Այսօրվա ԵԿՄ Իջեւանի կառույցը կապ չունի իսկական Երկրապահի հետ

Այսօրվա ԵԿՄ Իջեւանի կառույցը կապ չունի իսկական Երկրապահի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Երկրապահ Կամավորականների Միությանը» պատկանող մեքենան փորձել է Բագրատաշենի ճանապարհը փակած տավուշցիների վրա քշելով՝ փակել ճանապարհը։ Սակայն տղամարդիկ կարողացել են կանգնեցնել մեքենան, ինչից հետո մեքենայից դուրս է թռել մի երիտասարդ ու բարձրանալով մեքենայի տանիքին՝ նետվել տավուշցիների վրա։ Բնականաբար, ոստիկանները արագ են արձագանքել ու անվտանգ տեղ տեղափոխել հեռավորության վրա ցատկեր իրականացնող երիտասարդին։ Վերջինս ոչ մի վնասվածք չի ստացել։

Տավուշում շարքային գյուղացիները դուրս են եկել պաշտպանելու երկրի սահմանները, որոնք ամրագրվել են անեւ 90-ականների պատերազմի մասնակիցների, Երկրապահների արյամբ: Իսկական երկրապահն այսօր պետք է կանգնած լիներ ոսկեպարցիների, բագրատաշենցիների, կիրանցիների կողքին: Ինչու՞ ԵԿՄ-n դուրս եկավ նրանց դեմ: 

2018թ-ի իշխանազավթումից հետո, երբ ԵԿՄ նախագահ դարձավ՝ 2018-ին տեղի ունեցածը արցախյան հաղթանակից վեր դասող Սասուն Միքայելյանը, ինքն էլ իր հերթին սկսեց կառույցը համապատասխանեցնել Փաշինյանի ու իր քաղաքական հեռավար ծրագրերին. կառույցից մեածամասամբ հեռացվեցին սկզբունքային, իսկական նախկին ազատամարտիկները: Այդպես եղավ նաեւ Տավուշի ԵԿՄ կառույցում: Երկրապահները հեռացվեցին, նրանց փոխարեն եկան մարդիկ, ովքեր կապ չունեն ոչ արցախյան պատերազմի, ոչ էլ 90-ականների սահմանամերձ կռիվների հետ: Նրանց հիմնականում հետաքրքրում է իրենց «կերակրատաշտը»՝ պաշտոնը, իշխանական բարիքներից օգտվելը: Տավուշի ԵԿՄ կառույցի ղեկավար նշանակվեց  ռուսաստանաբնակ գործարար, ծնունդով կոթեցի Յուրա Հարությունյանը, ով ապրել եւ աշխատել է Վորոնեժում: Ձեռքի հետ էլ իր աշխատած փողերով բարեգործություններ է արել իր ծննդավայրում, հովանավորել Կոթիի մանկապարտեզին: Իսկ բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով էլ հետագայում դարձել է Յուրայի երեխաների կնքահայրը: Հետագայում, ըստ «օդում կախված լուրերի», Վորոնեժում ֆինասական հարցերի շուրջ հակասություններ են առաջացել Յուրա Հարությունյանի եւ Սաշիկ Սարգսյանի միջեւ: Ինչեւէ, այսօր փաստ է. որ Հարությունյանի ազգուտակը լավ պաշտոններ է ստացել տարբեր կառույցներում, ՊԵԿ-ում: Իսկ իր ղեկավարած կառույցը, փոխարենը սատար կանգնի երկրի սահմանների համար կռիվ տվողներին, սադրիչ է ուղարկում նրանց վրա, որպեսզի հարմար իրավիճակ ստեղծվի, կռիվ հրահրվի եւ իշխանությանը ճամփա փակող գյուղացիներին բերման ենթարկելու հնարավորություն ունենա:

Իրինա Վանյան