Սարսափ զգացի` տեսնելով, թե ուր են տանում հեռուստատեսությունը եւ դուրս եկա
Նիկոլականների իշխանության գալուց հետո լրագրողներն ու լրագրողական համայնքն ամենից շատն են թիրախավորվում, քանի որ մեծ հաշվով միայն մի քանի լրատվամիջոց ու լրագրող են այսօր երկրում ընդդիմության դերը կատարում` քաղաքական գործիչների պասիվության պատճառով:
Մինչդեռ այս իշխանությունը մամուլի, էլեկտրոնային կայքերի, հեռուստաընկերությունների դեմ պայքարի նորանոր մեթոդներ է հորինում եւ անհոգնել առաջ տանում ազատ խոսքը սահմանափակելու գործը: Եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ հանցանքը համարվում էր «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու որոշումը, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն հասցրել է երկու հեռուստաընկերություն փակել` օրվա իշխանություններին քննադատելու համար: Նրան ծառայող «Հեղափոխության պահապաններ» կոչվող խումբը դեռ 2019-ի աշնանը հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա՝ ձվեր նետել նրա ուղղությամբ: Բոլոր անկախ լրատվամիջոցներն այս ընթացքում ենթարկվել են տարբեր ճնշումների` բազում դատական հայցեր են ներկայացվել նրանց դեմ, ֆեյսբուքյան արշավներ, միկրոֆոններ են խլվել եւ լրագրողների նկատմամբ բռնություններ են կիրառվել եւ այդ բոլորն անպատիժ է մնացել:
Իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի նախագահ Տիգրան Հակոբյանն օրերս ուղղակի խայտառակ մի տեսարան բեմադրեց` ցուցադրելով իր ատելությունը «Հրապարակի» հանդեպ: Ժողովրդավարության բաստիոնի մասին խոսող իշխանությունը երկիրը տանում է դեպի բռնապետություն:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն, ով երկար տարիներ Հանրային հեռարձակող խորհրդի` Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ է եղել, ասում է, որ «Հրապարակ» օրաթերթը դաշտում միակն է, որին ինքը հետևում է, ընթերցելով մեր թերթի բոլոր համարները, ավելին` լրագրողը պետք է տեսակետ ունենա եւ դա արտահայտելու խիզախություն. «Լրագրողը պետք է ունենա իր սեփական կարծիքը: Ի՞նչ է նշանակում վերաբերմունք չպետք է ունենա լրագրողը: Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ քաղաքացին պետք է կարծիք ունենա, իսկ լրագրողը` ոչ, այն դեպքում, երբ լրագրողը մնացած բոլորից առավել պատասխանատու քաղաքացի է: Լրագրողը հասարակական գործիչ է և չի կարող կոչվել լրագրող, եթե չունի կարծիք: Իսկական լրագրողը չի կարող լինել ուղղակի ինչ-որ մեկի ձայնագրիչը: Անտեսակետ լրագրողը ոչինչ է: Լրագրությունը բարձր որակի սկզբունքայնություն է պահանջում, որը միտված է հանուն հայրենիքի, ազգի ու պետության»,- ասում է գրողը:
Ժողովրդավար երկրում ընդդիմադիր հեռուստաընկերություններ են եթերից զրկվում.
«Ժողովրդավար երկրները չեն կարող դիմել նման բռնության: Ես խորապես ցավում եմ Հ2-ի և «Երկիր մեդիայի» համար, որոնք ունեն տեսակետ, ի վերջո, ազգային նկարագիր կա նրանց աշխատանքում: Նման հեռուստաընկերություններին եթերից զրկելը միանշանակ ազատ խոսքի նկատմամբ կոպիտ ճնշում է, հակազգային քայլ»: Սորոսական ՀԿ-ները փորձում են լռեցնել ազատ խոսքը, տարբեր օրենսդրական նախագծեր են քննարկում, մշակում. «Այդ սորոսականների վարքն ուղղակի անբարո վարք է: Ես իրենց մասին կարող էի ավելի կոպիտ արտահայտվել, սակայն չեմ կարող իջնել այնքան, որ հասնեմ իրենց մակարդակին: Դրանք մեր շահը կոպեկներով վաճառողներն են, ես զզվում եմ պարզապես դրանցից: Սորոսի լակոտներն ովքե՞ր են, որ մամուլը փորձեն կարգավորել: Դրանք աղտոտելուց բացի ի՞նչ կարող են անել, որտեղ հայտնվում են, միայն աղտոտում են»:
Իշխանություններն ու նրանց արբանյակները խոսում են լրագրողական էթիկայի եւ օբյեկտիվության մասին, Դուք հետևո՞ւմ եք Հանրային հեռուստաընկերության եթերին, օբյեկտի՞վ է Հ1-ն այսօր, հարցրեցինք մենք.
«Երբեմն պատահմամբ տեսնում եմ, թե ինչպես են նրանք սուտ խոսում ու դրանից հիվանդանում եմ: Ես հրաժարվեցի Հանրային հեռարձակող խորհրդի անդամ լինելուց, սակայն դեռ մեկուկես տարի ունեի ժամկետի լրանալուն, սակայն պատճառն այն էր, որ սարսափ զգացի` տեսնելով, թե ուր են տանում հեռուստատեսությունը: Հանրային հեռուստաընկերությունը երբեք այսքան քստմնելի չի եղել, ոչ մի իշխանության ժամանակ: Ինչպե՞ս կարող են այսքան հակազգային ու այսքան ստախոս լինել, անկեղծ ասած` ամաչում եմ իրենց փոխարեն: Խղճում եմ այնտեղ աշխատող լրագրողներին»- խոսքը եզրափակեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Կարծիքներ