք դատական համակարգի շարունակական բարեփոխմանը, բայց դատական համակարգում վիրահատությունը, հեղափոխությունը, ժողովրդի իշխանությունը կեղծ կատեգորիաներ են: Դատական համակարգը պետության ողնաշարն է, եթե այն սնանկացնում ենք, եթե անընդհատ խոսում ենք դատարանների հանդեպ ցածր վստահության մասին, պայթյունավտանգ իրավիճակ ենք առաջացնում: 

- Ձեր հայեցակարգում վեթթինգ կիրառելո՞ւ եք, թե՞ ոչ։

- Վեթթինգը պետք է կիրառվի բարձր պաշտոնի նշանակվող յուրաքանչյուր անձի հանդեպ՝ մինչեւ նշանակումը: Դա օրենսդրությամբ սահմանված որոշակի ստուգման ընթացակարգ է: Դատավորների պարագայում օրենքով սահմանված պահանջներ կան: Եթե նա բավարարում է օրենքի պահանջներին, ուրեմն  խնդիր չունի: 

- Այսինքն՝ պահանջները խստացնել պե՞տք չէ: 

- Ոչ: Կարծում եմ՝ այսօրվա օրենսդրությամբ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության  նկատմամբ ազդեցության գործիքակազմն անթույլատրելի մեծ է: Այս պարագայում եւս մեկ գործիք տալ կառավարությանը՝ կհանգեցնի միահեծան, բացարձակ իշխանության ձեւավորման, մեկ անձի իշխանության: Ընդ որում, այդ մեկ անձն այսօր պատրաստ չէ կառավարել երկիրը: Փաշինյանն ինքն է ասել, որ հանպատրաստից դարձավ վարչապետ: 

- Եթե, այնուամենայնիվ, վեթթինգն ու անցումային արդարադատության տարրեր կիրառվեն, Սահմանադրության, օրենքների մեջ փոփոխություններ պետք կլինե՞ն:   

- Դա կեղծ օրակարգ է, որը երբեք չի կարող իրականանալ: Դա բարդ գործընթաց է: Ես չեմ պատկերացնում, թե այսօրվա իշխանությունն ինչպես է դա իրականացնելու: Փոխել օրենսդրական բազան, որը նախատեսում է դատարանների անկախության երաշխիքներ, եւ հանձնել գործադիր իշխանության հսկողությանը՝ ոչ մի միջազգային կառույց չի ընդունի, ոչ մի իրավական պետություն կոնցեպտի մեջ չի տեղավորի, եւ կհանգեցնի հակասահմանադրական ու հակաժողովրդավարական քայլերի: Եվ ո՞րն է դրա նպատակը: Վեթթինգի մասին Փաշինյանի հայտարարությունը նախորդեց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ: Դա թաքցնելու նպատակով, իրեն չմեղադրեն, հորինվեց կեղծ օրակարգ: Որքան այն աղմկահարույց ու վիճելի լիներ, այնքան կմոռացվեր, թե ինչպես Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ: Երկու նախագահները ներկայացան դատարանին, ու Փաշինյանը չիմացա՞վ: Նա ինքն է ասել, որ այդ քայլն իր հետ համաձայնեցված է եղել: 

- Դուք ասում եք, որ կենտրոնամետ եք, բայց միայն քննադատում եք այսօրվա իշխանությանը:  

- Եթե բարձրաձայնում ես իշխանության սխալները, պետք է նաեւ առաջարկներ ներկայացնես․ դա կառուցողական մոտեցում է: Մենք իշխանությանն առաջարկեցինք հրաժարվել վիրահատական միջամտությունից եւ ընտրել կարդինալ ճանապարհը․ եթե իրենք չեն կարող գնալ այդ ճանապարհով, մենք կարող ենք։ Մենք ունենք բավարար ակադեմիական միտք եւ պրոֆեսիոնալ իրավաբանների հետ համագործակցության տարբերակներ: Մեզ ասում են՝ նախկիններին չեք քննադատում: Ինչո՞ւ  թիրախ դարձնենք նախկիններին, որոնք փաստացի մերժված են, որոնց գնահատականը տրված է, որոնք մեզ համար քաղաքական գործոն չեն: Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին դարձրեց քաղաքական գործոն: Նա Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն: Փաշինյանը չունի ուղենիշներ, նա թիրախ է փնտրում, թիրախային քաղաքականություն է վարում: Ինչքան թիրախն ավելի հասկանալի լինի էլեկտորատին, այնքան իր գործերը կհեշտանան: Ահա ինչու նա թիրախ դարձրեց ու քաղաքական ասպարեզ բերեց մի սուբյեկտի, որի նկատմամբ հասարակության մի մասի մոտ բավականին ընդգծված վերաբերմունք կա: Մանվել Գրիգորյանին ժողովրդի պահանջով կալանավորում են: Ես դա ընդունե՞մ՝ լինելով իրավաբան: Կա իրավական ընթացակարգ, կալանքի հիմքեր կան սահմանված: Եթե մարդը տառապում է հիվանդություններով, որոնք 4 կետով անհամատեղելի են կալանքի  հետ, ապա ժողովուրդը չէ՝ մոլորակն էլ պահանջի, դատարանն իրավունք չունի նրա նկատմամբ կալանք կիրառել: Կյանքի իրավունքի խնդիր է առաջանում: Եթե Մանվել Գրիգորյանը հայրենասեր չլիներ ու դիմեր ՄԻԵԴ, ապա ՀՀ պատասխանատվության չափաբաժինն ահռելի կլիներ: Ստացվում է՝ մենք թիրախներ ենք ընտրել, նրանցից հրեշներ ենք ձեւավորել եւ այդ հրեշների դեմ պայքարում ենք։ Բայց իշխանությունը պետք է ոչ թե «դեմ», այլ «հանուն» քաղաքականություն վարի: 

- Նախկինում շատ են եղել կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցողներ,  որոնց չեն ազատել: Դուք նրա՞նց էլ եք պաշտպանել: 

- Նախկին իշխանությունների հետ ունեցել ենք փոխադարձ անհամաձայնություններ եւ երբեմն էլ՝ խնդիրներ: Իրենք առանձնապես գոհ չեն եղել իմ ու իմ ընտանիքի դիրքորոշումից, թեպետ միշտ պահել ենք պարիտետը: Մենք չենք եղել, այսպես կոչված, ո՛չ լեւոնական, ո՛չ սերժական, ո՛չ քոչարյանական, բայց ուրույն դիրք ենք ունեցել կենտրոնում՝ բոլորի հետ պահելով սոլիդ, գրագետ ու հարգալից հարաբերություններ: Դեռ 2000-ականների կեսերին, երբ աշխատում էի տարածքային կառավարման նախարարի խորհրդական, այդ ընթացքում երկու համապետական ընտրություններ անցկացվեցին, բայց ես ո՛չ կուսակցական գրասենյակ եմ մտել, ո՛չ էլ կուսակցությանն անդամակցելու առաջարկ եմ ստացել: 

- Մարդիկ այսօր ուզում են համախմբում: Տեսնո՞ւմ եք դրա հնարավորությունը: 

- Մենք դրա առաջին ջատագովն ենք: Մենք հանդիպումներ ենք նախաձեռնելու Հայաստանի եւ Արցախի նախկին ու ներկա նախագահների հետ: Մենք պաշտոնապես կդիմենք բոլոր նախագահներին, կներկայացնենք մեր մոտեցումներն ու ծրագրային դրույթները, դրանով կարձանագրենք, որ մենք միասնության կողմնակից ենք, մեզ համար հին ու նոր չկա, բոլորս մեկ ենք: Դա թեստ կլինի մեր քաղաքական համակարգի համար եւ ցույց կտա, թե ով ինչպես է վերաբերվում միասնության գաղափարին: