Հրապարակայնացրեք ղարաբաղյան բանակցությունների ողջ փաթեթը, որ ազատվենք «լոլոներից»

Հրապարակայնացրեք ղարաբաղյան բանակցությունների ողջ փաթեթը, որ ազատվենք «լոլոներից»

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի երեկվա՝ «Հերիք է՝ հոգնել ենք» վերտառությամբ խմբագրականն ԱԺ-ում նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերի մասին է։ Չհամաձայնել չենք կարող, որ իրապես հոգնեցուցիչ է արդեն՝ 2018 թվականի ապրիլից մինչեւ 2023 թվականի ապրիլը նույն «երգը» լսելը, որն ունի մեկ անուն՝ «երգ նախկինների մասին»։

Հինգ տարի շարունակ նույն բանն ասելը պարզապես անթույլատրելի է ու նույնիսկ ամենաամուր նյարդեր ունեցող ողջամիտ կամ բանական մարդուն կարող է հասցնել հիստերիայի։ Ու այս դեպքում ո՛չ հեռուստաալիքը փոխելն է իրավիճակը փրկում, ո՛չ հեռուստացույցն անջատելը, ո՛չ իսկ մեդիա-հիգիենիկ «վիրահատական» միջոցառումների կիրառումը սեփական սոցցանցային օգտահաշվումդ։ Եթե Փաշինյանը լիներ ԱԺ պատգամավոր կամ թեկուզեւ խմբագիր, կամ ուղղակի ակտիվ քաղաքացի, էլի կհասկանայինք ու այսչափ չէինք նյարդայնանա։ Սակայն երբ «նախկինացավով» շարունակում է տառապել երկրի ղեկավարն ու այդ «նախկինացավի» տակ է սղղացնում ամեն ինչ, «նախկինացավը» դարձնում է «կերակուր», որով «կերակրում» է սեփական «զոմբիլենդին», սա արդեն առնվազն հանցագործություն կարող է համարվել կամ՝ հանցավոր անգործություն։

Հասկացանք, նախկինները վատն են, թերացել են ․․․․ բայց կա մի հարց՝ նրանք նախկին են, իսկ ի՞նչ են անում «ներկաները», ինչո՞վ են նրանք զբաղված, ո՞րն է նրանց արածի արդյունքը։ Չի կարելի «նախկինների» թեման դարձնել «մանտրա» ու յուրաքանչյուր պատեհ-անպատեհ առիթով այն հրամցնել։ Պետք է այս ամենը մի օր դադարեցնել տալ, ու այդ հարցում թերեւս միակ ճիշտ լուծումը պարզապես ղարաբաղյան հարցով բանակցությունների ողջ փաթեթը, սկսած 94-95 թթ․ մինչեւ 2023 թվականի ապրիլը, այսինքն՝ ներկայիս շրջանը, ամբողջությամբ հանրայնացնելն է, հրապարակայնացնելը, որպեսզի ամենքս հնարավորություն ունենանք հասկանալու, թե լավ, վերջապես, ինչ է տեղի ունեցել տարիներ ու տասնամյակներ շարունակ փակ դռների հետեւում։

Այնպես որ, արդյունքում գործող իշխանությունը զրկվի «նախկինացավի» գոնե մի բաղադրիչից, որովհետեւ գործընթացի հրապարակայնացման դեպքում, որքան էլ արդեն ինտերպրետացիաների մակարդակով փորձ արվի «ժանգլյորություն» անել, միեւնույն է՝ փաստական հիմքը՝ փաստաթղթերը, հանրայնացված կլինի ու բոլորին հասանելի։ Միայն այսկերպ, երեւի թե, հնարավոր կլինի գոնե ղարաբաղյան հարցի բանակցությունների մասին «լոլոներից» ազատվել։ Այստեղ հատկապես կարեւոր է, որ դա անեն նրանք, ովքեր տարիներ ու տասնամյակներ եղել են այդ բանակցություններում, հասանելիություն են ունեցել այդ փաստաթղթերին։ Այլապես ինչքա՞ն կարելի է՝ մի օր «միջազգայնորեն համաձայնեցված ծուղակ», մյուս օրը «Մադագասկարում լեմուրների բազմացման հետ կապված խնդիրներ» հրամցնել։