Կարիճ Տիկոն ասում է` ես եմ Երևանը․ Հովհաննես Շահինյան 

Կարիճ Տիկոն ասում է` ես եմ Երևանը․ Հովհաննես Շահինյան 

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Երևանի քաղաքապետարանը հատկապես վերջին շրջանում վերածվել է Երևանի փոխքաղաքապետարանի: Շահինյանի պնդմամբ` Տիգրան Ավինյանը Երևանի ստվերային քաղաքապետն է, ում գործունեությունն իր համար խիստ անընդունելի է: Հիշեցնենք, որ Շահինյանը Վարդան Ղուկասյանի` Դոգի կուսակցությամբ` «Հանրային ձայնով» որոշել է մասնակցել քաղաքապետի առաջիկա ընտրություններին, սակայն առաջին համարը զբաղեցնելու է ոչ թե Շահինյանն, այլ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը

- Պարոն Շահինյան, ի վերջո` ի՞նչ որոշվեց, ո՞ր համարն եք ընտրությունների ցուցակում զբաղեցնելու:

- Ինչ-որ որոշում դեռ չկա, կամ կա, չեմ կարող հստակ ասել: Ընտրություններին մասնակցելու ենք: Ինձ դա չի մտահոգում, մտահոգում է այն, թե ինչ է կատարվում Երևանի քաղաքապետարանում: Երևանի քաղաքապետարանը վերածվել է Երևանի փոխաքաղաքապետարանի:

- Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Այդ կարիճի դեմքով տղան` Տիգրան Ավինյանը, Հրաչյան ավելի տապոռային է գոնե…. Քաղաքապետարանում աշխատանքային մթնոլորտը վերածվել է անձնական դուքանի: Պաշտոնով ավելի ստորադաս մեկը քաղաքապետարանից գնում է կառավարության նիստի և հայտարարում է, որ ներքին ռամսերին ավելի լավ է տիրապետում:

- Ի՞նչն է հատկապես Ձեզ զայրացրել:

- Բարկացրել է այն, որ խոսում են ժողովրդավարության բաստիոնից, ասում են, որ կոռուպցիայի դեմ են պայքարում, սակայն մենք նման բան չենք տեսնում: Ես մեկ քառորդ դար իմ աշխատանքային գործունեությունն այստեղ` Երևանում եմ ծավալել, ուստի ինձ և հետաքրքրում է, և անհանգստացնում այն, ինչ կատարվում է այսօր Երևանում: Քաղաքապետարանի վատ աշխատանքն անմիջականորեն ազդում է Երևանցիների տրամադրության վրա:

- Խոսում եք այն մասին, թե որքան վատ են աշխատում Երևանի քաղաքապետարանում, ասում եք, որ Ավինյանը վատն է, սակայն առաջիկա ընտրություններում ձեր ցուցակի առաջին համարը Դուք չեք լինելու, Դուք չեք քաղաքապետի թեկնածուն:

- Իսկ ո՞վ ասաց, որ ես չեմ քաղաքապետի թեկնածուն:

- Եթե առաջին համարը Դուք չեք, հետևաբար քաղաքապետի թեկնածուն ևս Դուք չեք:

- Ես ե՞րբ եմ ասել, որ հարցը օրակարգից դուրս է: Խնդիրն այստեղ համարների` առաջին կամ երկրորդը լինելու մեջ չէ:

- Իսկ ի՞նչն է խնդիրը։

- Ընտրություններին մասնակցելու է «Հանրային ձայն» կուսակցության թիմը, ոչ թե ինչ-որ կոնկրետ անձ: Այ երբ անձնավորված սևեռվում ենք, առաջ են գալիս նման խնդիրներ: Կարիճ Տիկոն ամեն ինչ անձնավորել է իր անձի շուրջ: Ցանկացած որոշում նրա կարծիքով պետք է կատարվի իր անձի շուրջ: Հազարավոր մարդիկ են այդ համակարգում աշխատում, սակայն նա ամեն ինչ իր անձի շուրջ է կենտրոնացրել, ասում է` ես եմ Երևանը և ինձանով են պայմանավորված լինելու երևանցու խնդիրները:

- Ավինյանը վատ թեկնածու է, իսկ ո՞րն է այլընտրանքը: Ո՞ւմ ընտրի երևանցին:

- Մենք նորից անձնավորում ենք: Եթե մենք կենտրոնանում ենք նրա վրա, կրկին անձնավորում ենք և համակարգը սկսում է չաշխատել, կարիճն էլ տրամադրություն կունենա կմտածի համակարգային խնդիրների մասին, չի ունենա՝ չի մտածի: Այլընտրանքը «Հանրային ձայն» կուսակցությունն է: Պետք է գալ իշխանության և վռնդել ոչ միայն քաղաքային իշխանությանն, այլև ողջ կառավարությանը:

- Գուցե ընտրությունների ծախսերը Ձեզ վրա վերցնեք և Դոգը որոշի Ձեզ դնել առաջին համար:

- Հատուկ ինչ-որ ծախսեր չեմ տեսնում: Օրենքով սահմանված ծախսեր են` բուկլետներ, գովազդներ…. Ուրիշ էլ ի՞նչ ծախս կա: Իմ ղեկավարության դեպքում Երևանի 12 վարչական շրջաններում չեմ նախատեսում մեկից ավելի գրասենյակ ունենալ:

- Ըստ որոշ տեղեկությունների` Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացնում՝ երկու օր է նման լուրեր են շրջանառվում:

- Ասում են, սակայն կներկայացնի նա հրաժարականի դիմում, թե՝ ոչ, խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ մի անառողջ մթնոլորտ է ստեղծվել, որը քաղաքացուն հասցնում է անգամ ինքնասպանության:

- Ի՞նչ կասեք ընդդիմադիրների մասին՝ նրանք կարծես դեռ չեն հստակեցրել քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը:

- Լավ էլի, խնդրում եմ…. ի՞նչ ընդդիմություն, նկատի ունեք ԱԺ ընդդիմությա՞նը: Նրանք բոլորը մեկ դարպասի վրա են խաղում, բոլոր ղեկավարները եղբայրներ են: Գող փիսո և քաչալ շուն իրար ասելն էլ զվարճալի մի բան է: