«Թեղուտը» չի աշխատում ՎՏԲ բանկի դեմ սանկցիաների պատճառով

«Թեղուտը» չի աշխատում ՎՏԲ բանկի դեմ սանկցիաների պատճառով

Այս տարվա մարտ ամսին «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարեց, որ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2022թ. մարտի 14-ից դադարեցվում են Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը: Ժամկետ էին նշում՝ մինչեւ մայիս-հունիս։ Վերանորոգման աշխատանքները վերաբերում էին պոչամբարի պատվարի ամրացմանը։ «Թեղուտի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ԶԼՄ-ներին ասել էր, որ աշխատանքների առաջին փուլն ավարտել են, սկսել են երկրորդը, պոչամբարից ստացվող ջրի հավաքիչի խողովակաշարի ուժեղացման ամրացում ու բետոնապատում են անում, եւ որպեսզի աշխատանքները շարունակվեն, պետք է դադարեցնել հանքաքարի արդյունահանումը։ 

Արդեն հունիսը կիսվել է, «Թեղուտից» հակասական լուրեր են հասնում։ ՓԲԸ-ից վստահեցնում են, որ աշխատանքներ իրականացվում են, սակայն որեւէ այլ տեղեկություն հրաժարվում են հայտնել։ «Այո, մենք աշխատում ենք»,- «Հրապարակի» հարցին պատասխանեց կոմբինատի PR բաժնի աշխատող Լիլիթը, սակայն ո՛չ աշխատողների թիվ նշեց, ո՛չ էլ ասաց, թե ինչ փուլում է պոչամբարի նորոգումը, քանի որ «գերեզմաններում» է, եւ միայն գրավոր հարցերի կպատասխանի։ Փաստորեն, «գերեզմաններից» միայն գրավոր են պատասխանում։ 

Ըստ որոշ գնահատականների, «Թեղուտի» աշխատանքի դադարեցման հիմնական պատճառը ռուսական ձեռնարկությունների դեմ արեւմտյան պատժամիջոցներն են։ «Կոմբինատը չի աշխատում, բայց այն պատժամիջոցների տակ չէ։ Պարզապես չի կարողանում վաճառել իր ապրանքը ՎՏԲ բանկի դեմ կիրառվող սանկցիաների պատճառով»,- ասում է ձեռնարկությունում մեր աղբյուրը։ 

Ալավերդիում գործող «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանը տարիներ շարունակ ֆիքսում է Թեղուտ, Շնող, Այրում, Ճոճկան գյուղերի հողատարածքների էկոլոգիական վիճակի ու տարածաշրջանում լեռնահարստացուցիչ ֆաբրիկաների աշխատանքի կապը, ասում է․ «Թեղուտն այս պահին էլ չի աշխատում, իսկ թե ինչ է կատարվում իրականում, այդքան էլ պարզ չէ։ Բնականաբար, խնդիրը կապված է արտահանման եւ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ»։ Իսկ պատվարի պոչամբարը նորոգե՞լ են, թե՞ էլի նույն վիճակում է։ «Իրենք ասում են, որ ամրացման աշխատանքներ են տարել այս կանգնած ամիսներին, բայց իրականում որեւէ տեղեկատվություն դրա վերաբերյալ չկա մեզ մոտ, թե ինչ են արել»։ 

«Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներից էլ «Հրապարակին» պատմեցին, որ տվյալ պահին աշխատակիցներից շատերը հարկադիր պարապուրդում են։ «Ես էլ եմ հարկադիր պարապուրդի մեջ, սակայն օրենքով բոլոր աշխատակիցները վարձատրվում են»,-  ասաց նա։ 
2018 թվականի հունվարին «Թեղուտ» ՓԲԸ-ն հանրային պահանջի ներքո դադարեց հանքարդյունահանումը։ Այն ժամանակվա շահագործողը՝ «Վալեքս գրուպը», նույն պատճառն էր ասում, ինչ այսօրվա տերերը՝ աշխատանքը դադարեցնում են պոչամբարի քայքայված լինելու պատճառով, քանի որ չկարողացան սպասարկել ՎՏԲ բանկից ստացած վարկը: 

2019 թվականի հուլիսի 1-ից, ցույցերի, նոր ներդրումների որոնման, «Վալեքս գրուպի» եւ ՎՏԲ-ի դատական պրոցեսների ֆոնին, Թեղուտի հանքավայրը վերագործարկվեց, բայց ընդամենը 1 տարի անց պարզվեց, որ ակտիվացումը ժամանակավոր է։ 

Թեղուտի վերագործարկումից հետո 2019 թվականին, վիճկոմիտեի տվյալներով, արտահանվեց 562 հազար տոննա պղնձի խտանյութ, որն ամենաբարձր ցուցանիշն է եղել վերջին տասը տարիների համար, բայց ՌԴ-ի դեմ սանկցիաների պատճառով ՎՏԲ-ն, փաստորեն, չի կարողանում շարունակել լիարժեք աշխատանքը։