Ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին. Հայաստանի իշխանության ճակատագիրը կորոշվի դրա արդյունքներով

Ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին. Հայաստանի իշխանության ճակատագիրը կորոշվի դրա արդյունքներով

Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին, դրանում ներգրավված բոլոր կողմերը հոգնել են պատերազմից եւ ձգտում են, որքան հնարավոր է՝ արագ ավարտել այն՝ իհարկե, իրենց հաղթանակը եւ հակառակորդ կողմի պարտությունն արձանագրելով: Պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է ֆորմալ առիթ, ինչպիսին կարող է լինել ուկրաինական բանակի կողմից նախապատրաստվող հակահարձակումը եւ հակառակորդի ջախջախումը: Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցները` ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, արդեն նշում են կոնկրետ ժամկետներ, որի ընթացքում հակահարձակումը կսկսվի առաջիկա մի քանի շաբաթներին, ապրիլի վերջ-մայիսի սկիզբ: ԱՄՆ-ն այլեւս չի ուզում սպասել, քանի որ բոլոր նախապատրաստություններն արդեն արված են՝ զենքի եւ զինամթերքի հսկայական պաշարներ է ուղարկում Ուկրաինա, հարձակողական գործողություններ իրականացնելու հմտություններ են ուսուցանվել, տարբեր հաշվարկներով՝ 40-50 հազար ուկրաինացի զինվորականների:

Հակահարձակման նախապատրաստվում է նաեւ Ռուսաստանը, որը եւս զինք- զինամթերք, մարդկային ռեսուրսներ է կենտրոնացրել՝ դրան դիմակայելու համար: Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ այդ հակահարձակման արդյունքում վերջ է դրվելու Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնազավթմանը, վերականգնվելու է երկրի տարածքային ամբողջականությունը: 

Հակահարձակման հիմնական ուղղությունը լինելու են Ուկրաինայի հարավային՝ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանները. ուկրաինական հրամանատարության սցենարով՝ բանակը պետք է անցնի Դնեպր գետը, հասնի մինչեւ Ազովի ծով եւ ազատագրի Ղրիմը: Եթե ուկրաինական բանակն իսկապես հասնի Ղրիմ, Ռուսաստանի պարտությունն ակներեւ կլինի: Նույնիսկ եթե Ռուսաստանն իր վերահսկողության տակ պահի Դոնբասը, դա շատ քիչ նշանակություն կունենա, քանի որ 2022թ. փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Պուտինը պատերազմ սկսեց Ռուսաստանի կորսված տարածքները վերադարձնելու կարգախոսով: Ղրիմի կորուստը կնշանակի, որ Պուտինի պլանը ձախողվել է, քանի որ Ռուսաստանը կորցնում է այն, ինչ ձեռք էր բերել մինչեւ 2022 թվականը: Ռուս ժողովուրդը կարող է համարել, որ պատերազմը, մարդկային եւ նյութական կորուստներն ու զրկանքներն արդարացված չէին, իսկ պատերազմը շարունակելն անհեռանկար է: Սա՝ եթե ուկրաինական բանակը հաջողի հակահարձակման հարցում: 

Ուկրաինական բանակի ձախողման դեպքում տեղի կունենա ճիշտ հակառակը: Ուկրաինան կկորցնի իր հարձակողական պոտենցիալը, եւ պատերազմը շարունակելը հղի կլինի նոր եւ անդառնալի կորուստներով: Ուկրաինայի ժողովուրդը կկորցնի հավատը հնարավոր հաղթանակի նկատմամբ: Արդեն այսօր Ուկրաինայում խիստ դժվարացել է նոր մարդկանց բանակ զորակոչելը, մոտիվացված եւ կռվելու ցանկություն ունեցող տղամարդիկ եւ կանայք արդեն բանակում են, իսկ բռնությամբ եւ հարկադրանքով ռազմաճակատ տարվածներից օգուտը շատ քիչ է: Հակահարձակման ձախողման դեպքում երկիրը կկորցնի նաեւ արեւմտյան հովանավորների աջակցությունը: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կշարունակեն օգնել Ուկրաինային, բայց ոչ այն չափով եւ ծավալով, որ օգնում են հիմա: Գերմանիայի պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է, որ այլեւս չի կարող նոր տանկեր տրամադրել Ուկրաինային, մյուս երկրները եւս սպառել են օգնության իրենց հնարավորությունները:

ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների համար պարզ է, որ եթե հակահարձակումը ձախողվի, եւ իրենք, այնուամենայնիվ, խրախուսեն Ուկրաինային՝ շարունակել պատերազմը, միայն տանկեր, զրահատեխնիկա եւ արկեր ուղարկելն այլեւս բավարար չի կարող լինել ուկրաինական բանակի մարտունակությունը ներկա մակարդակին պահելու համար: Ուկրաինական բանակն արդեն այսօր մարդկային ռեսուրսի խիստ պակաս է զգում, եւ պատերազմը շարունակելու համար անհրաժեշտ կլինի ՆԱՏՕ-ի անդամ երկրների անմիջական ներգրավվածությունը պատերազմում, անհրաժեշտ կլինի, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ անդամ երկրներն իրենց բանակների, իրենց զինվորների անմիջական ներգրավվածությամբ մասնակցեն պատերազմական գործողություններին: Մինչդեռ նրանք ակնհայտորեն դրան պատրաստ չեն: Բացառությունը թերեւս միայն Լեհաստանն է, սակայն դժվար թե Լեհաստանն առանց ՆԱՏՕ-ի համաձայնության եւ աջակցության միանա Ուկրաինային:

Արեւմուտքն Ուկրաինային ասում է՝ մեզ պետք է պատերազմի արագ ելք. կա՛մ դուք սկսում եք հզոր հակահարձակում եւ հաղթում եք Ռուսաստանին, այդպիսով հաղթական ավարտելով պատերազմը, կա՛մ պարտվում եք, ու պատերազմն ավարտվում է Ուկրաինայի պարտության արձանագրմամբ: Ուկրաինային կստիպեն համակերպվել ունեցած տարածքային կորուստների հետ, իսկ երկրի մնացած մասը կվերածվի բուֆերային տարածքի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ:

Նույնիսկ եթե հակահարձակումը ձախողվի, որն այս պահին ամենահավանական սցենարներից մեկն է, միեւնույն է՝ Ուկրաինայի իշխանությունները կարող են հայտարարել, որ դա Ռուսաստանի պարտությունն է: Ի վերջո, Ռուսաստանը խնդիր էր դրել գրավել ամբողջ Ուկրաինան, այդ թվում եւ մայրաքաղաք Կիեւը, որը համարվում է ռուսական քաղաքների մայրը, մինչդեռ ստիպված եղավ նահանջել Կիեւի մատույցներից՝ կորցնելով պատերազմի սկզբնական փուլում գրաված տարածքների զգալի մասը: Ուկրաինան, որպես փոխհատուցում, կդառնա ԵՄ անդամ, եւ երկիրը հսկայական միջոցներ կստանա վերականգնման եւ զարգացման համար: Արեւմուտքը եւս դա կհամարի իր հաղթանակը, քանի որ Ռուսաստանին բաժին կհասնի Ուկրաինայի տարածքի միայն 20 տոկոսը, իսկ մնացած 80 տոկոսը կդառնա արեւմտյան ճամբարի մաս: Ռուսաստանը եւս կհայտարարի իր հաղթանակի մասին՝ ասելով, որ իրեն հաջողվեց փրկել միլիոնավոր ռուսների ուկրաինական նացիզմի լծից, դիմակայել ՆԱՏՕ-ի եւ նրա դաշնակիցների ճնշմանը եւ չընկրկել, այդ պայմաններում ունենալով թեկուզ նվազ, բայց տարածքային ձեռքբերումներ:

Խաղաղության կամ գուցե զինադադարի, որն ավելի հավանական է, կնքումից հետո Արեւմուտքը վերջնականապես կիջեցնի երկաթե վարագույրը, որը կանցնի Ուկրաինայի նոր սահմաններով: Արեւմուտքը հիմա պայքարում է, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում Հայաստանը, մնան իր ազդեցության ներքո՝ բաժին չհասնեն Ռուսաստանին: Բայց Ռուսաստանը հակված չէ զիջելու: Ռուսները հասկանում են, որ եթե Ուկրաինայի տարածքը բավական մեծ էր կիսելու համար, այստեղ գրեթե կիսելու բան չկա: Ուկրաինայի հարցով պայմանավորվելու դեպքում կվճռվի նաեւ Հարավային Կովկասի ճակատագիրը, եւ, ամենայն հավանականությամբ, այս տարածքը եւս Արեւմուտքը կզիջի Ռուսաստանին:

Հայաստանում քաղաքական ուժերի պասիվությունը եւ սպասողականությունը պայմանավորված են առաջին հերթին Ուկրաինայի ռազմաճակատում ընթացող գործողություններով: Շատերը հասկանում են, որ Հայաստանի եւ Հայաստանում իշխանության հարցը եւս որոշվելու է ուկրաինական հակահարձակման արդյունքներով, դրանից հետո Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կայացվելիք գլոբալ համաձայնություններով: Իրենցից հիմա, մեծ հաշվով, ոչինչ կախված չէ։

Ավետիս Բաբաջանյան