Մանկավարժականի ռեկտո՞րն է ղեկավարելու միավորվող բուհերը

Մանկավարժականի ռեկտո՞րն է ղեկավարելու միավորվող բուհերը

Մի քանի օր է՝ հասարակությունը բուռն քննարկում է երեք բուհերի` Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի միավորման հարցը: Ամենից բուռն այս որոշումն ընդունել են Բրյուսովում, որտեղ չեն հաշտվում այլ բուհերի՝ հատկապես Մանկավարժականին ու Ֆիզկուլինստիտուտին միանալու գաղափարի հետ, ինչը, մեղմ ասած, որեւէ տրամաբանության չի էլ տրվում։ Մի քանի օր է՝ խաթարվել է դասապրոցեսը:

Ուսանողները պնդում են, թե չի կարելի իրենց համալսարանը  որևէ այլ բուհի հետ: Այս միավորումն այլ բացատրություն էլ չունի, քան անցանկալի ռեկտորներից ազատվելը, ինչը, հայտնի է՝ այս իշխանությունների ամենասիրելի գործերից մեկն է։ Ժամանակին անասելի հալածանքներով ազատվեցին Արամ Սիմոնյանից եւ ռեկտոր կարգեցին մի սորոսականի, հիմա հերթը հասել է Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանին, որի պաշտոնավարման առաջին ժամկետը լրանում է հունվարին: 

Նա կարող է վերընտրվել երկու անգամ, սակայն ակնհայտ է, որ գործող իշխանությունները նրան չեն տեսնում միավորված բուհերի ռեկտորի պաշտոնին: Իսկ Մանկավարժականի դասախոսներն ու ռեկտորը լուռ են: Պարզ է, որ միացյալ բուհի ռեկտորի պաշտոնին ՔՊ-ն տեսնում է

Մանկավարժականի նորընտիր ռեկտորին։ «Հրապարակը» զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՊՄՀ դասախոս, նույն համալսարանի գիտական խորհրդի անդամ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: 

- Պարոն Սաֆրաստյան, ասում են՝ երբ երեք բուհերը միավորվեն, միավորված բուհի ռեկտոր նշանակվելու է մանկավարժականի այժմյան ռեկտորը` Սրբուհի Գևորգյանը, որը ջերմ հարաբերություններ ունի իշխանական շրջանակների հետ: Նախ ի՞նչ գնահատական եք տալիս ստեղծված իրավիճակին, և վերջապես՝ ԿԳՄՍ նախարարությունն ինչո՞ւ է այսչափ շահագրգռված բուհեր միավորելու հարցում: Միթե՞ սա է կրթական համակարգի օրախնդիր հարցը: 

- Իրականում մեր կրթական համակարգում առկա խնդիրներն այնքան շատ են, որ իսկապես մտածելու շատ բան կա: Ցավոք հայաստանյան բուհերը միջազգային բուհերի ստանդարտներին չեն համապատասխանում և պետք է մեծ աշխատանքներ տանել հենց այս ուղղությամբ: Կան այնպիսի մասնագիտություններ, որոնք մանկավարժական ուղղվածություն ունեն և բուհերի միավորման հարցը տրամաբանական է, որ մանկավարժական ուղղվածություն ունեցող մասնագիտությունները հավաքված լինեն մեկ բուհում, քանի որ Հայաստանն այնպիսի երկիր չէ, որ կարողանա մեծաթիվ բուհեր ունենալ, նամանավանդ, որ տեսնում ենք, թե դիմորդների թիվն ինչքան է պակասել: 

- Այսինքն` Դուք այս որոշմանը կո՞ղմ եք: 

- Որոշման մանրամասներին այնքան էլ ծանոթ չեմ, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ շատ բուհեր կան Հայաստանում, որոնք մեծ հաջողություններ չունեն առանձնապես: Համաշխարհային բուհերի համեմատ մեր բուհերը շատ ցածր վարկանիշ ունեն: Անգամ մայր բուհն իրեն չի արդարացնում: Ինչ վերաբերում է Մանկավարժականի ռեկտորին, ապա ես անկեղծ ասած Մանկավարժականում մի քանի տարի է, ինչ աշխատում եմ և պետք է ասեմ, որ մնացյալ բուհերի համեմատ Մանկավարժականն այսօր բավականին լավ վիճակում է գտնվում: Ես այլ բուհերում ևս դասավանդել եմ, ուստի կարող եմ ասել, որ ռեկտորը արժանի անձնավորություն է և կարող է ղեկավարել արդեն միավորված բուհերը: 

- Նշում եք, թե Մանկավարժականը մնացյալ բուհերի համեմատ լավ վիճակում է, սակայն այս տարի ամենաշատ թափուր տեղերը հենց Մանկավարժականում են եղել:

- Ես նկատի ունեմ Մանկավարժականի մակարդակը: Այո, ճիշտ եք դիմորդներն աննախադեպ քիչ են եղել այս տարի, սակայն ես դրա պատճառն ասել չեմ կարող: Ես նման խնդիրներով առանձնապես չեմ զբաղվում:

- Ֆիզկուլտինստիտուտը Մանկավարժականի կամ Բրյուսովի հետ միավորելն արդարացված եք համարո՞ւմ: 

- Մանկավարժականում պատրաստում են մասնագետներ, ամենատարբեր բնագավառներում: Ֆիզկուլտուրայի ուսուցիչները ևս մանկավարժներ են: 

- Նշում եք, որ բուհերը լավ վիճակում չեն, ուստի նման որոշումը կարող է արդարացված լինել: Երբ մարդու գլուխը կամ ատամը հիվանդանում է, չեն հանում, ոչնչացնում, այլ` բուժում են: Հիմա եթե բուհերն ունեն որոշակի թերություններ, միթե՞ միավորելով դրանք լուծվում են խնդիրները: Վերջապես չե՞ք կարծում, որ սա զուտ քաղաքական որոշում է: 

- Չէ, ճիշտն ասած, քաղաքական ոչինչ ես չեմ տեսնում: Կարող ենք քննարկել, տարբեր կարծիքներ ասել, սակայն ես քաղաքական ենթատեքստ այստեղ չեմ տեսնում: Ընդհանուր առմամբ` պետք է բարձրացնել կրթական համակարգի որակը: Պետք է բարենորոգել այդ համակարգը: 

- Տեսնո՞ւմ եք կրթական համակարգը բարեփոխելու միտում, գոնե ցանկություն: 

- Տարբեր օրենքներ, նախագծեր են առաջ բերում: Ակնհայտ է, որ ինչ-որ պրոցես կա: Հիմա թե այդ պրոցեսը սխալ է, ճիշտ է, ես հստակ ասել չեմ կարող: 

- Ի՞նչ պրոցեսների մասին է խոսքը: Ո՞ր նախագիծն է կրթական համակարգը բարեփոխելուն միտված: Օրինակ բուհերում հայագիտական առարկաների կամընտրական դարձնելու որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, հետո «Հայ գրականություն» առարկայի նոր չափորոշիչների հարցը.... և այդպես շարունակ: 

- Այ դրա հետ ընդհանրապես համաձայն չեմ: Ասեմ ավելին` պետք է հայագիտությունը բուհերում էլ ավելի խորացնել: Մեր պետությունը պետք է ազգային գաղափարների վրա հիմնվի, իսկ դրա համար, նախ պետք է այդ գաղափարը կրենք մեր ներսում: Այս ամենի համար խորը գիտելիքներ են հարկավոր: Երբ ես նույն Մանկավարժականում Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչն էի, հիմնադրեցի Հայկական քաղաքակրթության ուսումնասիրության կենտրոնը, որը շատ կարևոր էր:

 - Կենտրոնն այժմ գործո՞ւմ է: 

- Մի քանի տարի առաջ փակվեց: